ՀՀ տնտեսությունը՝ աճ և գերտաքացման ազդանշաններ. ի՞նչ է թաքնված թվերի հետևում

2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունը վստահ աճ է դրսևորել. տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մարտին դինամիկան էլ ավելի տպավորիչ էր՝ +11,6% փետրվարի նկատմամբ և 6,6% տարեկան կտրվածքով։ Սակայն այս թվերի հետևում թաքնված է բարդ և հակասական պատկեր, որտեղ արագ աճը համակցված է անհավասարակշռության նշանների հետ։

Առաջին հերթին կարևոր է հասկանալ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը ոչ թե բուն համախառն ներքին արդյունքն է, այլ դրա օպերատիվ ինդիկատորը, որը ձևավորվում է հիմնական ոլորտների դինամիկայից։ Դրա աճը միշտ չէ, որ նշանակում է կայուն զարգացում. այն կարող է ձևավորվել առանձին «գերտաքացած» սեգմենտների հաշվին։ Դատելով տվյալների կառուցվածքից՝ հենց դա էլ տեղի է ունենում հիմա։

Շինարարությունը՝ որպես հիմնական դրայվեր

Աճի գլխավոր շարժիչ ուժը դարձել է շինարարությունը: Այս ոլորտում ծավալներն աճել են 22%-ով տարեկան կտրվածքով, իսկ մարտին՝ միանգամից 34,4%-ով՝ փետրվարի համեմատ։ Նման տեմպերը հազվադեպ են սահուն զարգացման նշան լինում։ Ավելի հաճախ դրանք մատնանշում են ակտիվության կտրուկ պոռթկում՝ կա՛մ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի, կա՛մ մասնավոր ներդրումների ակտիվացման հաշվին։ Կարճաժամկետ հեռանկարում սա խթանում է ընդհանուր աճը, բայց երկարաժամկետ կտրվածքով կարող է նշանակել ռիսկերի կուտակում. շինարարության ոլորտը ավանդաբար զգայուն է պահանջարկի և ֆինանսական հոսքերի տատանումների նկատմամբ։

Արդյունաբերություն և գյուղատնտեսություն

Արդյունաբերությունը ցույց է տալիս ավելի կայուն, բայց նույնպես հակասական դինամիկա։ Հունվար-մարտ ամիսներին ծավալներն աճել են 13,4%-ով, ինչը լավագույն արդյունքներից է բոլոր ոլորտների մեջ։ Սակայն արդեն մարտին արձանագրվել է 2% անկում՝ փետրվարի համեմատ։ Սա ինքնին կրիտիկական չէ, բայց կարևոր է որպես ազդանշան. արդյունաբերական աճը սկսում է կորցնել թափը։ Եթե այս միտումը շարունակվի, ընդհանուր տնտեսական ցուցանիշը կարող է սկսել դանդաղել արդյունաբերության հետևից։

Այս ֆոնին առանձնապես նկատելի է անկումը գյուղատնտեսության ոլորտում՝ -5,2% նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Սա միակ խոշոր ճյուղն է, որը բացասական դինամիկա է դրսևորել։ Նման անկումը հազվադեպ է պատահական լինում. այն կարող է կապված լինել ինչպես եղանակային պայմանների, այնպես էլ ավելի խորը կառուցվածքային խնդիրների հետ՝ ներդրումների պակասից մինչև ցածր արտադրողականություն։ Ցանկացած դեպքում, ագրարային արտադրության կրճատումը գրեթե անխուսափելիորեն ճնշում է գործադրում ներքին շուկայի վրա՝ ուժեղացնելով կախվածությունը սննդամթերքի ներկրումից։

Առևտուր և ծառայություններ

Առևտրի ոլորտը դրսևորում է զուսպ աճ՝ ընդամենը 2,1% եռամսյակի համար։ Ընդ որում, մարտյան ցուցանիշը տարեկան կտրվածքով գրեթե անշարժ է մնացել։ Սա ընդհանուր պատկերի կարևոր նրբերանգ է. սպառողական պահանջարկը, որը հաճախ ծառայում է որպես տնտեսական աճի հենասյուն, սկսում է դանդաղել։ 

Ծառայությունները ավելի վստահ տեսք ունեն՝ +7,4% եռամսյակի ընթացքում և 7,8% մարտին՝ տարեկան կտրվածքով։ Սա կարող է վկայել տնտեսության աստիճանական տրանսֆորմացիայի մասին դեպի սպասարկման մոդել, սակայն առանց ուժեղ սպառողական պահանջարկի այս հատվածը նույնպես դանդաղման վտանգի տակ է։

Գնային դինամիկա և էներգետիկա

Առանձնահատուկ ուշադրության է արժանի գնային դինամիկան։ Սպառողական գնաճը կազմել է 4,2%, մինչդեռ արդյունաբերական արտադրանքի գները աճել են 9,2%-ով։ Այս ճեղքվածքը տնտեսության ներկա վիճակի առանցքային ազդանշաններից մեկն է։ Այն նշանակում է, որ արտադրողներն արդեն բախվում են ծախսերի աճի հետ, բայց դեռևս ամբողջությամբ չեն փոխանցում դրանք վերջնական սպառողին։ Նման իրավիճակներում սովորաբար հնարավոր է երկու սցենար՝ կա՛մ բիզնեսը սկսում է կորցնել շահութաբերությունը, կա՛մ սպառողական մակարդակում գնաճը արագանում է ուշացումով։

Էլեկտրաէներգիայի արտադրության աճը ևս մեկ կարևոր ինդիկատոր է, որը հաճախ մնում է ստվերում։ Առաջին եռամսյակում այն աճել է 7,7%-ով։ Սա անուղղակիորեն հաստատում է, որ տնտեսական ակտիվությունն իսկապես աճում է, այլ ոչ թե սոսկ վիճակագրական էֆեկտ է։ Էներգիայի սպառումն ուղղակիորեն կապված է ձեռնարկությունների ծանրաբեռնվածության, տրանսպորտային ակտիվության և ընդհանուր գործարար կյանքի մակարդակի հետ։

Արտաքին առևտուր և վերաարտահանման մոդելը

Արտաքին առևտուրն այս պատկերին ավելացնում է անկայունության տարր։ Եռամսյակի կտրվածքով ծավալն աճել է 4,6%-ով, սակայն մարտին գրանցվեց զգալի անկում. արտահանումը կրճատվել է 12,6%-ով տարեկան կտրվածքով, իսկ ներմուծումը՝ 3,2%-ով։ Որոշ չափով սա կարելի է բացատրել արտաքին գործոններով՝ Մերձավոր Արևելքում պատերազմական գործողություններով, որոնց պատճառով առաջացան լրացուցիչ լոգիստիկ խնդիրնել, սակայն նման մեկնաբանությունը ամբողջական չէ։

Վերջին տարիներին Հայաստանի արտաքին առևտրային աճը մեծապես հենվում էր վերաարտահանման գործառնությունների վրա։ 2022 թվականից հետո երկիրը դարձավ կարևոր տարանցիկ օղակ դեպի Ռուսաստան ապրանքների մատակարարման հարցում, ինչը կտրուկ մեծացրեց թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ցուցանիշները։ Այդ աճի զգալի մասը կապված չէր ներքին արտադրության և սպառման հետ, այլ արտացոլում էր արտաքին հոսքերի վերաբաշխումը։

Զուգահեռաբար արձանագրվում էր մատակարարումների աճ դեպի Արաբական Միացյալ Էմիրությունները՝ նախևառաջ թանկարժեք մետաղների և այլ բարձր իրացվելի ապրանքների կատեգորիաներով։ Փորձագիտական շրջանակներում այս հոսքերի մեծ մասը նույնպես դիտարկում էին որպես ՌԴ-ից Էմիրություններ ավելի լայն տարանցիկ սխեմայի մաս։

Այնուամենայնիվ, արդեն 2025 թվականին այս գործոնների ազդեցությունը սկսեց թուլանալ, ինչը շատերը կապում էին Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական քայլերի և դեպի Արևմուտք շրջադարձի հետ։ Մերձավոր Արևելքի իրադարձությունները դարձան երկրորդ հարվածն այս սխեմային։ Այսպիսով, այն մոդելը, որտեղ աճն ապահովվում էր վերաարտահանման գործառույթով, վերջնականապես կորցրեց իր արդյունավետությունը։

Արտարժույթի փոխարժեքը 

Այս ֆոնին արտարժույթւ փոխարժեքը մնում է հարաբերականորեն կայուն՝ եռամսյակի կտրվածքով միջինը մոտ 378 դրամ մեկ դոլարի դիմաց։ Սա մակրոտնտեսական հավասարակշռության զգացողություն է ստեղծում, սակայն փոխարժեքի կայունությունը մեծապես կախված է արտահանման հասույթների կայունությունից։ Եթե արտաքին առևտուրը շարունակի նվազել, ճնշումը արժութային շուկայի վրա կարող է ուժեղանալ։

Արդյունքում, 2026 թվականի սկզբին Հայաստանի տնտեսությունը աճում է, բայց այդ աճը հեռու է հավասարակշռված լինելուց։ Արագ աճն ապահովվում է նախևառաջ շինարարության և արդյունաբերության հաշվին, մինչդեռ գյուղատնտեսությունը կրճատվում է, իսկ առևտուրը կորցնում է թափը։ Գնային ճնշումը կուտակվում է արտադրողների մակարդակում, իսկ արտաքին առևտուրը մնում է զգայուն աշխարհաքաղաքականության նկատմամբ։ Այս համակցությունը կրիտիկական չէ, բայց պահանջում է ուշադիրություն և հետևողական աշխատանք. ընթացիկ միտումների պահպանման դեպքում տնտեսական աճը կարող է դանդաղել արդեն առաջիկա եռամսյակներում՝ անցնելով ադապտացիայի ավելի բարդ փուլ։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top