Իրանի շուրջ ծավալվող զարգացումները հերթական պատերազմ չեն, այլ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի մաս։ Այս մասին նշել է Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նոր աշխարհակարգի ձևավորում և «գաղտնի» պայմանավորվածություններ
Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ գործընթացների խորքում կարող են լինել նաև գաղտնի պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը երբեք չի իմանա։ Նրա խոսքով՝ հնարավոր է որոշ մակարդակներում ձեռք բերված լինեն համաձայնություններ՝ օրինակ Թուրքիայի կամ Ռուսաստանի ակտիվությունը զսպելու շուրջ։
Սակայն նա վստահեցնում է, որ եթե անգամ նման պայմանավորվածություններ գոյություն ունեն, Հայաստանի իշխանությունները դրանց մասնակից չեն։ Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ներգրավված չի «վերևների» պայմանավորվածություններում և չի տիրապետում այն ամբողջական պատկերին, թե ինչ որոշումներ են կայացվում ուժային կենտրոններում և ինչ հետևանքներ կարող են ունենալ դրանք Հայաստանի համար։
Իրանի պատերազմի ռիսկերը Հայաստանի համար
Քաղաքագետը կոչ է անում հարցին մոտենալ սառը տրամաբանությամբ՝ անկախ արտաքին քաղաքական բարդույթններից։ Նրա խոսքով՝ Իրանի շուրջ պատերազմի սրումը Հայաստանի համար մի շարք կոնկրետ ռիսկեր է պարունակում։
Առաջինը հումանիտար ճգնաժամի հավանականությունն է։ Չի բացառվում փախստականների մեծ հոսք, և դեռ պարզ չէ՝ Հայաստանը նրանց համար կլինի վերջնակետ, թե տարանցիկ երկիր։ Երկրորդը մատակարարման շղթաների խաթարումն է։ Հայաստանի ներմուծումների մի մասը, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից և Չինաստանից եկող բեռները, անցնում են Իրանի տարածքով, մասնավորապես Բանդարաբաս նավահանգստով։ Ռազմական գործողությունները կարող են լուրջ հարված հասցնել այդ ուղիներին։
Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ եթե Հայաստանը չի կարողանում կառավարել արտաքին ռիսկերը, ապա առնվազն պետք է հստակ և տեսանելի քայլեր ձեռնարկի ներքին ռիսկերի կառավարման ուղղությամբ։ Սակայն, ըստ նրա, նման պատրաստվածություն չի երևում։ Անվտանգության խորհրդի նիստերը, նրա գնահատմամբ, ավելի շատ ձևական բնույթ են կրում, քան իրական ռազմավարական պատրաստվածության արտահայտություն։
Սահմանների և արտահանման փակուղին
Քաղաքագետը ընդգծում է նաև Իրանի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար։ Իրանը ոչ միայն ավանդական բարեկամ երկիր է, այլև Հայաստանի երկու գործող արտաքին սահմաններից մեկը։
Հյուսիսային ուղղությամբ Հայաստանի ցամաքային ճանապարհները հասնում են մինչև Ռուսաստան, որը, իր հերթին, սահմանափակված է արտաքին աշխարհի հետ կապերում։ Եթե հարավային ուղղությունն էլ փաստացի փակվի կամ դառնա անկայուն, Հայաստանը կարող է հայտնվել լոգիստիկ փակուղու մեջ՝ բարդություններ ունենալով թե՛ ներմուծման, թե՛ արտահանման հարցում։
Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ Իրանի շուրջ պատերազմի սրումը Հայաստանի համար ոչ միայն արտաքին քաղաքական, այլև տնտեսական, ենթակառուցվածքային և անվտանգության լրջագույն մարտահրավեր է, որի նկատմամբ անհրաժեշտ է համակարգված և իրատեսական պատրաստվածություն։

