2025 թվականի վիճակագրական տվյալները Հայաստանում արձանագրում են մտահոգիչ միտումներ՝ հատկապես կանանց և անչափահասների շրջանում։ Թվերը ոչ միայն արտացոլում են առկա իրավիճակը, այլև հստակ ազդակ են տալիս՝ հասկանալու, թե ինչ ուղղությամբ են զարգանում սոցիալական և քրեական գործընթացները երկրում։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ դատախազության 2025 թվականի հաշվետվության վերլուծությունը ցույց է տալիս, որ դատապարտված անչափահասների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Եթե 2024 թվականին քրեական հոդվածներով դատապարտվել էր 19 անչափահաս, ապա 2025-ին այդ թիվը հասել է 34-ի։ Այս աճը, ըստ փորձագետի, լուրջ մտահոգության տեղիք է տալիս և պահանջում է խորքային վերլուծություն։
Բռնության աճ և նոր ռիսկեր
Հովհաննիսյանը հատուկ ընդգծում է, որ խոսքը միայն թվերի ավելացման մասին չէ․ առավել վտանգավոր է այն հանգամանքը, որ անչափահասների շրջանում աճել են հենց բռնությամբ ուղեկցվող հանցագործությունները։ Սա վկայում է ոչ միայն սոցիալական խնդիրների խորացման, այլև կանխարգելիչ մեխանիզմների թուլացման մասին։
Նրա խոսքով՝ խնդիրը ավելի է բարդանում, երբ այս միտումները դիտարկվում են անչափահասների ներգրավվածության ֆոնին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Արդեն կան դեպքեր, երբ անչափահասները ոչ միայն ներգրավված են նման գործունեության մեջ, այլև դատապարտված են և նույնիսկ անցնում են թմրամիջոցներից կախվածության բուժման երկարատև գործընթացներ։
Իրավապաշտպանը նշում է, որ ստեղծված իրավիճակը վկայում է համակարգային խնդիրների մասին։ Նրա գնահատմամբ՝ ինչպես անչափահասների, այնպես էլ կանանց խնդիրները հաճախ դուրս են մնացել պատշաճ ուշադրությունից, իսկ անհրաժեշտ կանխարգելիչ և կրթական միջոցառումները չեն իրականացվել բավարար չափով։
Հովհաննիսյանը հիշեցնում է, որ անչափահասները այն տարիքային խումբն են, որոնք գտնվում են պետության անմիջական վերահսկողության ներքո՝ հատկապես կրթական համակարգի միջոցով։ Հետևաբար, պետությունը ունի գործիքակազմ՝ նրանց զերծ պահելու հանցավոր վարքագծից և տարբեր ռիսկային միջավայրերից։ Սակայն առկա միտումները ցույց են տալիս, որ այդ հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվել։
Ընտանիքից մինչև վիրտուալ միջավայր․ վարքագծի ձևավորման շղթան
Իրավապաշտպանը շեշտում է, որ անչափահասների վարքագիծը ձևավորվում է մի քանի փոխկապակցված միջավայրերում, և դրանցից առաջնայինը ընտանիքն է։ Նրա խոսքով՝ երեխաները վաղ տարիքից կրկնօրինակում են այն վարքը, որը տեսնում են իրենց շրջապատում, և հատկապես ընտանիքում տեղի ունեցող երևույթները անմիջական ազդեցություն են ունենում նրանց վրա։ Հովհաննիսյանը նշում է, որ պատահական չէ ընտանեկան բռնության դեպքերի աճը զուգահեռ այս միտումներին։ Ընտանիքում բռնության դրսևորումները, երեխայի նկատմամբ անտեսումը կամ հոգատարության պակասը հետագայում արտացոլվում են երեխայի վարքային խնդիրների մեջ։ Միաժամանակ կարևոր դեր ունեն նաև կրթական հաստատությունները՝ նախադպրոցական և դպրոցական միջավայրերը, որոնք կարող են ժամանակին արձանագրել և կանխել ռիսկային վարքագծի ձևավորումը։ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ընտանիք–կրթական համակարգ–սոցիալական միջավայր այս երեք բաղադրիչները պետք է գործեն համակարգված։
Փորձագետը առանձնացնում է նաև ժամանակակից կարևոր գործոն՝ վիրտուալ միջավայրը։ Նրա խոսքով՝ համացանցը և թվային հարթակները այսօր արդեն շատ մեծ ազդեցություն ունեն երեխայի սոցիալականացման մեջ՝ ներթափանցելով թե՛ ընտանիք, թե՛ կրթական միջավայր։ Թեև վիրտուալ աշխարհը տալիս է կրթական և զարգացման լայն հնարավորություններ, այն նաև պարունակում է վտանգավոր միտումներ, որոնցից ամենամտահոգիչներից մեկը՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված ռիսկերն են։

