Բանկային համակարգը գերտաքացման փուլում է, մրցակցությունը՝ ոչ լիարժեք

Բանկային համակարգը գերտաքացման փուլում է, մրցակցությունը՝ ոչ լիարժեք

Հայաստանի բանկային համակարգը վերջին տարիներին արձանագրել է աննախադեպ աճի տեմպեր, սակայն այդ դինամիկան կարող է նաև լուրջ ռիսկեր պարունակել։ Այս մասին նշեց ՀՀ Կենտրոնական Բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ ընդգծելով, որ 2022–2025 թվականներին բանկային համակարգի կապիտալի միջին տարեկան աճը կազմել է շուրջ 20 տոկոս։

Նրա բնորոշմամբ՝ սա «ֆանտաստիկ բարձր» ցուցանիշ է, որը պայմանավորված է ոչ միայն ակտիվների ընդլայնմամբ, այլև շահութաբերության կտրուկ աճով։ Սակայն հենց այստեղ էլ, ըստ նախկին պաշտոնյայի, ձևավորվում են մտահոգիչ միտումներ։

Արտաքին հոսքերից՝ ներքին թանկացումներ

Ասատրյանը հիշեցնում է, որ եկամուտների աճի զգալի մասը պայմանավորված էր արտաքին ֆինանսական հոսքերով։ Այդ ֆոնին բանկերը բարձրացրել են սակագները՝ ամրապնդելով իրենց եկամտային բազան։ Խնդիրը, սակայն, այն է, որ նույն քաղաքականությունը տարածվում է նաև ներքին շուկայի վրա։

«Ցավալի է, բայց պետք է արձանագրենք, որ սակագների բարձրացման քաղաքականությունը պահպանվում է նաև ներսում», — նշում է նա։

ԿԲ նախկին նախագահը ընդգծում է՝ մակրոտնտեսական կայունությունը վերջին տարիներին ընդհանուր առմամբ ապահովված է։ Եթե 2022 թվականին գրանցվել էր 8.8 տոկոս գնաճ, ապա հետագա շրջանում միջին գնաճը կազմել է մոտ 3 տոկոս։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել է, սակայն վարկերի միջին տոկոսադրույքը, նրա գնահատմամբ, չի նվազել, որոշ հատվածներում՝ նույնիսկ աճել է։

Վերաֆինանսավորում՝ 6.5%, սպառողական վարկ՝ մինչև 20%

Ասատրյանը խնդրահարույց է համարում այն իրավիճակը, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է մոտ 6.5 տոկոս, մինչդեռ սպառողական վարկերը տրամադրվում են 17–20 տոկոսի շրջանակում, հիփոթեքային վարկերը՝ 12–13 տոկոսի սահմաններում։

«Աննորմալ է, երբ կարգավորողի տոկոսադրույքը նվազում է, իսկ բանկային տոկոսները չեն նվազում կամ աճում են», — ընդգծում է նա։

Նրա համոզմամբ՝ այս իրավիճակը վկայում է ոչ լիարժեք մրցակցային դաշտի մասին։ Փոքր շուկան ինքնին ռիսկեր է պարունակում, սակայն, ըստ Ասատրյանի, խնդիրը նաև հնարավոր ներքին պայմանավորվածությունների և շուկայական գործիքների ոչ բավարար աշխատանքի մեջ է։

Կարգավորման լծակներ՝ օգտագործվո՞ւմ են արդյոք

Ասատրյանը համոզված է, որ ՀՀ Կենտրոնական բանկն ունի բավարար կարգավորման գործիքներ և օրենսդրական հնարավորություններ՝ միջամտելու և ճեղքերը լրացնելու համար։ Թեև տոկոսադրույքների ուղղակի սահմանումը կոպիտ միջոց է և նախկինում կիրառվել է որպես ծայրահեղ քայլ, նա պնդում է, որ կան նաև այլ մեխանիզմներ՝ մրցակցային դաշտը առողջացնելու համար։

Բացի կարգավորիչ քայլերից, Ասատրյանը չի բացառում նաև հարկային գործիքների կիրառումը՝ գերշահույթների պայմաններում լրացուցիչ հարկային մեխանիզմների ներդրման միջոցով։

«Եթե շահույթները աճում են, պետք է գնահատել՝ արդյոք սակագների բարձրացումն անհրաժեշտ էր, թե դա ուղղված է գերշահույթի ձևավորմանը», — նշում է նա։

Քննարկման կարիք ունեցող համակարգային խնդիր

Ասատրյանի գնահատմամբ՝ բանկային համակարգը ներկայում գտնվում է գերտաքացման փուլում։ Բարձր շահութաբերությունը և ակտիվ աճը ինքնին դրական են, սակայն եթե դրանք ուղեկցվում են մրցակցության սահմանափակմամբ և սակագների անհամաչափ բարձրացմամբ, ապա կարող են երկարաժամկետ ռիսկեր ստեղծել տնտեսության համար։

Նա համոզված է, որ խնդիրը պետք է դառնա լայն մասնագիտական և քաղաքական քննարկման առարկա, իսկ կարգավորող մարմինները պետք է առավել ակտիվ դիրքորոշում ցուցաբերեն՝ հավասարակշռելու շահութաբերությունն ու հանրային շահը։

Scroll to Top