Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է «Երևանի համբույրը» վերնագրով տարակուսանք առաջացնող հայտարարություն՝ մեղադրելով Հայաստանին Մոսկվայից «պոկվելու» և Ուկրաինայից հացահատիկ գնելու մտադրության մեջ՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթ ունենալով անմիջապես մերժել է այդ մեղադրանքները՝ որակելով դրանք «բացարձակ աբսուրդ»: Սակայն Մոսկվան շուտով պատասխանել է նոր դիտարկմամբ. «ԱՀԾ-ը երբեք չի սխալվում», ինչը, ըստ էության, մեղադրանք էր արդեն Հայաստանի վարչապետի հասցեին։
Երկու երկրների միջև այս հայտարարությունների փոխանակումը ոչ միայն հեռու է դիվանագիտությունից, այլև կասկածի տակ է դնում թույլատրելի միջամտության սահմանները մեր երկրի ներքին գործերին:
Չմիջամտելու սկզբունքի խախտում
ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն (հոդված 2, կետ 7), ոչ մի պետություն իրավունք չունի միջամտել «այն հարցերին, որոնք էապես գտնվում են որևէ պետության ներքին իրավասության շրջանակներում»։ Հացահատիկի կամ որևէ այլ պարենային ռեսուրսի գնումը ազգային տնտեսական քաղաքականության հարց է, որը բացառապես ընկնում է ինքնիշխան պետության իրավասության ներքո։
Ավելին, Միջազգային իրավունքի սկզբունքների մասին 1970 թվականի հռչակագրում հստակորեն նշվում է, որ պետությունները «պարտավոր են ձեռնպահ մնալ այլ պետությունների տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքին միջամտությունից կամ միջամտության սպառնալիքից»։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հրապարակային հայտարարությունը, որը Հայաստանի կառավարության գործունեությունը դիտարկում է որպես «Մոսկվայից անջատում» և մեկնաբանում է այն որպես քաղաքական դեմարշ, գերազանցում է հետախուզական ծառայության մասնագիտական իրավասությունը և, ըստ էության, քաղաքական ճնշման փորձ է։
Այսպիսով, միջազգային իրավունքի տեսանկյունից, նման հրապարակային մեղադրանքները մեծապես դիտվում են որպես միջամտություն ներքին տնտեսական որոշումներին և ինքնիշխան պետության արտաքին տնտեսական քաղաքականության վրա ազդելու փորձ։
Որտե՞ղ է ավարտվում վերլուծությունը և սկսվում քարոզչությունը։
ԱՀԾ հայտարարության ոճն ինքնին ոչ պակաս հարցեր է առաջացնում։ «Երևանի համբույրը» վերնագիրն արդեն իսկ նմանվում է էժանագին հրապարակախոսության, ոչ թե հետախուզական ծառայության վերլուծական տեղեկանքի: Տեքստում օգտագործվում է բառապաշար, որը բացարձակ անտեղի է պետական մակարդակի պաշտոնական փաստաթղթում: Այս ամենը պաշտոնական հայտարարությունը վերածում է քաղաքական թռուցիկի՝ գրված խորհրդային երգիծանքի ոգով։
Պետական հետախուզության ծառայությունը՝ կառույց է, որն իր աշխատանքը պետք է կառուցի հետախուզական տվյալների վրա, այլ ոչ թե հրապարակախոսության։ Ըստ էության, սա վատ ձևակերպման հարց չէ, այլ միտումնավոր ընտրված ոճ, որը միտված է համապատասխան քաղաքական ֆոն և հասարակական արձագանք ստեղծելու։ Միջազգային հարաբերություններում նման հռետորաբանությունը մեկնաբանվում է որպես դիվանագիտական ագրեսիայի մի ձև, երբ փաստարկների փոխարեն օգտագործվում են հեգնանք ու գործընկերոջ նվաստացումը։
Երկու խոսք դավաճանության մասին. հացահատիկն ընդդեմ զենքի
Հացահատիկի շուրջ այս աղմուկը ավելի մեծ տարակուսանք է առաջացնում հատկապես Ռուսաստանի կողմից տարիներ շարունեկ Ադրբեջանին զենք վաճառելու ֆոնին։ Մոսկվան, որն այսօր խոսում է հավատարմության և դաշնակցային հարաբերությունների մասի, զենք էր մատակարարում այն պետությանը, որը բացահայտ սպառնում էր ուժ կիրառել Հայաստանի և Արցախի դեմ և ի վերջո այդ զենքն օգտագործեց: Սակայն, երբ Երևանը Ադրբեջանին զենք վաճառելու գործարքների անընդունելիության մասին էր խոսում, Մոսկվան կրկին հեգնում էր՝ պատասխանելով. «սա բիզնես է»:
Այժմ, երբ խոսքը վերաբերում է ՀՀ-ի կողմից պարենային մթերքի մատակարարման աղբյուրների հիպոթետիկ դիվերսիֆիկացմանը, Մոսկվայի տոնայնությունը փոխվում է. հացահատիկը վերածվում է «դավաճանության խորհրդանիշի»։
Մինչդեռ, խնդրի իրական մասշտաբները նվազագույն են։ Մինչև 2022 թվականը Հայաստանը իր հացահատիկի մոտ 10%-ը գնում էր Ուկրաինայից, իսկ մնացածը՝ Ռուսաստանից։ Նույնիսկ եթե Հայաստանը ամբողջությամբ անցնի ուկրաինական հացահատիկի, ծավալը կկազմի տարեկան 180,000-200,000 տոննա։ Համեմատության համար Ուկրաինայի միջին համաշխարհային արտահանման ծավալը 15-18 միլիոն տոննա է։ Սա նշանակում է, որ Հայաստանի բաժինը կկազմեր ուկրաինական արտահանման մոտավորապես 1.0-1.3%-ը։
Ավելին, Հայաստանը հացահատիկի վրա ծախսում է միջինը 36-44 միլիոն դոլար։ Եթե ՌԴ ԱՀԾ-ի տվյալները ճիշտ են, և ուկրաինական հացահատիկը 50%-ով ավելի թանկ է ռուսականից, ապա ուկրաինական հացահատիկի ներմուծման լրիվ անցման դեպքում Հայաստանը կծախսի մոտ 54-66 միլիոն դոլար տարեկան։ Այս գումարը ակնհայտորեն բավարար չէ «Ուկրաինային դավաճանաբար մինչև ատամները զինելու համար»։ Forbes-ի տվյալներով՝ Ուկրաինայի տարեկան պաշտպանական բյուջեն գնահատվում է 30-126 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ Հայաստանին հացահատիկի վաճառքից ստացված շահույթը կկազմի Ուկրաինայի ռազմական բյուջեի մինչև 1%-ը։ Այլ կերպ ասած, նույնիսկ եթե Հայաստանը ամբողջությամբ անցնի ուկրաինական հացահատիկի, դա որևէ ազդեցություն չի ունենա Ուկրաինայի ռազմական ներուժի վրա: Ի դեպ, նույնը չէր կարելի ասել Ադրբեջանին ժամանակին վաճառվող ռուսական զենքի մասին։
Ռուսաստանի համար հայկական շուկայում իր դիրքերի պահպանումն ավելի շատ քաղաքական և տնտեսական հարց է, քան գործնական։ Տարածաշրջանում ազդեցությունը պահպանելը դիտվում է որպես անվտանգության հարցերի և Հարավային Կովկասում զարգացումների նկատմամբ վերահսկողության հետ կապված ավելի լայն ռազմավարության մի մաս։ Սակայն, ռուսական իշխանությունների կողմից նման ցածրորակ հայտարարությունները, կոպիտ և ողջ հայ հասարակության վրա տարածվող գնահատականները իրականում հակառակ ազդեցությունն են ունենալու՝ խորացնելու են հայ հասարակության մեջ «Մոսկվայից պոկվելու» ցանկությունները, Հայաստանի իշխանություններն էլ իրենց գանձարանում կունենան ևս մեկ փաստարկ՝ հօգուտ արտաքին քաղաքականության վեկտորը փոխելու իրենց քաղաքականության։

