Ռուսական ռազմաբազան՝ Հայաստանի սահմանների իրավական երաշխի՞քն է  

Ռուսաստանի համար ռազմաբազայից ոչ պակաս, իսկ գուցեև ավելի կարևոր է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ երկաթուղու հարցը։ Այս մասին նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ռազմաբազայի դուրսբերման Ռուսաստանի պատրաստակամության մասին։ 
Ռուսաստանի համար առանցքայինը երկաթուղին է

Դանիելյանի կարծիքով՝ Հարավային Կովկասը դիտարկվում է որպես կարևոր տարանցիկ ուղղություն դեպի Կենտրոնական Ասիա, իսկ Ռուսաստանի համար Հայաստանը և Ադրբեջանը կարևոր են նաև Իրանի և հետագայում Հնդկական օվկիանոսի ուղղությամբ հաղորդակցությունների տեսանկյունից։

«Ես կարծում եմ՝ առաջին հերթին խոսքը երկաթուղու մասին է»,- ընդգծում է քաղաքագետը։

Դանիելյանի խոսքով՝ եթե վերականգնվի և գործարկվի Հայաստանի տարածքով անցնող երկաթուղային կապը, Ռուսաստանը կարող է Հայաստանի և Նախիջևանի ուղղություններով նոր հնարավորություններ ստանալ դեպի Թուրքիա և Իրան։

Միաժամանակ, ըստ քաղաքագետի, Ադրբեջանի և Իրանի միջև կառուցվող երկաթուղային նախագիծը շարունակում է խնդիրների առաջ կանգնել, մինչդեռ Թուրքիան նախատեսում է Նախիջևանի միջոցով երկաթուղային կապ հաստատել դեպի Կարս։

Դանիելյանը հատկապես կարևորում է այն հարցը, թե ով է վերահսկելու Հայաստանի հարավում նախատեսվող կամ քննարկվող մոտ 40 կիլոմետրանոց հատվածը։

«Ամբողջ խնդիրը երկաթուղին է։ Առաջին հերթին երկաթուղին է կարևոր, և ես կարծում եմ այս պահի խոսակցությունը դրա շուրջ է գնում, հաղորդակցությունների շուրջ է»,- ասում է նա։

Արցախից մինչև տարածաշրջանային հաղորդակցություններ

Դանիելյանը տարածաշրջանային հաղորդակցությունների հարցը կապում է նաև Արցախյան գործընթացի և 2020 թվականի պատերազմից հետո տեղի ունեցած զարգացումների հետ։

Նրա համոզմամբ՝ Արցախում ռուսական ներկայության հարցը ևս կապված էր ավելի լայն աշխարհաքաղաքական և հաղորդակցային ծրագրերի հետ։

Քաղաքագետը պնդում է, որ Արևմուտքն ու Թուրքիան տարածաշրջանում սեփական հաղորդակցային ծրագրերն ունեն, և այդ ծրագրերի իրականացման համար կարևոր է ռուսական ներկայության վերացումը։

«Ըստ էության, Պուտինը ասաց՝ այդ ռազմաբազայով մեզ շանտաժի մի ենթարկեք, եթե ուզում եք՝ մենք կհեռացնենք ռազմաբազան։ Այսինքն՝ դա երկաթուղու հարցում առևտրի առարկա չի կարող լինել։ Երկաթուղու հետ կապված ռուսները նշում են, որ ցանկացած հարց պատրաստ են քննարկել, ցանկացած ներդրում կարող եք անել, անհրաժեշտության դեպքում՝ առանձին հատվածներ կառուցել։ Բայց երկաթուղին ամենակարևոր հարցն է, որովհետև այն աշխարհաքաղաքական խնդիր է։ Այսինքն՝ Ռուսաստանը դրանով ցույց տվեց, որ ռազմաբազան առաջին հերթին հենց ՀՀ-ին է պետք», — նշեց նա։ 

Լավրովի հայտարարությունը և Թուրքիայի հետ սահմանների հարցը

Այս համատեքտում Դանիելյանը կարևոր նշանակություն է տալիս նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա են խնդիրներ։

Քաղաքագետը ենթադրում է, որ խոսքը կարող է վերաբերել ոչ միայն ներկայիս քաղաքական հարաբերություններին, այլև պատմական և իրավական փաստաթղթերին, որոնց հիման վրա ձևավորվել են տարածաշրջանի սահմանները, մասնավորապես Կարսի պայմանագրին

Նրա խոսքով՝ այս պայմանագրի շուրջ բանակցությունները երկար և չափազանց ծանր են ընթացել, և դրանց ընթացքում քննարկվել են Հայաստանի տարածքի, Թուրքիայի հետ սահմանի, Աջարիայի և մի շարք այլ տարածքների հարցերը։ Նա հիշեցրեց, որ Կարսի պայմանագրից առաջ Հայաստանի տարածքը կազմում էր մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր։

«Հայաստանը մինչև այդ՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով, մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր էր, որի մի հատվածն էլ չեզոք գոտի էր։ Այսինքն՝ նույնիսկ 12 հազար քառակուսի կիլոմետր չկար։ Բարդ և ծանր բանակցություններից հետո Կարսի պայմանագրով Հայաստանը դարձավ մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր»։

Ռազմաբազայի հարցը՝ «դրոշի և պայմանագրերի հարց է»

Դանիելյանի համոզմամբ՝ հենց այստեղ է առաջանում նաև Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցի իրական նշանակությունը։ Նրա տրամաբանությամբ՝ Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում կապված է նաև այն պայմանագրային համակարգի պահպանման հետ, որի շրջանակում ձևավորվել են Հայաստանի ներկայիս սահմանները։

Հետևաբար, ըստ նրա, եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից և ռուսական ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից, կարող են առաջանալ հարցեր նաև սահմանների և դրանց իրավական հիմքերի վերաբերյալ։  Նա մասնավորապես նշում է Ամասիայի ուղղությունը և այդ հատվածի հետ կապված պատմական-իրավական խնդիրները՝ ընդգծելով, որ Ռուսաստանի՝ որպես Խորհրդային Ռուսաստանի իրավահաջորդի, ներկայությունն այս ամբողջ համակարգում նրա համար ունի ոչ միայն ռազմական, այլև իրավաքաղաքական նշանակություն։

«Եթե Ռուսաստանը դուրս է գալիս, մնում է Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Սա շատերի համար կարող է անհավատալի թվալ, բայց իրականությունն այն է, որ այդ հարցերը գոյություն ունեն», — ասում է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ Լավրովի հայտարարությունը հենց այս տեսանկյունից է մեկնաբանում։  «Այսինքն՝ բազայի հարցը դա պայմանագրերի հարց է, դա սահմանների հարց է, դա սահմանապահ զորքի հարց է», — ընդգծում է Դանիելյանը։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top