Ամիսներ առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում երկու համայնքում հաղթել են ոչ իշխանական ներկայացուցիչներ. մեկը Փարաքարում, մյուսը՝ Գյումրիում։ Այսօր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը սպանվել է, Գյումրիի քախաքապետ Վարդան Ղուկասյանը, ամենայն քավանականությամբ կկալանավորվի։ Այս մասին ասել է Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Գրիգորյանը շեշտել է, որ Գյումրիի քաղաքապետի Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն․ «Սա քաղաքական հաշվեհարդար է, որի նպատակն է մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ ազդեցություն ունեն և ընդդիմադիր դիրքորոշում ունեն», – նշել է նա:
Պատգամավորը ընդգծել է, որ այս գործողությունները ոչ միայն վերաբերում են քաղաքապետերին կամ քաղաքական գործիչներին, այլ նաև հոգևոր դասին ու փաստաբաններին, ովքեր իրենց գործունեությամբ կամ դիրքորոշմամբ կարող են ազդել հանրության վրա․ «Լիովին ակնհայտ է, որ իշխանությունները չեն հանդուրժում ընդդիմադիրներին՝ լինի քաղաքապետ, թե հոգևորական, անգամ եթե վերջինս ոչ թե քաղաքական դիրքորոշում ունի, այլ քաղաքացիական», – ասել է Գրիգորյանը:
Նա նաև անդրադարձել է եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներին․ «Խնդիրը միայն անհատներն չեն, խնդիրը ինստիտուտն է՝ եկեղեցին: Իշխանությունները փորձում են այն թուլացնել ու հպատակեցնել, որպեսզի եկեղեցին չկարողանա անկախ դիրքորոշում հայտնել, նույնիսկ միջազգային հարթակներում», – նշել է պատգամավորը:
Գրիգորյանը նշել է, որ իշխանությունները փորձում են նախընտրական շրջանում չեզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են ազդեցություն ունենալ․ «Սա ոչ միայն նախընտրական տրամաբանություն է, այլ նաև ակնհայտ քաղաքական նպատակաուղղվածություն: Նրանց փորձում են մեկուսացնել, որպեսզի ընդդիմությունը որևէ հնարավորություն չունենա ազդելու գործընթացների վրա», – ասել է նա:
Պատգամավորը մանրամասնել է, որ սա արդեն երկրորդ ու երրորդ դեպքը չէ․ նման ռեպրեսիաներ եղել են նաև այլ համայնքներում, Միքայել Սրբազանի և Բագրատ Սրբազանի հետ կապված դատավարություններում, ինչպես նաև Սամվել Կարապետյանի և այլ անձանց կալանավորումների դեպքում։ «Բայց ինչքան ուժեղացնեն ռեպրեսիաները, այնքան ուժեղ կլինի ժողովրդի հակազդեցությունը», – ընդգծել է նա:
Պատգամավորը շեշտել է, որ գործողությունները ցույց են տալիս, թե որքան վախեցած է ներկայիս իշխանությունը սեփական դիրքից ու իշխանությունից կորցնելու մտքից։ «Իրենք ուզում են ուժով պահպանել վերահսկողությունը, բայց ինչքան շատ կփորձեն բռնությամբ մեկուսացնել ընդդիմադիրներին, այնքան ուժեղ կլինի հակազդեցությունը ժողովրդից և ընդդիմությունից», – ասել է նա:
Գրիգորյանը հորդորել է ընդդիմադիրներին համախմբվել և պաշտպանել ոչ միայն անհատների, այլ նաև ինստիտուտների:

