Հայաստանի իշխանությունները սպառազինությունների ձեռքբերման հարցում գնացել են սխալ ուղղությամբ՝ ձեռք բերելով դրանք ավելի թանկ, քան նախկինում: Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ ընդգծելով, որ այդ որոշումները ոչ միայն ֆինանսական վնաս են հասցրել պետությանը, այլև լուրջ ռիսկեր են ստեղծել բանակի մարտունակության համար:
Չփորձարկված սպառազինություն
Փորձագետի խոսքով՝ այսօր շատերը տեսնում են ձեռք բերված մեծ ու գեղեցիկ սարքավորումներ, սակայն չեն հասկանում դրանց իրական արժեքն ու սահմանափակումները: Մասնավորապես, Հնդկաստանից բերված զենքը երբեք չի փորձարկվել պատերազմական պայմաններում: Հայաստանում տարիներ շարունակ չեն անցկացվում լիարժեք զորավարժություններ, որոնք մոտեցված լինեն մարտական իրավիճակներին, որպեսզի անձնակազմը ձեռք բերի անհրաժեշտ հմտություններ այս սպառազինությունների ագտագործման հարցում:
«Սպառազինությունը զորավարժություններում չի օգտագործվել, հետևաբար հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի հայկական բանակում այն լիովին ներդնելու և անձնակազմը պատրաստելու համար», — նշել է Ջամալյանը:
Ռազմամթերքի մատակարարմսն խնդիր
Նրա խոսքով՝ մեկ այլ լուրջ խնդիր է ռազմամթերքի մատակարարումը: «Ֆրանսիայից ձեռք բերված հակաօդային պաշտպանության միջոցների դեպքում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հրթիռների մատակարարման հարցով դեռ պետք է բանակցություններ տարվեն: Ֆրանսիայի ռազմական արդյունաբերության հզորությունները սահմանափակ են, պատվերները շատ են, և Հայաստանը գտնվում է ցուցակի վերջում: Արդյունքում կարող է անհրաժեշտ լինել 15 տարի կամ ավելի սպասել հրթիռների պատրաստման և առաքման համար», — նշեс Ջամալյանը:
Փորձագետը շեշտում է՝ նույնիսկ եթե հրթիռները պատրաստվեն, դրանց տեղ հասցնելու միակ ճանապարհը Վրաստանի տարածքով է անցնում: Սակայն Վրաստանը պատերազմի ժամանակ բազմիցս փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար: Այսինքն՝ այդ կայանները կարող են մնալ առանց հրթիռների կամ շատ դրանց սահմանափակ քանակությամբ, հավաստիացնում է նա:
Հնդկական զենքի ռազմամթերքը, իր հերթին, գալիս է հիմնականում Իրանի տարածքով: Ջամալյանի գնահատմամբ՝ հնդիկական կողմի համար Հայաստանի հետ համագործակցությունը «մաքուր կոմերցիա է», ուստի պատերազմական իրավիճակում անխափան մատակարարում երաշխավորված չէ: Եթե Իրանում որևէ խնդիր առաջանա կամ հյուսիսային շրջանները հայտնվեն Թուրքիայի ազդեցության տակ, ճանապարհը լիովին կփակվի: Նույնիսկ Իրանի կայունության պարագայում հնդիկական կողմը լրացուցիչ ռիսկեր իր վրա չի վերցնի:
Փորձագետի գնահատմամբ՝ այն, ինչ ցուցադրվում է և դեռ ցուցադրվելու է հանրությանը կամ ընդհանրապես չի կրակելու, կամ պատերազմի ժամանակ կկրակի առավելագույնը 10%-ով՝ ռազմամթերքի սղության պատճառով: Այս ամենը, ըստ նրա, պետական միջոցների վատնման դասական օրինակ է և վտանգավոր գործընթաց, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի պաշտպանունակության համար:
Ջամալյանի այս գնահատականները հիմնված են տարածաշրջանային քաղաքականության, լոգիստիկայի և ռազմական արդյունաբերության իրական հնարավորությունների վերլուծության վրա: Նման քննադատությունները հերթական անգամ բարձրացնում են հարցը՝ արդյոք Հայաստանի սպառազինության դիվերսիֆիկացիան ընթանում է արդյունավետ և անվտանգ ճանապարհով:

