Lրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող հիմնական թեմաները հաճախ չեն համընկնում հասարակության իրական մտահոգությունների հետ։ Այս մասին նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հղում անելով վերջին շրջանում լիտվական գործընկերների հետ կատարված ուսումնասիրությանը։ Նրա խոսքով՝ տրամադրությունները ԶԼՄ-ում ու սոցցանցերում շոշափելի խզման մեջ է գտնվում այն տրամադրությունների հետ, որորնք արձանագրում են սոցհարցումները։
Երկու տարբեր իրականություն
Գրիգորյանի խոսքով՝ վերջին շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները, մասնավորապես՝ ԱՄՆ Հանրապետական ինստիտուտի ուսումնասիրությունները, ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիներին առաջին հերթին հետաքրքրում են սոցիալ-տնտեսական հարցերը։ Խոսքը վերաբերում է գների աճին, կենսաթոշակներին, կառավարության տնտեսական քաղաքականությանը և իրականացվող ծրագրերի արդյունավետությանը։
Այս խնդիրները, ըստ նրա, հուզում են առնվազն հասարակության 30-35 տոկոսին և ձևավորում են հանրային պահանջարկի առանցքը։
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում և սոցիալական հարթակներում գերակշռում են այլ թեմաներ՝ Ղարաբաղի հարցը, անվտանգային մարտահրավերները, տարածքային զիջումների շուրջ քննարկումները։ Գրիգորյանը նշում է, որ այս օրակարգը հաճախ ներկայացվում է որպես գերակա, թեև այն չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները։
Արհեստական օրակարգերի ձևավորում
Քաղաքագետի գնահատմամբ՝ նման անհամապատասխանությունը պայմանավորված է նաև որոշ քաղաքական ուժերի և նրանց հետ կապ ունեցող լրատվամիջոցների գործունեությամբ։ Նրա խոսքով՝ հատկապես պրոռուսական ընդդիմադիր շրջանակները, օգտագործելով իրենց ազդեցությունը մեդիա դաշտում, ձևավորում են որոշակիորեն արհեստական օրակարգեր։
Այս օրակարգերը, ըստ Գրիգորյանի, հաճախ չեն բխում հասարակության լայն շերտերի իրական խնդիրներից և կարող են շեղել հանրային քննարկումները առաջնահերթ թեմաներից հատկապես նախընտրական շրջանում։
Ընտրարշավի հիմնական մարտահրավերը
Գրիգորյանը կարևորում է առաջիկա ընտրական գործընթացների ընթացքում այս խնդրի հաղթահարումը։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է, որպեսզի թե՛ լրատվամիջոցները, թե՛ քաղաքական ուժերը ընտրարշավի ընթացքում անդրադառնան հասարակության համար իրականում կարևոր հարցերին։
Նա ընդգծում է, որ ընտրական բանավեճերի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով ադեկվատ կարտացոլվեն սոցիալ-տնտեսական և հանրային օրակարգի մյուս առանցքային խնդիրները, այլ ոչ թե միայն քաղաքականապես ձևավորված թեմաները։

