Նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն, ըստ էության, չկա։ Այս մասին նշեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Նրա խոսքով՝ պետության հիմնարար օրենքը չպետք է դառնա քաղաքական ելիտաների փոփոխություններից կախված փաստաթուղթ։
Ամեն իշխանություն չպետք է փորձի փոխել Սահմանադրությունը
Գյուլումյանը նշում է, որ ինքը կայուն Սահմանադրության կողմնակից է և անընդունելի է համարում այն իրավիճակը, երբ յուրաքանչյուր քաղաքական ուժ իշխանության գալուց հետո փորձում է փոխել կամ նոր Սահմանադրություն ընդունել։
Որպես կայուն Սահմանադրության օրինակ նա նշում է Միացյալ Նահանգները՝ ընդգծելով, որ այդ երկրի Հիմնական օրենքը գործում է արդեն շուրջ երկու դար։ Այդ ընթացքում, նրա գնահատմամբ, կատարվել են սահմանափակ թվով փոփոխություններ, բայց հիմնարար փաստաթուղթը չի ենթարկվել արմատական վերափոխումների։
«Իսկ մենք անընդհատ փոխում ենք՝ կարծես անդադար փորձարկումների դաշտում լինենք»,– ընդգծում է նա։
Սահմանադրության նախաբանի նշանակությունը
Գյուլումյանի համոզմամբ՝ եթե նպատակը Սահմանադրության նախաբանից ձերբազատվելն է, ապա հատկապես այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է անկախության հռչակումից հետո ընդունված առաջին Սահմանադրության նախաբանին, այն միևնույնն է կշարունակի ուղենիշային նշանակություն ունենալ պետության համար՝ սահմանելով այն արժեքներն ու սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի պետությունը։
Նա շեշտում է, որ սահմանադրական արդարադատության և միջազգային պրակտիկայում անգամ արդեն չգործող սահմանադրությունների նախաբանները դիտարկվել են որպես հիմք հետագա սահմանադրությունների և օրենքների մեկնաբանության համար։ Հետևաբար, նույնիսկ եթե նոր Սահմանադրություն ընդունվի և նախաբանը փոփոխվի կամ հանվի, դրանից ամբողջությամբ «հրաժարվել» հնարավոր չէ։
Ինչ փոփոխություններ կարող են քննարկվել
Միաժամանակ նախկին դատավորը չի բացառում, որ կարող են լինել այլ էական փոփոխություններ։ Սակայն, ըստ նրա, եթե նախաձեռնվում է նոր Սահմանադրության ընդունում, հանրությանը պետք է ներկայացվի հստակ հայեցակարգ՝ ինչն է փոխվելու և ինչու։
Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժի մոտեցումներին ծանոթանալով՝ կարելի է մոտավոր պատկերացնել, թե ինչ փոփոխություններ կարող են առաջարկվել։ Գյուլումյանը ենթադրում է, որ քննարկման առարկա կարող են դառնալ, օրինակ, եկեղեցու բացառիկ դերի վերաբերյալ դրույթները կամ դատավորների նշանակման գործընթացը՝ մասնավորապես խորհրդարանի ներգրավվածության հարցը։ Նա ընդգծում է, որ կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես դրանք կընդունվեն հասարակության կողմից և արդյոք կձևավորվեն ընդդիմադիր «ոչ»-ի ճամբարներ։
Անցյալի փորձը և հանրային վստահության խնդիրը
Գյուլումյանը անդրադառնում է նաև նախորդ սահմանադրական փոփոխություններին։ Նրա գնահատմամբ՝ 2005 թվականի փոփոխությունները որոշ չափով ընկալելի էին: Նրա խոսքով՝ 2005 թվականի փոփոխությունների ընթացքում այն ժամանակվա գործող իշխանությունները, կարծես թե, այդ փոփոխություններով վերարտադրվելու խնդիր չէին հետապնդում, առնվազն հասարակության մեջ նման ընդգծված կասկածներ չէին ձևավորվել։
Իսկ 2015 թվականների սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ փոխվեց կառավարման համակարգը, հանրության շրջանում արդեն առկա էր կասկած, որ նախագահը կարող է նպատակ ունենալ շարունակել պաշտոնավարումը՝ այս անգամ վարչապետի կարգավիճակով։ Գյուլումյանի գնահատմամբ՝ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այդ մտահոգությունները լիովին անհիմն չէին։ « դա դարձավ նաև ինչ-որ մի տեղ հասարակության դժգոհության գեներացման պատճառ», — նշեց նա։
Ընդհանուր առմամբ, Գյուլումյանի համոզմամբ, Սահմանադրությունը պետք է նպաստի հանրային համերաշխության և համաձայնության ձևավորմանը։ «Եթե փոփոխությունները չեն բերում հանրային համերաշխության, ապա, երևի թե, դրանց անհրաժեշտությունը կասկածելի է»,– եզրափակում է նա։

