Իրանը մնացել միայնակ՝ ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի անդամակցությունը չի արդարացնում սպասումները

ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի անդամակցությունը չի արդարացնում սպասումները

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Իրանը փաստացի միայնակ է դիմագրավում արտաքին ճնշումներին, իսկ նրա անդամակցությունը միջազգային խոշոր միավորումների՝ BRICS-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը, չի տվել սպասվող արդյունքը։ Այս մասին նշեց քաղաքագետ Արմեն Այվազյանը։ 
Իրանը դիմադրում է, բայց առանց լիարժեք աջակցության

Այվազյանի խոսքով՝ ընթացիկ հակամարտությունը ցույց տվեց, որ Իրանը կարողանում է դիմակայել նույնիսկ երկու միջուկային տերությունների՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի ճնշմանը։ Սակայն, նրա գնահատմամբ, կարևոր է հասկանալ, որ Թեհրանը գործում է գրեթե միայնակ։

Քաղաքագետը չի բացառում, որ Ռուսաստանից և Չինաստանից կարող է լինել որոշակի սահմանափակ աջակցություն՝ օրինակ հետախուզական տվյալների կամ որոշ սպառազինության տեսքով, սակայն այն չի կրում այն ծավալն ու ձևը, որը պոտք է ունենար նման իրավիճակում։

Այվազյանը ընդգծում է, որ Իրանի անդամակցությունը BRICS-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը ուղեկցվել էր մեծ սպասումներով, սակայն իրական զարգացումները ցույց են տալիս հակառակը։

Նրա խոսքով՝ այդ կառույցները չեն ապահովել այն քաղաքական և ռազմավարական աջակցությունը, որը պետք է տրամադրվեր իրենց լիիրավ անդամի նկատմամբ ագրեսիայի պայմաններում։ Նույնիսկ եթե որոշակի աջակցություն կա, այն գաղտնի կամ սահմանափակ բնույթ է կրում և չի հանդիսանում որոշիչ գործոն։

Պատմական համեմատություն և «կրավորական դիրքորոշում»

Քաղաքագետը համեմատության համար հիշեցնում է Վիետնամի պատերազմը, երբ Խորհրդային Միությունը ցուցաբերում էր բաց և բազմակողմանի աջակցություն Վիետնամին՝ դիվանագիտական, ռազմական և տնտեսական մակարդակներում։

Ներկայում, ըստ Այվազյանի, Ռուսաստանն ու Չինաստանը որդեգրել են ավելի կրավորական և երբեմն նույնիսկ երկիմաստ դիրքորոշում՝ մի կողմից դատապարտելով Իրանի դեմ գործողությունները, իսկ մյուս կողմից՝ խուսափելով բաց և ամբողջական աջակցությունից։

Նրա կարծիքով՝ հենց այս հանգամանքն է ցույց տալիս, որ միջազգային վերոհիշյալ միավորումներին անդամակցությունը փաստացի չի վերածվում անվտանգության կամ ռազմավարական իրական երաշխիքների։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top