Ինչի՞ համար էին իրականում ստեղծվում ԱՊՆ-ն, ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն 

ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվում էին ոչ թե իրենց կանոնադրություններում ամրագրված նպատակների իրականացման համար, այլ հետխորհրդային երկրների կախվածությունը Ռուսաստանից ապահովման նպատակադրումով։  Այս կարծիքին է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ ընդգծելով, որ հենց այս տրամաբանությունն է թույլ տալիս հասկանալ նաև Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի վարքագիծը և, ի վերջո, Երևանի որոշումը՝ սառեցնել կազմակերպությունում իր մասնակցությունը։

« ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ–ի ձևավորման միայն մեկ պատճառ է եղել։ Այդ մեկ պատճառը՝ հետխորհրդային տարածաշրջանի երկրները  տնտեսապես, ռազմական ոլորտում և քաղաքականապես հնարավորինս կապել ՌԴ-ի հետ, որպեսզի այդ երկրները շատ չհեռանան Ռուսաստանից»,– ասում է քաղաքագետը։

Այս տրամաբանության մեջ ԵԱՏՄ-ին անդամակցությունը սահմանափակում է անդամ երկրների տնտեսական մանևրի հնարավորությունները։ Ղևոնդյանի խոսքով՝ եթե երկիրը ԵԱՏՄ անդամ է, դժվար է միաժամանակ իրականացնել Ռուսաստանի հետ չհամաձայնեցված լայն տնտեսական ինտեգրում կամ ազատ առևտրի նոր համաձայնագրեր կնքել։ Նույնը, նրա գնահատմամբ, վերաբերում է նաև անվտանգային ոլորտին. ՀԱՊԿ-ի անդամ լինելը սահմանափակում է ՆԱՏՕ-ի կամ արևմտյան անվտանգության կառույցների հետ խոր ինտեգրման հնարավորությունը։

Այսպիսով, այդ կառույցների միջոցով Մոսկվան ձգտել է պահպանել հետխորհրդային երկրների նկատմամբ իր ազդեցությունը և թույլ չտալ, որ դրանք վերջնականապես դուրս գան ռուսական քաղաքական, տնտեսական և անվտանգային համակարգից։

Ղևոնդյանը այս քաղաքականությունը կապում է նաև Ռուսաստանի ավելի լայն աշխարհաքաղաքական պատկերացումների հետ, որոնցում հետխորհրդային տարածքը դիտարկվում էր որպես Ռուսաստանի ազդեցության գոտի։ Նրա խոսքով՝ Մոսկվայում երկար ժամանակ գոյություն է ունեցել այն հաշվարկը, որ այն երկրները, որոնք բավարար չափով չեն հեռացել Ռուսաստանից, հետագայում հնարավոր կլինի կրկին միավորել ՌԴ շուրջ։

Քաղաքագետի գնահատմամբ՝ 2022 թվականին Ռուսաստանի ղեկավարությունը, ըստ էության, սխալ հաշվարկ կատարեց՝ կարծելով, որ եկել է այդ գործընթացի հաջորդ փուլը։ Ուկրաինայի դեմ պատերազմը, նրա խոսքով, այդ տրամաբանության ամենավառ դրսևորումն էր։ Սակայն ռուսական հաշվարկները չիրականացան, իսկ դրա հետևանքներից մեկը եղավ նաև Հայաստանի նկատմամբ նախկին ազդեցության մեխանիզմների արդյունավետության կտրուկ նվազումը։

Հայաստանի դեպքում հաշվարկը չաշխատեց

Ղևոնդյանի կարծիքով՝ Ռուսաստանը հենց իր քաղաքականությամբ է նպաստել նրան, որ Հայաստանը սկսի վերանայել ՀԱՊԿ-ի շրջանակներում իր մասնակցությունը։

Քաղաքագետը հատկապես կարևոր է համարում այն հանգամանքը, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում էր անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք, նրա գնահատմամբ, կազմակերպությունը փաստացի չէր պատրաստվում տրամադրել։

Այս հակասությունը առավել ցայտուն դարձավ 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ իրականացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Ղևոնդյանի մեկնաբանությամբ՝ Ռուսաստանի՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառների մասին Մոսկվան պաշտոնապես չէր կարող ներկայացնել իրական, քաղաքականապես առավել զգայուն պատճառաբանությունը։

Քաղաքագետը պնդում է, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից մոտ մեկ ամիս առաջ Հայաստանը հրաժարվել էր Սյունիքում տարածք տրամադրել ռուսական կողմին՝ այնտեղ պատ կառուցելու և այսպես կոչված արտատարածքային «Զանգեզուրի միջանցքի» համար պայմաններ ստեղծելու նպատակով։

Ղևոնդյանի պնդմամբ՝ հենց դա է եղել Ռուսաստանի չմիջամտելու «ուղիղ պատճառը»։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ Մոսկվան չէր կարող պաշտոնապես հայտարարել, թե Հայաստանը չաջակցեց այդ ծրագրին, և հենց այդ պատճառով առաջ էր մղվում սահմանների չսահմանազատված լինելու մասին փաստարկով 2022 թվականի ադրբեջանական ագրեսիային ՌԴ-ի չմիջամտելը։

Սակայն չմիջամտելու գլխավոր պատճառը, ըստ Ղևոնդյանի,  ՀԱՊԿ-ի բուն էությունն էր։ Այս համատեքստում նա հիշատակեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, ըստ որի՝ ՀԱՊԿ որևէ պետություն չպետք է ակնկալի, որ ՀԱՊԿ-ը անպայման կմիջամտի, եթե իր մոտ խնդիր առաջանա նախկին Խորհրդային Միության որևէ երկրի հետ։

Ղևոնդյանի կարծիքով՝ այս հայտարարությունը բավական լավ է նկարագրում ՀԱՊԿ-ի իրական քաղաքական տրամաբանությունը։

Ինչու ՀԱՊԿ-ի անդամակցությունը չէր նշանակում, որ Հայաստանը պաշտպանված էր Ադրբեջանի դեմ

Նրա գնահատմամբ՝ եթե խոսքը Թուրքիայի կամ Իրանի հետ կապված սպառնալիքի մասին լիներ, ՀԱՊԿ-ի կողմից որոշակի գործառույթների իրականացումը տեսականորեն հնարավոր էր, քանի որ այս դեպքում խոսքը գնալու էր Խորհրդային Միության արտաքին սահմանների մասին։ Սակայն Վրաստանի և Ադրբեջանի հետ կապված հակամարտությունների դեպքում, նրա համոզմամբ, ՀԱՊԿ-ի միջամտություն ակնկալելը սկզբունքորեն սխալ հաշվարկ էր։

Պատճառը, ըստ Ղևոնդյանի, այն էր, որ Ռուսաստանի երկարաժամկետ պատկերացումների մեջ ՀԱՊԿ-ի և ընդհանրապես ռուսական ինտեգրացիոն համակարգերի տարածումը կարող էր ներառել նաև Ադրբեջանն ու Վրաստանը։

Այսինքն՝ Մոսկվայի համար հետխորհրդային տարածքի «վերաինտեգրման» տեսլականում այդ երկրները նույնպես պետք է մնային ռուսական ազդեցության համակարգում։ Այդ պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հակասությունները դիտարկվում էին ոչ թե որպես երկու վերջնականապես առանձնացված պետությունների միջև երկարաժամկետ աշխարհաքաղաքական հակամարտություն, այլ որպես ներքին խնդիր, որը, ըստ այդ պատկերացման, մի օր կկորցներ իր նշանակությունը։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top