ՍԴ-ը վերածվում է Նիկոլ Փաշինյանի «անձնական դատարանի»

ՍԴ-ը վերածվում է Նիկոլ Փաշինյանի «անձնական դատարանի» 

Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընտրեց «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին Սահմանադրական դատարանի դատավոր։ Մի շարք հասարակական կազմակերպություններ կոչ էին արել ձեռնպահ մնալ այդ թեկնածուի ընտրությունից, սակայն խորհրդարանը անտեսեց հնչեցված մտահոգությունները։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը նշում է, որ Վլադիմիր Վարդանյանը վերջին յոթ տարիներին ակտիվորեն զբաղվել է քաղաքական գործունեությամբ և ունի կուսակցական պատկանելիություն։ Այս հանգամանքը, նրա խոսքով, առերևույթ կասկած է հարուցում նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։

ՔՊ-ի սահմանադրական դատարան

ՀԿ նախագահի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանը արդեն իսկ վերածվել է ՔՊ-ի սահմանադրական դատարանի։ Նա հիշեցնում է, որ դատարանում արդեն իսկ ներկայացված են ՔՊ-ին նվիրված անձինք։ Մասնավորապես նշում է Արտակ Զեյնալյանին, ով հանդիսանում է «Հանրապետություն» կուսակցության անդամ և հայտնի է իր նվիրվածությամբ Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ-ի հանդեպ նույն նվիրվածությամբ ՍԴ-ում աշխատող Ստյոպա Սաֆարյանի քրոջը։

«Հիմա Վլադիմիր Վարդանյանի ընտրությամբ այս պատկերը ավելի է ամրապնդվում։ Վարդանյանը, երբ խոսում է, օգտագործում է միայն կեղծ խոսույթ, շաբլոնային բառապաշար և ցուցաբերում է բացարձակ նվիրվածություն Նիկոլ Փաշինյանին», — ընդգծում է Ժաննա Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ այդպիսով Սահմանադրական դատարանը, որը պետք է լինի բարձր դատարան և անկախ ինստիտուտ, փաստորեն վերածվում է Նիկոլ Փաշինյանի անձնական դատարանի։

Ալեքսանյանը համարում է, որ նման քայլերը վկայում են իշխանության կողմից ինստիտուտների վերահսկողության ամրապնդման միտումների մասին։ Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը, որը պետք է լինի սահմանադրական կարգի և մարդու իրավունքների պաշտպանության երաշխիք, փոխարենը դառնում է մեկ անձի և մեկ քաղաքական ուժի գործիք։

«Ինչ ուզենա՝ անում է» մոտեցումը

Ալեքսանյանը մտահոգություն է հայտնում, որ իշխանությունները փորձում են ամբողջական վերահսկողություն ստեղծել ոչ միայն դատական, այլև ընտրական համակարգի նկատմամբ։ Նա հիշեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի օրինակը, ով՝ նույնպեց լինելով ՔՊ նախկին պատգամավոր, նույնպես շարունակում է ցուցաբերել անվերապահ նվիրվածություն իշխող թիմին իր այս պաշտոնում նշանակվելուց հետո։

Ալեքսանյանը նշում է. «Փաշինյանը վարչապետ լինելու մասին ունի շատ հստակ պատկերացում՝ ինչ ուզենա՝ անում է։ Երբ խախտում է օրենքները կամ  հայհոյում է, նա չի հիշում, որ ինքը երկրի վարչապետ է և սահմանափակված է օրենքներով։ Բայց երբ խոսքը գնում է իր շահերի մասին՝ անմիջապես հիշում է իր պաշտոնը»։

Scroll to Top