Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո 102-րդ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ արված հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել Հայաստանի անվտանգության համակարգի և հայ-ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ։
Վերլուծաբան Լևոն Բարսեղյանի գնահատմամբ՝ ներկայիս պայմաններում Ռուսաստանի կողմից ռազմաբազայի հարցը քաղաքական օրակարգ բերելը պետք է դիտարկել Մոսկվայի քաղաքական հաշվարկների համատեքստում։
Պուտինը փորձում է հանրաքվեի հարց դարձնել այն, ինչ որոշվում է Հայաստանի կողմից
Բարսեղյանի գնահատմամբ՝ Պուտինը Հայաստանի հետ հարաբերությունների ներկա փուլում փորձում է քաղաքական ճնշման գործիքներ ստեղծել՝ ռազմաբազայի ապագան կապելով Հայաստանի հասարակության հնարավոր որոշման հետ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի հայտարարության տրամաբանությունն այն է, որ եթե հայ ժողովուրդը որոշի, որ ռազմաբազան այլևս անհրաժեշտ չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել։ Սակայն Բարսեղյանը հարց է բարձրացնում՝ ինչու նույն տրամաբանությունը չի կիրառվել Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների կամ ԵԱՏՄ-ին անդամակցության դեպքում։
Նա հիշեցնում է, որ Հայաստանի՝ եվրոպական ասոցացման գործընթացից հրաժարվելու և Մաքսային միությանը միանալու որոշման ժամանակ հանրաքվե չի անցկացվել։
Բարսեղյանի կարծիքով՝ ռազմաբազայի հարցը նույնպես պարտադիր չէ լուծել հանրաքվեի միջոցով․ դա կարող է լինել նաև խորհրդարանի կամ կառավարության որոշման հարց։ Միաժամանակ նա ընդգծում է, որ Մոսկվայի համար առանցքայինը ոչ այնքան հանրաքվեի հնարավոր արդյունքն է, որքան Հայաստանի վրա քաղաքական ազդեցությունը պահպանելը։
Ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքը չի պաշտպանելու
Բարսեղյանը կասկածի տակ է դնում 102-րդ ռազմաբազայի՝ Հայաստանի անվտանգության ապահովման իրական կարողությունը։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը վերջին տարիներին ունեցել է մի շարք հնարավորություններ ցույց տալու, որ կարող է հանդես գալ որպես Հայաստանի անվտանգության ռազմական երաշխավոր, սակայն գործնականում դա չի ապացուցվել։
Բարսեղյանը նաև հիշատակում է Արցախի պատերազմը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Արցախում խաղաղապահ առաքելություն էր իրականացնում, սակայն 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների ժամանակ չկարողացավ կանխել հայ բնակչության բռնի տեղահանումը։
«Ո՞վ կարող է հավատալ, որ այստեղի բազան պաշտպանելու է Հայաստանի Հանրապետությանը», — հարց է բարձրացնում նա՝ ընդգծելով, որ Հայաստանի պաշտպանությունը չի կարող կառուցվել մեկ այլ երկրի ռազմական ներկայության և քաղաքական խոստումների վրա։
Բարսեղյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է սեփական պաշտպանական կարողությունները զարգացնի և պատրաստ լինի սահմանների պաշտպանությանը՝ անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը։
Նա նաև նշում է, որ ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ Հայաստանի տարածքում տեղի ունեցած քրեական դեպքերը ևս հարցեր են առաջացնում այդ ներկայության անվտանգային նշանակության վերաբերյալ։
Ռուսաստանի շահերը և Հայաստանի անվտանգությունը
Բարսեղյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ Մոսկվան իր սեփական աշխարհաքաղաքական շահերը մշտապես ներկայացրել է որպես Հայաստանի անվտանգության ապահովում։
Նա չի վիճարկում Ռուսաստանի՝ սեփական շահերն ունենալու իրավունքը։ Սակայն, նրա խոսքով, խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ Ռուսաստանի քաղաքականությունը հակասում է Հայաստանի շահերին, իսկ այդ քաղաքականությունը ներկայացվում է որպես Հայաստանի պաշտպանություն։
Բարսեղյանը պնդում է, որ վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանը հիմնականում պաշտպանել է իր սեփական տարածաշրջանային շահերը՝ այդ ընթացքում օգտագործելով նաև Արցախի հարցը։
«Պետք չէ ելնել անհեթեթություններից ու ստերից, թե իրենք մեր շահերն են պաշտպանում», — ասում է Բարսեղյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի և Հայաստանի շահերի համընկնման դեպքում Մոսկվան կարող էր պաշտպանել նաև Հայաստանի շահը, սակայն դա, նրա խոսքով, չի նշանակում, որ երկու երկրների շահերը մշտապես նույնական են եղել և կլինեն։

