Հայաստանի քաղաքական շրջանակներում կրկին ակտիվացել են քննարկումները՝ վերաստեղծելու էներգետիկայի ոլորտի համար պատասխանատու առանձին նախարարություն ունենալու անհրաժեշտության շուրջ։ 2019 թվականի վարչական բարեփոխման արդյունքում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը լուծարվել և միավորվել էր Տարածքային զարգացման և կառավարման նախարարության հետ։ Այդ միավորման հիման վրա ձևավորվել էր նոր գերատեսչություն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որին էլ վերապահվել էին էներգետիկ ոլորտի գործառույթները։
Սակայն ոլորտին նվիրված առանձին նախարարության բացակայությունը գնալով ընկալվում է որպես համակարգային խնդիր․ առանց ինստիտուցիոնալ պատշաճ հենարանի մնում են մի շարք առանցքային հարցեր, իսկ ոլորտի պատասխանատու փոխնախարարի պաշտոնը թափուր է արդեն ամիսներ շարունակ։ Ռազմավարական պլանավորման, էներգետիկ անվտանգությա և ենթակառուցվածքների ժամանակակից զարգացման պահանջների աճի պայմաններում առանձին նախարարություն ունենալու հարցը դառնում է առավել քան ակտուալ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը համոզված է՝ հաշվի առնելով էներգետիկայի ոլորտում կառավարության առաջադրած հավակնոտ նպատակները, անհրաժեշտ է, որպեսզի այս ոլորտը ղեկավարվի առանձին գերատեսչության կողմից։
«Էներգետիկան ընդգրկում է մի շարք մասնագիտացված, սակայն միաժամանակ ռազմավարական նշանակության հարցեր։ Ոլորտը պետք է վերահսկի լիարժեք նախարար, իսկ յուրաքանչյուր փոխնախարար պետք է համակարգի առանձին ուղղություն՝ մեկը՝ ատոմային էներգետիկա, մյուսը՝ հիդրոէներգետիկա, երրորդը՝ արեւային, չորրորդը՝ բաշխիչ ցանցեր և այլն։ Իսկ այսօր ունենք մի իրավիճակ, երբ ողջ պատասխանատվությունն ընկած էր միայն մեկ փոխնախարարի վրա, ով ուներ շատ սահմանափակ աշխատակազմ։ Այժմ այդ փոխնախարարը ևս չկա, և ոլորտը փաստացի վերահսկում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն անձամբ։ Բայց առկա խնդիրների արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է կա՛մ էապես ուժեղացնել էներգետիկայի ուղղությունը գործող նախարարության շրջանակում, կա՛մ լրջորեն քննարկել առանձին Էներգետիկայի նախարարություն ստեղծելու հնարավորությունը», — նշել է Թունյանը։

