Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսած իր արշավի շրջանակներում հանդես եկավ հերթական հրապարակային մեղադրանքով։ Ըստ նրա՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ Ամենայն Հայց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայրը, ՊԱԿ-ի (ԿԳԲ-ի) գործակալ է։ Նա պնդում է՝ իբր Եզրաս արքեպիսկոպոսը հավաքագրվել է հատուկ ծառայությունների կողմից դեռ Խորհրդային միության ժամանակ։
Որքանո՞վ են հիմնավոր նման պնդումները և իրականում ինչ գործընթաց է տեղի ունենում մեր երկրում իր կարծիքը հայտնեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
«ՊԱԿ-ի՝ պետանվտանգության կոմիտեի գործակալ լինելու-չլինելու բացահայտման բեռը պետական իշխանության վրա է։ Պարոն Փաշինյանը իշխանության գալուց հետո պարտավոր էր լյուստրացիա ձեռնարկեր», — ասաց Բարսեղյանը։ Նա նշեց, որ երկրի անվտանգության ուժեղացման և գործակալական ցանցերի ազդեցության թուլացման համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ։ Ըստ փորձագետի՝ համակարգային լուծում է․ լյուստրացիայով մաքրել համակարգը՝ զուգահեռաբար պաշտպանական համակարգեր ձևավորելով նաև հետագա հնարավոր գործակալական ազդեցություններից ապահովագրվելու համար։ Եվ այս գործընթացը պետք է վերաբերի բոլորին, այդ թվում իրավապահ համակարգին։
Սակայն, շարունակում է Բարսեղյանը, իշխանությունը վարում է կրակ մարելու մարտավարություն․ «Գլխավորները չի անում իշխանությունը և թողնում է դիպվածային կարգավորումների։ Տրամադրությունը փչանում է, ինչ-որ բանից ազդվում է, ինչ-որ հոգևորական թարս բան է ասում, վարչապետն էլ մայիսի 30-ին ելնում ոչ ուղղակի ձևով, բայց պատերազմ է հայտարարում որոշ հոգևորականներին։ Բայց դա ձև չէ, մեթոդ չէ»։ Վարչապետի ներկայիս պահվածքը անարդյունավետ կառավարչի տպավորություն է թողնում, պնդում է փորձագետը․ «Ահռելի ռեսուրս ունենաս, այն օգտագործելու փոխարեն հանդես գաս հրապարակախոս-լրագրողի դիրքերի՞ց։ Անհասկանալի է, իմաստը ո՞րն է»։
Հարցին համակարգային լուծում տալու փոխարեն իշխանությունը ընկել է կրոնական «հոգևորականների էթիկայի, իրենց կանոնակարգերի պահպանման, հսկման ետևից»։ «Հայոց բոլոր խնդիրները լուծե՞լ է, որ հիմա զբաղվում է պատարագներով կամ կուսակրոնության հարցերով։ Մեր վիճակում գտնվող երկրի թիվ մեկ պաշտոնյան բացի պետական գործերը ժամանակ ունի զբաղվելու կրոնական կազմակերպությունների նման հարցերո՞վ։ Ինչպե՞ս կարող է այս տեսակ խնդիրների մեջ գտնվող պետության թիվ մեկ դեմքը այդքան ժամանակ ունենա», — նշեց Բարսեղյանը։ Նա համոզված է, եթե գործող կաթողիկոսը հեռանա և գա իշխանության կողմից ընդունելի կաթողիկոս, իշխանությանը դժվար թե շարունակի հետաքրքրվել եկեղեցում ով է գործակալ, ով՝ ոչ, ով է հետևում կուսակրոնությանը, ով ՝ ոչ։
Նա պնդում է՝ շատ շատերին Հայաստանում չի հետաքրքրում կուսակրոնության հարցը, ծատ ավելի կարևոր խնդիրներ կան ՀԱԵ հետ կապված։ Պետություն-Եկեղեցի հարաբերությունները, Բարսեղյանի կարծիքով պատշաճ կերպ կարգավորված չեն։ «Կա Սահմանադրության այդ հայտնի դրույթը և մի օրենք՝ Հայ առաքելական եկեղեցու և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին օրենքը, որը բավականին թույլ է։ Այմ բոլորովին չի կարգավորում փոխադարձաբար իրար գործերի չմիջամտելու սահմանադրական դրույթը։ Միջամտելը պիտի ենթադրի ինչ-որ պատասխանատվություն», — ասաց Բարսեղյանը։ Ըստ նրա Վարչական իրավախախտումների օրենսգրքում և Քրեական օրենսգրքում անհրաժեշտ է պատասխանատվություն սահմանել սահմանադրական այդ դրույթը խախտելու մասին։
«Վարչական իրավախախտումների օրենսգրքով, երբ վարորդը մեքենայով հոծ գիծը հատել է, դա վարչական իրավախախտում է, դրա համար տուգանք կա սահմանված։ Ինչու՞ պիտի չլինեն այդ սահմանումները, որպեսզի և կրոնական կազմակերպությունները իրենց չափը իմանան և խախտելիս շատ հստակ օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվեն, և պետական պաշտոնյաները, համայնքային պաշտոնյաները իրենց չափը իմանան և կրոնական կազմակերպությունների գործերին միջամտելիս պատասխանատվության ենթարկվեն», ասաց Բարսեղյանը։
Նա նաև առաջարկում է զրկել ՀԱԵ մի շարք հարկային և մաքսային արտոնություններից՝ համարելով, որ աշխարհիկ պետությունում նման արտոնությունները տեղին չեն․ «Հայ Առաքելական Եկեղեցին անկախությունից ի վեր եղել է արտոնյալ բազմաթիվ բաղադրիչներով՝ հարկային, մաքսային, պետեկամուտների կոմիտեին տրվող հաշվետվությունների, աշխատողների գրանցման, ֆիսկալ հաշվետվողականության և այլն։ Այդպես չպիտի լինի աշխարհիկ պետության մեջ։ Այդպիսի արտոնյալներ չպիտի լինեն»։

