Վաշինգտոնը փոխել է իր մարտավարությունը Իրանի նկատմամբ և անցել նոր ճնշման մեթոդների` «անակոնդայի քաղաքականությանը»։ Նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ վերլուծելով ԱՄՆ-ի վերջին քայլերն ու հայտարարությունները Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի։
Վարդանյանի խոսքով՝ նախկինում ԱՄՆ-ը փորձում էր ռազմական ուժի՝ հրթիռային հարվածների և ռմբակոծությունների միջոցով ստիպել Իրանին գնալ բանակցությունների և ստորագրել համաձայնագիր, սակայն այդ ռազմավարությունը արդյունք չտվեց։ Նրա գնահատմամբ՝ թեև Իրանին հասցվել են զգալի վնասներ, այդ թվում՝ ռազմական և քաղաքական ղեկավարության կորուստներ և ենթակառուցվածքների վնասում, սակայն իրանական պետությունը չի փլուզվել և պահպանել է իր կառավարման համակարգը։
Իրանագետը նշել է, որ Իրանը ցուցաբերել է բարձր դիմադրողականություն և կարողացել է դիմակայել երկարատև հակամարտության պայմաններում՝ պահպանելով պետական կայունությունը։ Միևնույն ժամանակ, ըստ Վարդանյանի, ԱՄՆ-ն ևս կրել է զգալի կորուստներ. ռազմական գործողությունների ընթացքում օրական ծախսվել են միլիարդավոր դոլարներ, ինչպես նաև արձանագրվել են զինտեխնիկայի մեծ կորուստներ։
Նա հիշեցրեց Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների մասին, որոնց հետևանքով ոչնչացվել են թանկարժեք ռադարային համակարգեր և խոցվել մի քանի ինքնաթիռներ։ Վարդանյանի գնահատմամբ՝ այս իրավիճակից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է մոտեցումը՝ անցնելով ավելի երկարաժամկետ և ոչ անմիջական ռազմական ճնշման ռազմավարության։
Ըստ նրա՝ այժմ կիրառվում է այսպես կոչված շրջափակման քաղաքականություն, որի նպատակն է բազմակողմանի ճնշման միջոցով սահմանափակել Իրանի հնարավորությունները։ Իրանագետը ընդգծել է, որ այդ ռազմավարության հիմնական նպատակներից մեկը Իրանի տնտեսության առանցքային ոլորտի՝ նավթի արտահանման սահմանափակումն է։
Քանի որ Իրանի հիմնական եկամուտները ձևավորվում են նավթի վաճառքից, որը իրականացվում է նավթատար տանկերների միջոցով, ԱՄՆ-ը փորձում է վերահսկողություն և ճնշում գործադրել հենց այդ շղթայի վրա։
Վարդանյանի խոսքով՝ նոր մոտեցումը Վաշինգտոնի համար համեմատաբար ավելի «անվնաս» տարբերակ է, քանի որ նվազեցնում է ուղղակի ռազմական ներգրավվածությունը՝ շարունակելով պահպանել ճնշման մեխանիզմները Իրանի նկատմամբ։

