Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները Հայաստանի հասցեին նոր չեն և պետք է դիտարկել ավելի լայն ռազմավարական համատեքստում։ Այս կարծիքն է հայտնում քաղաքագետ Արման Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի կոշտ հռետորաբանությունը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով Երևանի վարած քաղաքականությունը վերջին տարիներին, սակայն այն մեծապես կապված է Իրանի դեմ գործողությունների հետևանքով ստաղծվոծ իրավիճակով։
Քաղաքագետը նշում է, որ արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը բավական բացահայտ կերպով փորձում է վերանայել իր արտաքին քաղաքական կողմնորոշումը։
«Երբ Ռուսաստանի հարևանությամբ գտնվող երկրները որդեգրել են նման քաղաքականություն, նրանք միշտ հանդիպել են Մոսկվայի դիմադրությանը։ Հետևաբար, տարօրինակ կլիներ, եթե Հայաստանի դեպքում այլ կերպ լիներ», — ընդգծում է Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ՝ Պուտինի հայտարարությունները պետք է ընկալել ոչ թե որպես առանձին միջադեպ, այլ որպես ուղերձ՝ կապված Հայաստանի հնարավոր աշխարհաքաղաքական վերադասավորման հետ։
Քաղաքագետի խոսքով՝ խոսքը Եվրամիությանն անդամակցելու հեռանկարների մասին չէ, քանի որ արդամակցությունը ներկայումս բավական մշուշոտ է և ավելի շատ տեսական բնույթ ունի։ Ռուսաստանի համար անընդունելի է նույնիսկ այն, որ Հայաստանը փորձում է խորացնել համագործակցությունը արևմտյան գործընկերների հետ՝ ներառյալ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները։
«Տարբեր ձևաչափերով քննարկումներ են ընթանում՝ անվտանգությունից մինչև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար։ Այս ընդհանուր ռազմավարական գիծն է, որ առաջացրել է Ռուսաստանի արձագանքը», — նշում է նա։
Գրիգորյանի համոզմամբ՝ հայաստանյան իշխանությունների այս քաղաքական գիծը նոր չէ, և Ռուսաստանի վերջին կոշտ հայտարարությունները մեծապես պայմանավորված են նաև տարածաշրջանային իրավիճակի փոփոխություններով։ Մասնավորապես, նա չի բացառում, որ Մոսկվայի հռետորաբանության սրացումը կապված է Իրանի շուրջ զարգացումների հետ, որոնք ազդում են ողջ տարածաշրջանի ուժերի հավասարակշռության վրա։
«Ռուսաստանը նախկինում փորձում էր նման ուղերձները փոխանցել ավելի մեղմ ձևակերպումներով, բայց հիմա մենք տեսնում ենք ավելի բաց և կոշտ հայտարարություններ», — ասում է քաղաքագետը։

