Հայաստանում տեղի ունեցող զարգացումները հանդիսանում են 2018 թվականին սկիզբ առած ծրագրի շարունակությունը, որի նպատակն է երկրի ներսում հակակշիռ հանդիսացող բոլոր ինստիտուցիոնալ կառույցների հերթական ոչնչացումը։ Նման կարծիքի է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքով՝ սկսած 2018 թվականից և հատկապես 2020-ի պատերազմից հետո, իշխանությունները հետևողականորեն թուլացնում են այն կառույցները, որոնք կարող էին ընդդիմանալ, ձևավորել հանրային դիմադրություն կամ դառնալ հասարակական համախմբման առանցք։
Նա հիշեցրեց, որ քաղաքական դաշտը ավիրված է, ընդդիմությունը՝ թուլացած, իսկ հասարակական շարժումները բախվել են լուրջ հաշվեհարդարների։ Օրինակ բերելով «Սրբազան շարժումը» և դրա ակտիվ մասնակիցներին՝ Բեքարյանը նշեց, որ այսօր բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պայքարում էին ազգային արժեքների և ինքնիշխանության համար, ենթարկվում են բռնաճնշումների և գտնվում են կալանքի տակ։
Քաղաքագետը կարծում է, որ իշխանության գործողությունները նպատակաուղղված են կանխելու այն բոլոր հնարավոր կենտրոնները, որոնք կարող են հանրային ազդեցություն ունենալ։ Այդ համատեքստում, ըստ նրա, հատուկ ուշադրության է արժանանում նաև եկեղեցին․
«Եկեղեցին իրենց ընկալմամբ ունի այնպիսի պոտենցիալ, որը կարող է անակնկալներ ստեղծել։ Թեև այն միշտ չէ, որ գործել է մեզ ցանկալի ակտիվությամբ, իշխանությունը փորձում է նախահարձակ կերպով չեզոքացնել այդ պոտենցիալը»,– նշեց նա։
Բեքարյանի համոզմամբ՝ այստեղ միայն ներքաղաքական խնդիր չի լուծվում։ Հարցը նաև կապված է իշխանության ինքնուրույնության սահմանների և արտաքին կախվածության հետ․
«Մենք իրական պատկերացում չունենք՝ որքանով է այսօրվա իշխանությունը սուվերեն և որքանով է այն գտնվում թուրք–ադրբեջանական տանդեմի հարկադրանքի ներքո։ Դա բերում է նոր վտանգավոր գիծ՝ մեր ինքնության բոլոր բաղկացուցիչների՝ ազգային և արժեքային հիմքերի, հերթական ջախջախման ուղղությամբ»,– ասաց նա։
Նրա դիտարկմամբ՝ այս գործընթացը նպատակ ունի Հայաստանին դարձնել ինքնությունից զուրկ սպառող հասարակություն, որը կկորցնի իր մշակութային, հոգևոր և պետական դիմագիծը՝ ժողովրդին դարձնելով սպարող։
«Նրանց համար կարևոր չէ՝ այդ սպառողն ուր կլինի։ Եթե դա հանգեցնի զանգվածային արտագաղթի և երկրի լքման՝ նրանց համար դա նույնիսկ ցանկալի ելք կլինի»,– ընդգծեց Բեքարյանը։
Քաղաքագետը հավելեց, որ իշխանությունն այսօր նաև փորձում է պահպանել մշտական «հեղափոխական շոուի» մթնոլորտ՝ հանրային ուշադրությունը շեղելու նպատակով։
«Անընդհատ ձևավորվում է շոու։ Դրա նպատակն է շեղել ուշադրությունը իրական գործընթացներից՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ շուրջը»,– նշեց նա։
Բեքարյանի խոսքով՝ իշխանությունն այս մեխանիզմը կիրառում է 2018-ից ի վեր՝ մշտական «հեղափոխականության» տպավորություն պահպանելով․ սկզբում դա եղել է «տնտեսական հեղափոխություն», հետո՝ «դատաիրավական», իսկ այժմ՝ շարունակվող վերափոխումների անվան տակ նոր փուլեր են ձևավորվում։
«Ամեն անգամ, երբ նախորդ փորձը չի աշխատում, հորինվում է նոր հեղափոխական գիծ։ Այդպես են ոչնչացվում ազգային արժեքները, գաղափարական և ինստիտուցիոնալ տաբուները»,– եզրափակեց նա։

