Եկեղեցու դեմ արշավը իշխանությանը կտանի համակարգային ճգնաժամի

Փաշինյանի գրառումը՝ դավանափոխության գործընթացի սկի՞զբ


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր կողմից մշակված գործողությունների ծրագիր՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին պաշտոնանկ անելու համար։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, անդրադառնալով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու վերյաբերյալ վերջին գրառմանը, առաջարկում է համեմատել Նիկոլ Փաշինյանի հունիսի 10-ի և հուլիսի 23-ի Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելու ծրագրերը:

«Եթե հունիսի 10-ին նա համարում է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ» և կարող է արտաքուստ որոշ միամիտների մոտ տպավորություն թողնել, թե նրա պայքարը Կաթողիկոսի դեմ է, իսկ մտահոգությունը վերջինիս բարեվարքությունն է կամ դրան առնչվող ենթադրյալ հարցերը, ապա երեկ Փաշինյանն արդեն ավելի հեռուն է գնում ու հստակ արտահայտում իր նպատակը:

Այսպես, նա առաջարկում է Ամենայն հայոց Կաթողիկոսին փոխարինել «որևէ ամունացյալ բարեվարք քահանա»-յով, այնուհետև նախատեսում է եկեղեցին և հոգևորականությանը գցել «Կանոնագիրք Հայոց»-ի տեքստի շուրջ երկարատև, անսպառ և անօգուտ սխոլաստիկական վեճերի շուրջ, և ապա միայն նախատեսում կաթողիկոսական ընտրություններ (ընդ որում, նախատեսում է միայն իրեն հայտնի մեթոդներով ստուգել «Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը»): Հուլիսի 23-ի Փաշինյանի գրառումը արդեն որևէ կասկած չի թողնում նրա իրական նպատակի վերաբերյալ.ԿԱԶՄԱԼՈՒԾԵԼ և ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ վճռական հարված հասցնելով հայ ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկին:

Մի առանձին վերլուծության առարկա է սահմանված «չափանիշներին» համապատասխան «կազմակերպչական խմբի» և դրա ղեկավարի ընտրության հարցը: Հրաշալի պատկերացնելով ներկայացված չափանիշների պրակտիկ անկիրառելիությունը՝ Փաշինյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ իրեն կհաջողվի «Աստծու օգնությամբ», «հոգու աչքերով» (հունիսի 10) կամ «հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությամբ» (հուլիսի 23) գտնել իր պատկերացրած թեկնածուներին: Դե իսկ ղեկավարի հարցում երկու կարծիք լինել չի կարող․ դա «ամենայն հայոց մարգարեն» է, որովհետև նա և միայն նա կարող է իրեն թույլ տալ նման միստիկ, իռացիոալ հայտարարություն. «Հասկանալի է նաև, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։ Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին»: Ինչպիսի ԾԱՂՐ մարդկային բանականության նկատմամբ: Այս միտքը ռացիոնալ վերլուծության չի տրվում, քանի որ պարզ ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆ է և կարող է իր արժանի տեղը գրավել անթույլատրելի մտավոր մանիպուլյացիաների և տրամաբանական սխալների շտեմարանում», — նշում է նա:

Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանն իր հերթին պնդում է, որ ցանկություն չունի աննորմալ քննարկումների մեջ մտնելու։ «Ես սկզբունքորեն չեմ ցանկանում մեկնաբանել Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ «թավշյա գաղափարները», քանի որ ես հոգեբան կամ աստվածաբան չեմ: Բայց երբ լսում եմ, որ աշխարհիկ մարդ առաջարկում է փոխել Հայ Առաքելական Եկեղեցու 1700-ամյա կանոնադրությունը, քանի որ «իրեն թվում է», թե այն գրել են ինչ-որ խորհրդավոր «կայսրություններ», ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ բոլոր այն «կայսրությունները», որոնցում գործել է Հայ Առաքելական Եկեղեցին և որոնք ցանկացել են մեզ ոչնչացնել կամ հպատակեցնել, վերածվել են պատմական փոշու, այսինքն՝ նրանք ֆիզիկապես գոյություն չունեն: Իսկ մենք մնացել ենք, և մեր Եկեղեցին եղել է, կա և կլինի հավերժ՝ որպես հայկական ինքնության պահապան: Հետևաբար, մի մտեք ակնհայտ աննորմալ քննարկումների մեջ քրիստոնեության թշնամիների հետ, թող նրանք իրենք իրենց մարգինալացնեն», — հավոզված է մեկնաբանը:

Փաշինյանի այս գրառումը քաղաքագետ Ստեփան Դանիելյանի դեռ շաբաթներ առաջ արած կանխատեսման իրականացումն է։ Փաշինյան — ՀԱԵ հակամարտության դեռ սկզբում Դանիելյանը նշել է, որ Փաշինյանը ձգտում է ՀԱԵ-ին հաղորդել բողոքական եկեղեցու մոդել։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է դավանափոխության գործընթացը։ Դավանափոխությունը կապված է կոնկրետ քայլերի հետ։ Երբ Մարտին Լյութերը սկսեց իր հայտնի բարեփոխումները կաթոլիկ եկեղեցում, հիմնական խնդիր էր համարում եկեղեցու կառուցվածքը՝ միասնությունը։ Նա առաջ քաշեց թեզ, ըստ որի՝ հոգեւորականները, ի թիվս այլ բաների, պետք է իրավունք ունենան ամուսնանալու։ Ինքն էլ ամուսնացավ մի միանձնուհու հետ։ Բացի այդ, կարծում էր, որ քարոզիչները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից, ինչպես դա արվում է բողոքական եկեղեցիներում», — նշել է Դանիելյանը։ «Երբ Փաշինյանը ասում է, թե եկեղեցին պետք է վերադարձնել ժողովրդին, դա նշանակում է, որ նա փորձում է իրականացնել բողոքական բարեփոխում՝ փաստորեն դարձնելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մեկ բողոքական կառույցներից, որտեղ կաթողիկոսին ընտրում է ժողովուրդը»։ Ըստ Դանիելյանի՝ հաջորդ փուլում յուրաքանչյուր համայնք կընտրի իր քարոզիչին, եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ընդհանուր կառուցվածքը կդադարի գոյություն ունենալ։ «Այսինքն՝ ՀԱԵ-ն, որպես համազգային կառույց, այլեւս չի լինի։ Մինչդեռ հայկական ինքնության պահպանման գործում հենց եկեղեցին է առանցքային դեր խաղում, քանի որ դա ցանց է, եւ այդ ցանցը կենտրոնացված կերպով է կառավարվում», — ընդգծել է Դանիելյանը։

Scroll to Top