ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացումները․ ինչ է փոխվել և ինչ է սպասվում հայ աշխատողներին

ՌԴ քաղաքականության խստացումները․ ինչ է փոխվել և ինչ է սպասվում հայ աշխատողներին

Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն օրենսդրության խստացումները շարունակական բնույթ են կրում։ 2021 թվականից մինչև 2026 թվականի հունվարը կատարվել է 73 փոփոխություն, և գործընթացը դեռ ավարտված չէ։ Փոփոխությունների մեծ մասը վերաբերում է վերահսկողության ուժեղացմանը, օտարերկրյա աշխատողների թվի սահմանափակմանը և սոցիալական երաշխիքների վերանայմանը։ Այս մասին նշեց միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ 

Քվոտավորում՝ նաև ԵԱՏՄ քաղաքացիների համար

Նրա խոսքով՝ 2026 թվականի մարտից նախատեսվում է օտարերկրյա աշխատողների քվոտավորման մեխանիզմի ներդրում։ Սա վերաբերում է նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիներին, թեև մինչ այժմ ԵԱՏՄ շրջանակում աշխատաշուկայի ռեժիմը համեմատաբար ազատ էր։

Նոր կարգավորմամբ, ասաց Բեժանյանը, գործատուին կտրվի հստակ սահմանված քվոտա՝ որքան օտարերկրացի աշխատող կարող է ներգրավել։ Եթե այդ սահմանը գերազանցվի, շարունակեց փորձագետը, գործատուն պարտավոր կլինի կրճատել օտարերկրյա աշխատողների թիվը և նրանց փոխարեն ներգրավել ՌԴ քաղաքացիների։

Փոփոխությունները տարբեր ոլորտներում տարբեր ազդեցություն կունենան։ Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում օտարերկրացիների թույլատրելի մասնաբաժինը նախկին 75 տոկոսի փոխարեն կկազմի 25 տոկոս։ Սա նշանակում է, որ նախկինում լայնորեն ներգրավված միգրանտ աշխատուժը զգալիորեն կսահմանափակվի։

Քվոտավորումը կիրականացվի ըստ տարածաշրջանների և աշխատանքի բնույթի։ Այսպիսով, որոշ մարզերում կամ ոլորտներում սահմանափակումներն ավելի խիստ կարող են լինել։

Սոցիալական քաղաքականության վերանայում․ մայրական կապիտալ

Խստացումներ են նախատեսվում նաև սոցիալական ոլորտում։ Քննարկվում է փոփոխություն, ըստ որի՝ 2027 թվականից մայրական կապիտալ չի տրամադրվի այն կանանց, որոնք երեխայի ծնվելու պահին առնվազն հինգ տարի չեն ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն։

Այս նախաձեռնությունը վերաբերում է նաև նրանց, ովքեր ստացել են քաղաքացիություն կամ ունեն կացության կարգավիճակ, սակայն դեռ չեն լրացրել հինգ տարվա շեմը։ Փաստացիորեն սա նշանակում է, որ նոր քաղաքացիություն ստացած ընտանիքները որոշ ժամանակով կզրկվեն այս սոցիալական աջակցության հնարավորությունից։

Ֆինանսական վերահսկողության խստացում

ՌԴ-ում ուժեղացվել են նաև ֆինանսական վերահսկողության մեխանիզմները։ Եթե օտարերկրյա աշխատողը բանկային փոխանցում է կատարում իր աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձից ավել գումարով կամ ամբողջությամբ փոխանցում է ստացված եկամուտը, դա կարող է դիտարկվել որպես ռիսկային գործարք։

Այդ դեպքում հնարավոր է բանկային հաշիվների սառեցում, անձի ընդգրկում վերահսկվող անձանց ռեեստրում և լրացուցիչ ստուգումներ։ Աշխատողից կարող են պահանջել պարզաբանել եկամուտների աղբյուրը՝ պարզելու համար, թե ինչ միջոցներով է նա գոյատևում, եթե ամբողջ գումարը փոխանցում է կամ հայտարարագրվածից ավել միջոցներ է շրջանառության մեջ դնում։

Նախկինում տարածված պրակտիկան՝ պայմանագրում մեկ գումար նշելն ու փաստացի ավելի բարձր աշխատավարձ ստանալը (հարկային բեռը նվազեցնելու նպատակով), այժմ կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։

Scroll to Top