ԱՄՆ-ի նոր հաշվարկը․ ինչո՞ւ է Վաշինգտոնը կրճատում իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի նոր հաշվարկը․ ինչո՞ւ է Վաշինգտոնը կրճատում իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ը աստիճանաբար նվազեցնում է իր անմիջական ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում՝ միաժամանակ փորձելով կանխել այն վակուումը, որը կարող է առաջանալ իր ներկայության կրճատման հետևանքով։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանի գնահատմամբ՝ այս գործընթացն արդեն տեսանելի է տարածաշրջանում, և առաջիկա տարիներին Վաշինգտոնն իր հիմնական ռեսուրսները կենտրոնացնելու է Չինաստանի զսպման ուղղությամբ՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։

Սաֆրասյանի խոսքով՝ ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում դերակատարության աստիճանական նվազման մասին վկայող կարևոր օրինակ է Սիրիայում քրդական զինված խմբավորումների վարքագիծը։ «Սիրիայում քրդական զինված ջոկատները հրաժարվում են զինված պայքարից, ցած են դնում իրենց զենքերը, և դա մեծապես պայմանավորված է Ամերիկայի Միացյալ Նահանգների գործոնով»,– նշում է թուրքագետը։ Նրա գնահատմամբ՝ քրդերը երկար ժամանակ օգտվում էին ԱՄՆ-ի հովանավորությունից, սակայն այժմ Վաշինգտոնը աստիճանաբար նվազեցնում է իր աջակցությունն ու ներգրավվածությունը։ «Ամերիկացիները, այսպես ասած, հետ են քաշվում»,– ասում է Սաֆրասյանը։

Թուրքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության ավարտից հետո Մերձավոր Արևելքում ամերիկյան ազդեցության հետագա նվազումը կարող է ավելի ակնհայտ դառնալ։ Սակայն, նրա գնահատմամբ, խոսքը տարածաշրջանից ամբողջական հեռանալու մասին չէ։ Սաֆրասյանը նշում է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում կրկնել Աֆղանստանի օրինակը, երբ ամերիկյան ուժերը ամբողջությամբ դուրս եկան երկրից։ Փոխարենը, ԱՄՆ-ը, ըստ նրա, աստիճանաբար կկրճատի այն ռեսուրսները, որոնք օգտագործում է Մերձավոր Արևելքում իր ազդեցությունն ու վերահսկողությունը պահպանելու համար։ Այս պայմաններում, ըստ թուրքագետի, առանձնահատուկ նշանակություն են ստանում տարածաշրջանում ձևավորվող նոր պայմանավորվածությունները։ Նրա գնահատմամբ՝ օգոստոսի 7-ի համաձայնագիրը նույնպես պետք է դիտարկել այն գործընթացի համատեքստում, որի նպատակն է հնարավոր ամերիկյան ներկայության կրճատման հետևանքով առաջացող վակուումը լրացնել տարածաշրջանային դերակատարների միջոցով։Սաֆրասյանը համոզված է, որ այդ գործընթացը համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ։«Ես համոզված եմ՝ համաձայնեցված է ամերիկացիների հետ»,– ասում է նա՝ նշելով, որ այդ ուղղությամբ բանակցությունները շուրջ երկու տարի շարունակվել են։ 

Միաժամանակ, ըստ Սաֆրասյանի, ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը չի սահմանափակվում միայն Մերձավոր Արևելքով։ Նման միտումներ նա տեսնում է նաև Եվրոպայում։ Վաշինգտոնից ավելի հաճախ են հնչում հայտարարություններ այն մասին, որ եվրոպական երկրներն իրենք պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն սեփական անվտանգության ապահովման համար։ Սաֆրասյանի գնահատմամբ՝ դա վկայում է Եվրոպայում ամերիկյան ռազմական և անվտանգային ներգրավվածությունը աստիճանաբար նվազեցնելու ընդհանուր ռազմավարության մասին։ Եթե գործընթացը դիտարկենք գլոբալ մակարդակում, ապա, ըստ թուրքագետի, ԱՄՆ-ը առաջիկա տասնամյակներում իր հիմնական ռեսուրսներն ուղղելու է այն տարածաշրջաններին, որոնք անմիջականորեն առնչվում են Չինաստանի հետ։ Խոսքը, մասնավորապես, Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Խաղաղ օվկիանոսի և Օվկիանիայի ուղղությունների մասին է։ ԱՄՆ-ի համար առաջնային խնդիր է լինելու Չինաստանի ազդեցության ընդլայնումը սահմանափակելը և սեփական դիրքերի պահպանումը այդ տարածաշրջանում։

Այս համատեքստում Եվրոպան և Մերձավոր Արևելքը աստիճանաբար կարող են երկրորդական տեղ զբաղեցնել ամերիկյան ռազմավարական օրակարգում։ «Մենք տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց ներկայությունը կուժեղացնեն այն տարածաշրջանում, որն անմիջականորեն առնչվում է Չինաստանի հետ։ Այդտեղ են նրանք հիմա կենտրոնացնելու իրենց ռեսուրսները՝ սահմանափակելու չինական ազդեցության շրջանակները»,– նշում է Սաֆրասյանը։


👉 Տարածաշրջան — Vectors.am

Scroll to Top