Սյունիքի տարածքով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի ամենազգայուն և հակասական թեմաներից մեկը։ Հանրային դաշտում շրջանառվում են տարբեր տեսակետներ՝ կապված արտաքին դերակատարների, ճանապարհային երթուղիների կառավարման կամ անվտանգության գործառույթների հետ։
Մի կողմից հնչում են հայտարարություններ առ այն, որ ԱՄՆ ծրագրում է «Թրամփի կամուրջ» կառուցել իր լիակատար վերահսկմամբ։ Մյուս կողմից՝ իշխանության ներկայացուցիչները հերքում են պետական գործառույթների փոխանցման որևէ հնարավոր տարբերակ և վստահեցնում՝ բոլոր որոշումները ընդունվելու են ինքնիշխանության պահպանման և փոխադարձության սկզբունքի հիման վրա։
Ամերիկյան սցենարի ապաշրջափակում․ իրականացումը՝ հետաձգված, բայց ոչ չեղարկված

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ամերիկյան սցենարի իրականացումը նախատեսված էր 2023 թվականի հունիսին, սակայն մի շարք պատճառներով այն հնարավոր չեղավ իրագործել սահմանված ժամկետներում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականին Հայաստանի իշխանությունները մաքսային համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ-ի հետ, որի գոյության մասին մինչ օրս պաշտոնապես չի հայտարարվել։ Աղաջանյանի պնդմամբ՝ այդ փաստաթղթի շրջանակում հայկական կողմը փաստացի համաձայնել է Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողությունը փոխանցել ամերիկյան կողմին։
«Այսօր մենք տեսնում ենք այդ համաձայնագրի դրույթների իրականացման առաջին տարրերը», — ընդգծել է նա։
Դիվանագետի պնդմամբ խոսքով՝ խոսքը միայն Մեղրիով անցնող ճանապարհի մասին չէ․ ծրագրերը շատ ավելի լայն են։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում հիշատակում էր 32 կմ երկարությամբ հատվածի մասին՝ առանց հստակեցնելու, թե հատկապես որ ճանապարհն է նկատի ունեցել։
«Եկեք հիշենք ադրբեջանական կողմի գործողությունները Ջերմուկի ուղղությամբ։ Դա փորձ էր ուժով ճեղքել այն միջանցքը, որը պետք է Սյունիքը բաժաներ երկու մասի։ Սակայն սահմանին դիմադրության, ինչպես նաև երկրի ներսում ծագած հասարակական դժգոհության ալիքների շնորհիվ այդ ծրագիրը այդ ժամանակ չիրականացավ», — հայտարարել է Աղաջանյանը։
Աղաջանյանի գնահատմամբ՝ առաջիկա 2–3 շաբաթվա ընթացքում սպասվում է իրավիճակի նոր սրացում ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ուկրաինական ճակատում։ Այս համատեքստում, ըստ նրա, Արևմուտքն առավելագույն արագությամբ փորձում է ապահովել Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային միջանցքի ստեղծումը, որն, ըստ նրա, կարող է օգտագործվել որպես հենակետ՝ Իրանի դեմ գարծողություններում։
Սակայն, ինչպես նշում է դեսպանը, նման սցենարը լուրջ մտահոգություններ է առաջացնում Թուրքիայում և Ադրբեջանում։ Այդ երկրները հասկանում են, որ նման զարգացումների դեպքում կներքաշվեն զինված հակամարտության մեջ, որի ելքը կանխատեսել հնարավոր չէ։ Հենց այդ պատճառով, Աղաջանյանի խոսքերով, Բաքուն և Անկարան փորձում են ամեն կերպ ձգձգել Սյունիքի ճանապարհի ապաշրջափակման գործընթացում որոշումների կայացումը։
Հայկական կողմը մերժել է Սյունիքում տարածքների երկարաժամկետ վարձակալության մասին ԱՄՆ առաջարկը

Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը վստահեցնում է, որ հայկական կողմը մերժել է ամերիկյան կողմի առաջարկը՝ Սյունիքում երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրել այն տարածքները, որտեղ պետք է կառուցվեն հաղորդակցման ուղիներ։
«Նման գաղափար ժամանակին առաջադրել էր ամերիկյան կողմը, սակայն այն մերժվեց, քանի որ մենք դրանում տեսանք ինքնիշխանության զիջման ռիսկեր։ Վարձակալության տրվող հողը կարող է սահմանափակվել հանրային օգտագործման համար՝ օրինակ, 20 տարով, որի ընթացքում վարձակալը իրավունք կունենա կառուցել օբյեկտներ և սահմանափաեկլ հասանելիությունը։ Միայն վարձակալության ժամկետի ավարտից հետո այդ օբյեկտները կանցնեն Հայաստանի սեփականություն։ Սակայն խոսքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների ու հաղորդակցությունների մասին է, որոնք հիմնարար կարևորություն ունեն Հայաստանի համար, ուստի նման տարբերակն անընդունելի էր մեզ համար», — հայտարարել է Եղոյանը Factor TV-ի եթերում։
Նա նշել է, որ հայկական կողմը չի պատրաստվում գնալ զիջումների այն հարցերում, որոնք առնչվում են ինքնիշխանությանը։ «Դա վերաբերում է, օրինակ, մաքսային վերահսկողությանը, սահմանային վերահսկողությանը, վերահսկողության մեխանիզմներին ընդհանրապես։ Խոսքը հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է, և այստեղ չի կարող լինել ընտրողական մոտեցում՝ ինչու՞ պետք է Վրաստանի հետ սահմանն ու ճանապարհները գործեն մի ձևաչափով, իսկ Ադրբեջանի հետ՝ մեկ այլ», — ընդգծել է պատգամավորը։

