Օրեր առաջ Քաղաքացիական պայմանագիր կառավարող կուսակցությունը հրապարակեց իր նախընտրական ծրագիրը, որը բովանդակային իմաստով չի պարունակում որևէ նորություն կամ անակնկալ այն քաղաքականության տեսանկյունից, որը վարել կամ պատրաստվում է վարել Նիկոլ Փաշինյանը։
Խոսքը վերջին նվազագույնը չորս տարիների ընթացքում վարած քաղաքականության մասին է, որը, եթե համառոտ ներկայացնենք, պարփակված է այսպես կոչված «իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում, և Նիկոլ Փաշինյանը նախընտրական ծրագրով ըստ էության հաստատում է այն շարունակելու հանձնառությունը:
Ծրագրի կամ նախագծի նորությունը գուցե միակ նորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական ծրագրի, նախընտրական խոստման, նախընտրական դրույթի կարգավիճակ է տվել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավին, որը ծրագրում ներկայացված է «ՀԱԵ բարեփոխման ծրագիր» փաթեթովորմամբ։
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի գնահատմամբ՝ Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» ՔՊ-ի նախընտրական ծրագրի մեջ մտցնելը Սահմանադրության կոպիտ խախտում է։
«Կոնկրետ խախտում է Սահմանադրության 17-րդ հոդվածը, 18-րդ հոդվածը և ընդհանուր առմամբ նաև օրինականության սկզբունքը, որն ամրագրված է Սահմանադրության 6–րդ հոդվածում։ Վերջինս ասում է, որ պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», — նշեց նա: Կառավարությունը, շարունակեց սահմանադրագետը, ոչ Սահմանադրությամբ ոչ օրենքներով, եկեղեցու ներքին գործերին միջմտելու լիազորություն չունի։
«Չկա նման հնարավորություն իշխանական լծակներով ներգործել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերի վրա։ Իսկ այն, որ կառավարությունը նման իրավասություն չունի, դրա մասին ասվում է Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներում։ 17-րդ հոդվածում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։
Դա նշանակում է, որ Հայաստանում գործում է աշխարհիկ պետության սկզբունքը, աշխարհիկ գործերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման գործերը իրականացվում են պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, հոգևոր կյանքին վերաբերող գործերը պետության գործեր չեն, պետությունը այդ հարաբերություններին միջամտելու որևէ հնարավորություն չունի, և Սահմանադրությունը հստակ է այդ առումով», — ասաց նա։
Ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի՝ եկեղեցու «բարեփոխմանը» նախընտրական ծրագրային կարգավիճակ հաղորդելը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ամենևին չի հրաժարվել եկեղեցու դեմ իր արշավից: «Խորհրդարանական ընտրություններին ցանկալի արդյունք ապահովելուց հետո Նիկոլ Փաշինյանը դարձյալ ձեռմուխ է լինելու այդ արշավի ակտիվ ընթացքի և ավելին՝ այս անգամ թերևս հղում է անելու հետևյալ մի տրամաբանության՝ ինքը ներառել էր արշավը ծրագրի մեջ, ծրագրային կարգավիճակ էր տվել ծրագրային խոստման կարգավիճակ էր տվել, և հանրության քվեն նշանակում է, որ մարդիկ իրականում աջակցում են նաև եկեղեցու դեմ գործողություններին: Հետևաբար, այսպես ասած լեգիտիմության կնիք է հաղորդելու՝ հղում անելով ընտրության արդյունքին», — ասաց նա: Բադալյանը համոզված է, որ եկեղեցու դեմ իր արշավը ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կշարունակի նոր թափով և նոր տրամաբանությամբ:

