Սահմանադրական բարեփոխումների շեմին. Արդյոք ժամանակը չէ՞ վերանայել սահմանափակումները 

Այսօր՝ հուլիսի 17-ին, Սամվել Կարապետյանի՝ կալանավորված գործարարի և բարերարի զարմիկը՝ Նարեկ Կարապետյանը, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նա մատնանշել է այն հիմնական մեխանիզմները, որոնցով, իր համոզմամբ, գործող իշխանությունն առաջիկայում կփորձի թուլացնել և վարկաբեկել ձևավորվող նոր քաղաքական ուժը։ Նրա ելույթի առանցքային շեշտադրումներից մեկը վերաբերում էր Սփյուռքի դերին, որպես Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի լիիրավ սուբյեկտ։ Կարապետյանի խոսքով՝ գործող իշխանությունը նպատակաուղղված կերպով խզում է Սփյուռքի և Հայրենիքի օրգանական կապը։

«Եթե մենք հայտարարում ենք, որ Սփյուռքը չպետք է լինի Հայաստանի աջակցության գործոն, այսինքն՝ ընդունում ենք, որ այն պարզապես պետք է ուղարկի փող, որը մենք կծախսենք, բայց չպետք է ձայնի իրավունք ունենա երկրի քաղաքական կյանքում, դա անընդունելի է։ Սփյուռքում հարյուր հազարավոր հայեր կան, ովքեր կրթություն են ստացել աշխարհի առաջատար համալսարաններում։ Հայաստանում այդ հնարավորությունները քիչ են։ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում իր քաղաքացիներին աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստանալու համար ուղարկելու վրա, Վրաստանը նման հնարավորություններ չունի։ Ինչո՞ւ մենք չենք օգտագործում Սփյուռքի ներուժը։ Ինչո՞ւ է երկրի ղեկավարությունը փորձում կտրել այդ ներուժը՝ Սփյուռքը վերածելով մի կառուցվածքի, որը պարզապես փող է ուղարկում»,- հարց է բարձրացրել Կարապետյանը։

Այս հայտարարությունը կրկին ակտուալացնում է մի զգայուն հարց՝ պե՞տք է արդյոք կրկնակի քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցները  իրավունք ունենան մասնակցելու երկրի կառավարմանը, զբաղեցնելու պետական պաշտոններ, դառնալու պատգամավորներ ու նախարարներ։ Հարցի հրատապությունը հատկապես սրվում է պետական կառավարման տարբեր ոլորտներում կադրային սուր պակասի ֆոնին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ կրկնակի քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող զբաղեցնել պատգամավորի կամ նախարարի պաշտոններ։ Ֆորմալ առումով սա հիմնավորված է պետական հավատարմության, շահերի բախման և ազգային անվտանգության հարցերով։ Շատ դեպքերում նման սահմանափակումները արդարացված են, քանի որ, օրինակ, եթե պաշտպանության նախարարը միաժամանակ քաղաքացիություն ունի մեկ այլ երկրում, նույնիսկ բարեկամական, դա կարող է ստեղծել տեղեկատվության արտահոսքի, ճնշման կամ շանտաժի վտանգ։ Նույնը վերաբերում է դիվանագիտությանը. Հայաստանը չի կարող թույլ տալ, որ երկրի արտաքին քաղաքականության ձևավորմանը մասնակցի անձ, որը ենթակա է նաև մեկ այլ պետության իրավասությանը։

Բայց որքանո՞վ է արդիական և տեղին նույն սահմանափակումները պահպանել կառավարման մյուս ոլորտների համար, ինչպիսիք են տնտեսությունը, բնապահպանությունը կամ բարձր տեխնոլոգիաները։ Հասկանալի է, որ բոլոր պետական կառույցները ուղղակի կապ ունեն ազգային անվտանգության հետ, սակայն կան մի շարք երկրներ, որտեղ նման սահմանափակումներ չեն դրվում։ Շատ ժողովրդավարական երկրներում կրկնակի քաղաքացիություն ունեցող անձինք կարող են զբաղեցնել պետական պաշտոններ՝ բացառությամբ պաշտպանության և դիվանագիտական ոլորտների։ Օրինակ՝ Կանադայում, Իսրայելում, Իտալիայում, ինչպես նաև Լատվիայում և Լիտվայում այս հարցում գործում են ճկուն ձևաչափեր, հատկապես, երբ խոսքը վերաբերում է բարեփոխումներին և որակյալ կադրերի ներգրավմանը։

Հայաստանը սովորական պետություն չէ։ Սա այն երկիրն է, որն ունի հսկայական և պատմականորեն ակտիվ Սփյուռք, որը թվով առնվազն կրկնակի գերազանցում է հանրապետության բնակչությանը։ Ի տարբերություն հարևանների՝ Հայաստանը չունի նավթային եկամուտներ կամ ելք դեպի ծով։ Փոխարենը նա ունի արտերկրում հզոր մարդկային կապիտալ՝ կրթված, հաջողակ, Հայաստանին նվիրված մարդիկ, որոնք կարող են կառավարմանը բերել ժամանակակից հմտություններ, կապեր և փորձ։ Տնտեսության, էկոլոգիայի կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ հատկապես կարևոր են գիտելիքը, պրոֆեսիոնալիզմը և գլոբալ մոտեցումը, այդպիսի մարդիկ անգնահատելի ռեսուրս են։ Բայց Հայաստանը սահմանափակում է կառավարմանը մասնակցելու նրանց հնարավորությունը։

Սակայն կա նաև հարցի մյուս կողմը։ Եթե մարդն իսկապես ցանկանում է ծառայել Հայաստանին, ինչո՞ւ նա չի հրաժարվում երկրորդ քաղաքացիությունից։ Իսկապե՞ս նախարարի պաշտոնը այն մակարդակը չէ, երբ կարելի է վերջնական ընտրություն կատարել։ Կասկած է առաջանում՝ արդյո՞ք երկրորդ քաղաքացիությունը երաշխիք չէ  քաղաքական ռիսկերից։

Այս փաստարկը բարոյական հնչողություն ունի. պետությանը ծառայելը պահանջում է լիակատար նվիրվածություն։ Սակայն այն միշտ չէ, որ արտացոլում է իրականությունը։ Երկրորդ քաղաքացիությունից հրաժարվելը կարող է հանգեցնելոչ միայն մեկ այլ երկրում բնակվելու իրավունքի կորստի, աշխատելու, սովորելու, բիզնես վարելու կամ պարզապես ընտանիքի հետ շփվելու  անհնարինության։ Հարցն ավելի խորն է՝ սա ինքնության, կենսագրության, առաքելության հարց է, և ոչ միայն երկու անձնագրերի միջև ընտրություն։

Լուծումը կարող է լինել ոչ թե պարզեցմամ կամ խստացմամ, այլ տարբերակված մոտեցման մեջ։ Գուցե արժե պահպանել սահմանափակումը ուժային և արտաքին քաղաքական կառույցների համար, բայց վերացնել այն «խաղաղ» նախարարությունների դեպքում՝ ստեղծելով հավատարմության ստուգման համակարգ, շահերի բացահայտ հայտարարագրի պարտավորություն և պատասխանատվության այլ մեխանիզմներ։ Գուցե այս դեպքում մենք կդադարենք կրկնակի քաղաքացիություն ունեցող անձին ընկալել որպես սպառնալիք և կսկսենք նրան դիտարկել որպես ռեսուրս։

Scroll to Top