Ստոկհոլմում գործող միջազգային արբիտրաժային մարմինը որոշում է կայացրել ի նպաստ գործարար Սամվել Կարապետյանի՝ ժամանակավորապես արգելելով Հայաստանի Հանրապետությանը քայլեր ձեռնարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման ուղղությամբ։ Այս որոշումը ոչ միայն կասկածի տակ է դնում իշխանությունների գործողությունների իրավաչափությունը միջազգային հանրության աչքում, այլև կարող է լուրջ հետևանքներ ունենալ երկրի՝ որպես ներդրումների համար հուսալի գործընկեր ներկայացող իմիջի վրա։
Այս որոշման չկատարումը կամ անտեսումը լրջորեն սպառնում է հնարավոր օտարերկրյա ներդրողների վստահությանը՝ հատկապես այն իրավիճակում, երբ կառավարությունը մեծ շուքով առաջ է մղում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ պնդելով, որ դրա իրականացումը պահանջում է լայնածավալ ներդրումներ ենթակառուցվածքներում եւ հաղորդակցային կապերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ելույթներում մի քանի անգամ շեշտել է մասնավոր եւ միջազգային կապիտալի ներգրավման անհրաժեշտությունը՝ այդ թվում՝ ԱՄՆ-ի առաջարկած տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսլականի համատեքստում։
Այսպիսով, Հայաստանի իշխանությունների առջեւ կա ընտրություն․ կամ ենթարկվել արբիտրաժի որոշմանը եւ վերահաստատել միջազգային իրավունքի հանդեպ իրենց հավատարմությունը, կամ փորձել շրջանցել այն՝ վտանգելով, որ տեղական իրավական վեճը կվերածվի համակարգային ներդրումային ճգնաժամի։ Սակայն այս ընտրությունն ունի ավելի լայն իմաստ, հատկապես՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող տարբերակի համատեքստում, որն առնչվում է հայ-ադրբեջանական հաղորդակցությունների կառավարումն օտարերկրյա մասնավոր ընկերությանը փոխանցելու հնարավորությանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» պատմությունը նախազգուշացնող ազդակ է, որը պետք է ստիպի իշխանություններին սթափ գնահատել նմանատիպ համաձայնագրերի ռիսկերը, երբ պետության եւ մասնավոր օպերատորի միջեւ վեճը կարող է դուրս գալ ազգային իրավասության շրջանակից։ Եթե Հայաստանի կառավարությունը Շվեդիայում չկարողացավ հասնել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ իրավիճակի վերանայմանը՝ ընկերության, որն առնչվում է հայկական ծագում ունեցող, բայց և ռուսաստանյան գործարարի հետ, ապա բնական հարց է առաջանում․ որքանո՞վ կլինեն այս կամ ապագա ՀՀ իշխանությունների հաջողության շանսերը հնարավոր վեճի դեպքում՝ ամերիկյան կամ այլ օտարերկրյա օպերատորի հետ, որին կարող է փոխանցվել հաղորդակցությունների կառավարումը Հայաստանի տարածքի մի հատվածում։
ՀԷՑ-ի դեպքում իշխանությունները պնդում են, որ ընկերությունը չի գործում ժամանակակից չափանիշներին համապատասխան, անարդյունավետ է և պահանջում է համակարգային բարեփոխումներ: Սակայն միջազգային արբիտրաժը պետության կողմից չէր, այլ ներդրողի: Սա նշանակում է, որ միջազգային արբիտրաժային դաշտի պայմաններում նույնիսկ ներքին կարգավորող նախաձեռնությունները կարող են ճանաչվել որպես ներդրողի իրավունքների խախտում: Այսինքն՝ ենթադրյալ ամերիկյան աութսորսինգի հետ կապված իրավիճակում, որտեղ խոսքը ոչ միայն սեփականության, այլև ինքնիշխանության տարրերի, օրինակ՝ ենթակառուցվածքների, անվտանգության մասին է, Հայաստանի համար հնարավոր իրավական հետևանքները կարող են լինել ավելի ծանր և անդառնալի: Եվ եթե պետությունը ապագայում փորձի փոխել կամ վերանայել նման ընկերության հետ կնքված պայմանագրի պայմանները (եթե, օրինակ, կլինեն ձևակերպումներ, որոնք կողմերը կմեկնաբանեն տարբեր կերպ), միջազգային արբիտրաժում պարտվելու ռիսկը կլինի գուցե ավելի մեծ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների քաղաքական և իրավական կշիռը: Այսպիսով, Կարապետյանի գործը ոչ միայն անցյալի մասին վեճ է: Այն ապագայի մասին նախազգուշացում է:

