2025 թվականը Հայաստանի տնտեսության համար ավարտվել է սպասվածից բարձր ցուցանիշներով։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 9.2%, իսկ իրական ՀՆԱ-ի աճը՝ 7.2%՝ էականորեն գերազանցելով պետական բյուջեի հիմքում դրված 5.1% կանխատեսումը։
2026 թվականը ևս մեկնարկել է բարձր ակտիվությամբ․ հունվարին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 7.6%-ով (2025թ. հունվարին՝ 7.3%)։ Սակայն այս ցուցանիշը ցածր է 2022–2024 թվականների հունվարի աճերից, ինչը վկայում է որոշակի դանդաղման մասին։
Աճի շարժիչները՝ արդյունաբերություն և ծառայություններ
2026թ. հունվարին տնտեսական ակտիվության աճին ամենամեծ նպաստումն ունեցել են արդյունաբերության և ծառայությունների ոլորտները՝ համապատասխանաբար 3.1 և 2.7 տոկոսային կետով։ Շինարարության և առևտրի ազդեցությունն ավելի համեստ է եղել՝ 1.3 և 0.4 տոկոսային կետ։
Արդյունաբերության աճը տարեսկզբին կազմել է 10.6%։ Թեև սա բարձր ցուցանիշ է, այն զգալիորեն զիջում է 2025-ի նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների միջին 35.2% աճին։ Չի բացառվում, որ արդյունաբերական ակտիվությունը պայմանավորված է ոսկու վերաարտահանմամբ և «հիմնական մետաղների արտադրություն» ենթաոլորտի աճով, սակայն վերջնական գնահատական հնարավոր կլինի տալ միայն ենթաոլորտային մանրամասն տվյալների հրապարակումից հետո։
Շինարարության ոլորտը տարվա առաջին ամսում արձանագրել է 18.7% աճ՝ շուրջ 7.1 տոկոսային կետով գերազանցելով նախորդ տարվա հունվարի ցուցանիշը։
Ծառայությունների ոլորտում աճը կազմել է 7.4%՝ նախորդ տարվա 12.2%-ի դիմաց, այսինքն՝ դանդաղել է։ Առևտրի ոլորտում աճը եղել է ընդամենը 0.7%՝ 2025թ. հունվարի 14.6% բարձր ցուցանիշից հետո։ Նման կտրուկ նվազումը կարող է պայմանավորված լինել բազայի էֆեկտով՝ նախորդ տարվա բարձր հիմքով։
Արտաքին առևտուր․ անկում արտահանման և ներմուծման մեջ
2026 թվականը մեկնարկել է արտահանման բացասական ցուցանիշով՝ 13.5% անկմամբ։ Հատկանշական է, որ նախորդ տարվա հունվարին ևս գրանցվել էր արտահանման անկում՝ 2024 թվականի չափազանց բարձր ցուցանիշների ֆոնին, որոնք մեծապես պայմանավորված էին ոսկու վերաարտահանմամբ։
Ներմուծման ծավալները ևս նվազել են՝ շուրջ 11.2%-ով։ Երկու դեպքում էլ անհրաժեշտ է սպասել դեզագրեգացված տվյալներին՝ անկման պատճառները ճշգրտելու համար։
Աշխատավարձեր և փոխարժեք
2025 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը ընդհանուր տնտեսությունում աճել է 5.6%-ով՝ կազմելով 303,140 դրամ։
Ոչ պետական հատվածում աճը եղել է 5.1% (327,604 դրամ), պետականում՝ 6.5% (239,369 դրամ)։ Պետական հատվածում աճի արագացումը տարվա վերջում, ըստ ամենայնի, պայմանավորված է դեկտեմբերյան պարգևավճարներով։
2026թ. հունվարին դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 4.7%-ով (միջին փոխարժեքը՝ 380 դրամ), մինչդեռ եվրոյի և ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է համապատասխանաբար 7.5% և 19.5%-ով։
Հարկային մուտքեր և պետական պարտք
Հունվարին հարկային եկամուտներն աճել են 7.8%-ով, ինչը զգալիորեն ցածր է նախորդ տարվա հունվարի և միջին ամսական աճերից։ Աճին հիմնականում նպաստել են եկամտային հարկը (19.0%), ԱԱՀ-ն (6.8%) և այլ հարկերը (76.3%)։
2026թ. հունվարից փոխվել է պետական պարտքի հաշվարկման մեթոդաբանությունը։ Կառավարության պարտքը այլևս չի ներառում պետական երաշխիքներն ու ԿԲ արտաքին պարտքը, փոխարենը ներառում է համայնքների պարտքը։ Նոր մոտեցմամբ՝ կառավարության պարտքը հունվարի վերջի դրությամբ կազմել է 14.1 մլրդ ԱՄՆ դոլար՝ մեկ ամսում աճելով 1.5%-ով։
Պետական գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է․ կարճաժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքը կազմել է 7.2%, երկարաժամկետինը՝ 8.1%՝ նախորդ տարվա համեմատ նվազման միտումով։
Գնաճ, ավանդներ և վարկեր
Գնաճը շարունակում է մնալ վերահսկելի միջակայքում։ 2025թ. միջին գնաճը կազմել է 3.3%, իսկ 2026թ. հունվարին՝ 3.8%՝ գտնվելով ՀՀ կենտրոնական բանկի 3% ±1% թիրախային միջակայքում։
Ավանդների աճը հունվարին արագացել է՝ հասնելով 17.2%-ի։ Աճը պայմանավորված է ինչպես ռեզիդենտների (18.6%), այնպես էլ ոչ ռեզիդենտների (12.3%) ավանդներով։ Առավել մեծ նպաստումն ունեցել են տնային տնտեսությունների ավանդները։
Վարկերի ընդհանուր ծավալը աճել է 21.7%-ով՝ զիջելով նախորդ տարվա միջին 26.8% աճին։ Իրավաբանական անձանց վարկերն աճել են 23.6%-ով, տնային տնտեսություններինը՝ 19.4%-ով։ Ամենաարագ աճը գրանցվել է սպառողական (28.4%), շինարարական (29.3%), ծառայությունների (20.5%) և հիպոթեքային (13.5%) վարկերի հատվածներում։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

