Կրկնի՞ Հայաստանը 2018-ի փորձը 2026 թվականին

Անտարբերությունից՝ հեղափոխություն. կկրկնի՞ Հայաստանը 2018-ի փորձը 2026 թվականին



Այսօր ընտրողների ավելի քան 60% գտնվում է ապատիկ վիճակում և չեն ցանկանում մասնակցել քաղաքական գործընթացներին։ Սակայն այս իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել, և նա, ով տեխնիկապես կկարողանա օգտվել ստեղծվող հնարավորություններից, կուղորդի այդ զարգացումները։ Նման կարծիքի  է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ո՞վ է շահում շարունակվող անտարբերությունից

Նրա խոսքով՝ երկրում գոյություն ունի քաղաքացիների որոշակի շերտ, որոնք ցանկացած պայմաններում աջակցում են գործող իշխանություններին՝ սոցիալական, բարոյական կամ այլ դրդապատճառներով։ Նրանց թիվը մեծ չէ, և քիչ հավանական է, որ մինչ ընտրությունները այն զգալիորեն աճի։ Նմանապես կան մարդիկ, որոնք անկախ հանգամանքներից հանդես են գալիս ընդդեմ իշխանության։ Նրանց թիվն էլ է սահմանափակ, թեև տեսականորեն կարող է աճել՝ որոշ արտակարգ հանգամանքների պարագայում։ Մնացած բոլորը ապատիայի և անտարբերության գոտում են, և դա, ըստ Իսկանդարյանի, առանցքային գործոն է։

«Եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, — բացատրում է նա, — ապա ընտրություններին մասնակցությունը կլինի ցածր։ Այդ պայմաններում, եթե իծխանությունև  ճիշտ մոբիլիզացնի իր ընտրողներին, հնարավոր կլինի ապահովել իշխանության հաղթանակը։ Գործող Սահմանադրության պայմաններում դա լուծելի խնդիր է։ Միակ պայմանն այն է, որ այդ 60%-ը չարթնանա։ Բայց նրանք կարող են արթնանալ»։

2017-2018 թթ․՝ անտարբերությունից մինչև պայթյուն

Այս միտքը հիմնավորելու համար Իսկանդարյանը հիշեցնում է 2017 թվականի ընտրությունները, երբ հասարակության զգալի մասը, առանց մեծ ոգևորության, սակայն մասսայականորեն մասնակցեց քվեարկությանը՝ դրա դիմաց գումար ստանալով. «Նրանք վերցրին իրենց 10 հազար դրամը և քվեաթերթիկը գցեցին այն ուժի օգտին, որին որ պետք էր»։ Սակայն ընդամենը մեկ տարի անց, ինչպես վկայում է սոցհարցումների տվյալները, նույն մարդիկ դուրս եկան փողոց՝ առաջ բերելով հեղափոխություն։ Սա, ըստ նրա, վկայում է, որ ամեն ինչ կախված է քաղաքական ալիքի կամ՝ մեխանիզմի առկայությունից, որի միջոցով կարելի է կուտակված դժգոհությունն ու ապատիան վերածել ակտիվ գործողության։

Քաղաքագետի կարծիքով՝ ցանկացած չափահաս ՀՀ քաղաքացի հիշում է, թե ինչպես էր ձևավորվում բողոքական զանգվածը մինչև 2018 թվականի հեղափոխությունը։ «Ամեն ինչ սկսվեց Մաշտոցի պուրակից, հետո՝ «Փակ Շուկայի» փակման շուրջ բողոքն էր, այնուհետեւ՝ սոցիալական և էկոլոգիական բնույթի տարբեր շարժումներ՝ «Մոսկվա» կինոթատրոնի պահպանման նախաձեռնությունը, Թեղուտի շարժումը, «Էլեկտրիկ Երևան»-ը, տրանսպորտի սակագների թանկացման դեմ շարժումը։ Բոլոր այս գործընթացներն ունեին ոչ միայն սոցիալական, այլ նաև քաղաքական բովանդակություն», — բացատրում է Իսկանդարյանը։

Նա ընդգծում է, որ այդ բոլոր հանրահավաքներին հանդիպել է նույն մարդկանց. «Ես արդեն ճանաչում էի նրանց դեմքով։ Ակնհայտ էր, որ դա քաղաքական գործողության ձև էր։ Միևնույն մարդը չի կարող միաժամանակ հետաքրքրվել ծառերով, կինոթատրոններով, սակագներով ու շուկաներով։ Դա կուտակվող քաղաքական էներգիա էր, որն հասունանում էր մինչ պայթյունը։ Եվ երբ այդ պայթյունը եղավ,  պարոն Փաշինյանը և իր թիմը կարողացան ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով օգտագործել հնարավորությունը՝ վերածելով բողոքը կազմակերպված քաղաքական շարժման»։


Բողոքային միջավայրի ձևավորման համար ժամանակ է պետք, և այդ ժամանակը դեռ չի եկել

Այստեղից, ըստ Իսկանդարյանի, բխում է մի կարևոր եզրակացություն՝ նման բողոքական դաշտի ձևավորման համար ժամանակ է հարկավոր։ «Այսօր այդ գործընթացը նոր է սկսվում։ Հնարավոր է դրա սկիզբը պայմանականորեն համարել Բագրատ արքեպիսկոպոսի շարժումը։ Սա շատ խոսուն է. բողոքը ձևակերպում է փնտրում քաղաքականության սահմաններից դուրս։ Մարդիկ չեն վստահում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ քաղաքական համակարգին ընդհանրապես։ Դրա համար ուշադրությունը բևեռվում է այնպիսի կերպարների վրա, ովքեր նախկինում կապ չեն ունեցել քաղաքականության հետ։ Բայց այս փուլում ամեն ինչ դեռ հասունացման փուլում  է», — ասում է քաղաքագետը։

Հնարավո՞ր է արդյոք, որ այս ամբողջ գործընթացը տեղի ունենա ընդամենը մեկ տարվա ընթացքում, Իսկանդարյանը պատասխանում է զգուշությամբ. «Ես չէի ուզենա կանխատեսում անել։ Այո՛, մեկ տարին շատ է ընտրական ցիկլի տեսանկյունից, բայց չափազանց քիչ է՝ որպեսզի առաջանա, ձեւավորվի և ինստիտուցիոնալ տեսք ստանա այնպիսի բան, որը կկարողանա ճեղքել գործող քաղաքական իրականությունը։ Դա դժվար խնդիր է։ Իսկ թե ով կլինի այդ շարժման առաջնորդը՝ երկրորդական հարց է։ Կարեւորը անունը չէ, այլ գործընթացը։ Հիշեք՝ շատ քչերն էին 2017 թվականին պատկերացնում, որ մեկ տարի անց հենց Փաշինյանը կլինի հեղափոխության դեմքը։ Գիտեին նրան, բայց չէին դիտարկում որպես ապագա առաջնորդ։ Նրա թիմի մյուս անդամների մասին ընդհանրապես ոչ ոք գրեթե ոչինչ չգիտեր։ Հետեւաբար, եթե առաջնորդվենք փորձով և տրամաբանությամբ, կարելի է ենթադրել, որ նման գործընթացի համար ժամանակ է պետք։ Եվ, իմ կարծիքով, այդ ժամանակը դեռ չի եկել»։

Scroll to Top