ԱՄՆ-ն պատրաստում է Ադրբեջանին Իրանի դեմ գործողությունների

Իրանը տարածաշրջանը մաքրում է անկայունության աղբյուրներից

Իրանը, ըստ էության, մաքրում է տարածաշրջանը այն տարրերից, որոնք անընդհատ լարվածության պատճառ են դառնում։ Նման կարծիքի է քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։ 

Տարածաշրջանը հոգնել է ԱՄՆ-ից

Նրա խոսքով՝ տարածաշրջանը, ըստ էության, արդեն հոգնել է Միացյալ Նահանգների ներկայությունից, քանի որ այդ ներկայությունը և՛ դաշնակցային չէ,  և՛ շատ թանկ։ «Մի կողմից՝ նրանք մի քանի տրիլիոն դոլար են վճարում Միացյալ Նահանգներին իբր իրենց անվտանգությունն ապահովելու համար, մյուս կողմից՝ ստիպված են ինչ-որ կերպ բացատրել իրենց քաղաքացիներին, թե ինչու են ծախսվում ահռելի միջոցներ Իսրայելի ուղղությամբ գնացող հրթիռները իրենց տարածքում որսալու համար։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մինչև այս պահը ոչ Սաուդյան Արաբիայի, ոչ Քաթարի, ոչ Արաբական Միացյալ Էմիրությունների, ոչ Բահրեյնի իշխանությունները չեն կարողանում տալ իրենց քաղաքացիներին», — ասաց նա։

Իսրայելը իր անվտանգությունը արաբներից ապահովել է արաբների փողերով

Այսինքն, շարունակեց Բալասանյանը՞ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանկարծ արաբները հասկանում են, որ տարիներով իրենց վճարած այդ տրիլիոն դոլարների դիմաց իրենք ոչ միայն չեն ստացել անվտանգություն ԱՄՆ-ի կողմից, այլ ապահովել են Իսրայելի անվտանգությունը՝ իրենց վրա կրելով դրա բոլոր բացասական հետևանքները։ «Մեծ հաշվով Իսրայելը իր անվտանգությունը արաբներից ապահովել է արաբների փողերով։ Սա քաղաքականության մեջ յուրատեսակ մաստեր-կլաս է, որից մենք էլ պիտի փորձենք սովորել», — ասաց նա։ 

Մահ, որը միավորեց իսլամական աշխարհը

Այաթոլլայի սպանությունը, նշում է փորձագետը, մեծ հաշվով «նվեր էր իրանցիներին», որովհետև նրա սպանությամբ Իրանին հաջողվեց մահմեդական աշխարհը միավորել։ «Միացյալ Նահանգները չկարողացան այս անգամ խաղալ սունի-շիա հակասությունների վրա։ Անգամ Պակիստանում, Սաուդյան Արաբիայում հայտնի սունի քարոզիչները, որոնք տասնյակ հազարավոր և միլիոնավոր լսարաններ ունեն, իրենց վրդովմունքը արտահայտեցին Այաթոլլայի սպանությամբ», — ասաց նա։ Բալասանյանը հավելեց, որ դրա հետևանքով անգամ Մերձավոր Արևելքի այն պետություններում, որոնք հրետակոծության են ենթարկվում Իրանի կողմից,  քաղաքացիները չեն պահանջում իշխանություններից սկսել ռազմական գործողություններ ԻԻՀ-ի դեմ։

Այս ֆոնին  Իրանը, ըստ էության, փորձում է արաբական աշխարհում արթնացնել այն ոգին, որ կար, օրինակ, 60-ականներին, 70-ականներին։ «Հիմա Իրանը փորձում է այդ ամենը կրկին բարձրացնել, և կրկին արաբները սկսել են զգալ, որ իրենք կարող են Իսրայելի դեմ պատերազմել։ Հեզբոլլահը իր գործողություններով ոչնչով չի զիճում իրանական բանակին, ցավոտ հարվածներ է հասցնում անգամ Թել Ավիվի կենտրոնին», — նշեց նա։ 

Թուրքիայի գործոնը և քրդական հարցը

Իրանի քաղաքականությունը, սակայն, չի սահմանափակվում միայն արաբներով: Քաղաքագետը նշում է, որ հենց Իրանի գործողությունների շնորհիվ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պասիվ է և ոչինչ չի ասում: «Հաջորդը տուժողը լինելու էր Թուրքիան, որովհետև եթե քրդական քարտը կրկին խաղարկվեր՝ ցամաքային օպերացիա իրականացնելով քրդերի միջոցով, ապա նույն քրդերը հետո պատուհաս էին դառնալու Թուրքիայի գլխին»,- բացատրում է Բալասանյանը: Հիմա Իրանը ոչնչացնում է Իրաքյան Քուրդիստանում տեղակայված քրդական տարբեր ջոկատների և միավորումների շտաբերը, որոնք տարիներ և տասնամյակներ շարունակ աշխատում էին Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ, այդ թվում՝ Էրբիլում գտնվող հյուպատոսությունների միջոցով: Այդ ուժերը լուրջ դերակատարում են ունեցել նաև Իրանում վերջին փողոցային խժդժությունների ժամանակ:

Ամփոփելով՝ Բալասանյանը եզրակացնում է, որ Իրանը շարունակում է իր «մեծ մաքրությունը»՝ ազատելով տարածաշրջանը այն տարրերից, որոնք անընդհատ անհանգիստ են պահում այն: «Հիմա իրենց հերթն է այս ամեն ինչն անելու, և Միացյալ Նահանգները ըստ էության վաղ թե ուշ ստիպված են լինելու համակերպվել սրա հետ», — նշում է նա:

Scroll to Top