Եվրոպական միության կողմից հաստատված նոր ՝ առաքելության տեղակայումը, հաշվի առնելով ԵՄ բյուրոկրատական գործընթացների բարդությունն ու տևականությունը, արդեն ինքնին խոսում է դրա հրատապության և Հայաստանի համար կարևորության մասին։ Նման կարծիքի է «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ հիբրիդային սպառնալիքները համաշխարհային բնույթ են կրում։ Աբրահամյանը հիշեցրեց, որ դեռ երկու-երեք տարի առաջ Եվրամիությունը որոշեց դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ արձագանքելով անվտանգության առաջնային խնդիրներին։ Այժմ, նրա խոսքով, նույն հստակությամբ սահմանվում է նաև հիբրիդային սպառնալիքների կարևորությունը։
Հիբրիդային պատերազմ՝ զենքից դուրս
Աբրահամյանի դիտարկմամբ՝ հիբրիդային սպառնալիքները հաճախ թերագնահատվում կամ նույնիսկ ծաղրվում են, ինչը ինքնին կարող է դիտարկվել որպես դրանցից մեկը՝ փորձ նվազեցնելու դրանց կարևորությունը։ Սակայն իրականում դրանք դարձել են ժամանակակից անվտանգության առանցքային բաղադրիչներից մեկը։
Նա բացատրում է, որ այսօր պատերազմը չի սահմանափակվում միայն սահմանով և զինված բախումներով։ Կոգնիտիվ պատերազմները՝ ուղղված հասարակության գիտակցության և վարքագծի վրա ազդեցությանը, ունեն լուրջ հետևանքներ։
«Կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը, մարդկանց անընդհատ տագնապի մեջ պահելը կարող են հանգեցնել վարքագծային փոփոխությունների»,— նշում է նա։
Որպես օրինակ՝ Աբրահամյանը հիշեցնում է մի քանի տարի առաջ Երևանում տարածված կեղծ ահազանգերը՝ տարբեր հաստատություններում իբր ռումբերի տեղադրման մասին։ Նրա խոսքով՝ այդ գործողությունների նպատակը ոչ միայն իրավապահ մարմինների զգոնությունը թուլացնելն էր, այլև հասարակության մեջ մշտական անկայունության և վախի մթնոլորտ ձևավորելը։
«Մարդկանց մոտ ձևավորվում էր զգացողություն, որ նրանք ապրում են քաոսային, անապահով երկրում, որտեղ պետական մարմինները չեն աշխատում»,— ընդգծում է նա։
Ապատեղեկատվություն և արտագաղթի խթանում
Աբրահամյանի խոսքով՝ նման տեղեկատվական ազդեցությունները հաճախ ունենում են երկարաժամկետ նպատակներ։ Դրանցից մեկը, նրա գնահատմամբ, արտագաղթի խթանումն է՝ մարդկանց մոտ ձևավորելով հուսահատություն և անվստահություն սեփական երկրի նկատմամբ։
Աբրահամյանի խոսքով՝ հիբրիդային սպառնալիքների ուժեղացման հիմնական պատճառներից մեկը սոցիալական ցանցերի ազդեցության աճն է։ Այսօր մարդիկ տեղեկատվության մեծ մասը ստանում են հենց այդ հարթակներից, այլ ոչ թե ավանդական մեդիայից, ինչը հեշտացնում է մանիպուլյացիաները։
Այս պայմաններում, ըստ նրա, ապատեղեկատվության դեմ պայքարը դառնում է առաջնային խնդիր, իսկ դրա համար անհրաժեշտ են ինչպես տեխնիկական, այնպես էլ մարդկային ռեսուրսների զարգացում։
Ընտրություններ և կիբերանվտանգություն
Աբրահամյանը հատուկ անդրադառնում է ընտրական գործընթացներին՝ նշելով, որ հիբրիդային սպառնալիքները կարող են հատկապես ակտիվանալ նախընտրական և ընտրական փուլերում։
Նրա խոսքով՝ հնարավոր են կիբերհարձակումներ ընտրական համակարգերի վրա, տվյալների արտահոսք կամ տեխնիկական խափանումներ, որոնք կարող են օգտագործվել ընտրությունների նկատմամբ անվստահություն ձևավորելու համար։
«Արդեն իսկ տարածվում են խոսույթներ, թե ընտրություններով հնարավոր չէ որևէ բան փոխել, կամ որ դրանք կեղծվելու են։ Այդ թեզերը կարող են «հաստատվել» արհեստականորեն ստեղծված տեխնիկական խնդիրների միջոցով»,— նշում է նա։
Նա ընդգծում է, որ նման ռիսկերը վերաբերում են ոչ միայն ընտրություններին, այլև ազգային անվտանգությանն ընդհանրապես, քանի որ խոսքը նաև անձնական տվյալների պաշտպանության մասին է։
Դիմադրողականության բարձրացում՝ որպես առաջնահերթություն
Աբրահամյանի գնահատմամբ՝ ԵՄ նոր առաքելությունը կարևոր է հենց Հայաստանի դիմադրողականության բարձրացման տեսանկյունից։«Այսօր պատերազմ է նաև տեղեկատվական դաշտում, հասարակության հոգեբանական վիճակի վրա ազդեցության մակարդակում»,— ասում է նա։
Նրա խոսքով՝ ապատեղեկատվական հոսքերի, կիբերհարձակումների և բոտային ցանցերի ակտիվությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է, թեև նման գործիքակազմերը նոր չեն և կիրառվել են նաև նախորդ տասնամյակներում։
Աբրահամյանը ընդգծում է, որ Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը և պատրաստ լինի երկարաժամկետ դիմակայության, քանի որ հիբրիդային սպառնալիքները շարունակական բնույթ են կրելու։

