Հայաստանի զինված ուժերի վերազինման գործընթացում վերջին տարիներին արձանագրվել է էական առաջընթաց, հատկապես հրետանու և անօդաչու թռչող սարքերի ոլորտներում։ Սակայն մի շարք ուղղություններում, մասնավորապես՝ ռազմական ավիացիայի և հրթիռային համակարգերի առումով, Հայաստանի և Ադրբեջանի հնարավորությունների միջև տարբերությունը շարունակում է զգալի մնալ։
Այս մասին նշել է ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը՝ անդրադառնալով Հայաստանի պաշտպանական գնումներին և տարածաշրջանում ռազմական հավասարակշռության փոփոխությանը։
Ե՛վ քանակական, և՛ որակական առումով այստեղ բավականին լուրջ փոփոխություններ կան
Նրա խոսքով՝ Հայաստանը վերջին տարիներին ձգտում է նվազեցնել իր կախվածությունը մեկ մատակարարից և զենք ու ռազմական տեխնիկա է ձեռք բերում տարբեր երկրներից՝ մասնավորապես՝ Հնդկաստանից, կա համագործակցություն նաև Ֆրանսիայի, Չինաստանի, Իրանի և ԱՄՆ-ի հետ։ Ներսիսյանի գնահատմամբ՝ հատկապես մեծ շեշտ է դրվել հրետանային համակարգերի զարգացման վրա։ «Հայաստանն, օրինակ, բավականին ավելի լավ վիճակում է գտնվում, քան 2020 թվականին՝ պատերազմից առաջ։ Ե՛վ քանակական, և՛ որակական առումով այստեղ բավականին լուրջ փոփոխություններ ենք տեսել», — նշել է նա։
Փորձագետի խոսքով՝ որոշակի առաջընթաց կա նաև հակաօդային պաշտպանության ոլորտում։ Սակայն, ըստ նրա, բաց աղբյուրներում բավարար տեղեկատվություն չկա կարճ հեռահարության հակաօդային և հատկապես հակադրոնային միջոցների վերաբերյալ։ Նա նշել է, որ Հայաստանը ձեռք է բերել հնդկական «Akash» հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք, իր գնահատմամբ, արդյունավետ են, սակայն դրանց հրթիռները բավականին թանկ են։ Այդ պատճառով, Ներսիսյանի կարծիքով, անհրաժեշտ է զարգացնել ավելի մատչելի միջոցներ՝ փոքր անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար։
Որպես օրինակ նա մատնանշել է զենիթային հրետանային համակարգերը, որոնց նկատմամբ աշխարհում կրկին հետաքրքրություն է առաջացել։ «Հիմա ավելի մոդեռն տեսակներն են զարգանում։ Պետք է բավականին համակարգված մոտեցում լինի հենց շերտավորված հակաօդային պաշտպանության ուղղությամբ», — ասել է ռազմական վերլուծաբանը։
Ավիացիան՝ Հայաստանի համար ամենախնդրահարույց ուղղություններից մեկը
Ներսիսյանի կարծիքով՝ Հայաստանի պաշտպանական համակարգում դեռ մեծ աշխատանք կա կատարելու ռազմական ավիացիայի ուղղությամբ։ Նա նշել է, որ Հայաստանը ձեռք է բերել նաև Airbus-ի արտադրության ուղղաթիռներ, սակայն Ադրբեջանի հետ համեմատությունը ցույց է տալիս, որ այս ոլորտում անհավասարակշռությունը շարունակում է շատ մեծ մնալ։ «Թաքցնելու իմաստ չկա․ բաց աղբյուրներից բավականին հեշտ ստուգվող տվյալ է։ Ադրբեջանը շարունակել է զարգացնել ավիացիան և արդեն կարելի է մոտավորապես հաշվել, որ պատվերների և նախատեսվող մատակարարումների արդյունքում մի քանի տարի անց կունենա մինչև 100 ռազմական ինքնաթիռ», — նշել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ ռազմական ավիացիայի զարգացումը մեծ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, իսկ Հայաստանը համեմատաբար փոքր պետություն է։ Ուստի, ըստ Ներսիսյանի, անհրաժեշտ է ոչ միայն մտածել ավիացիայի քանակական զարգացման մասին, այլև գտնել դրա կիրառման արդյունավետ մոդելներ։ «Պետք է խելամիտ մոտեցումներ մտածել, թե այդ ավիացիան ինչպես կիրառել, որպեսզի այն արդյունավետ լինի և չխոցվի՝ հատկապես հաշվի առնելով ռազմաբազաների ոչ մեծ քանակը», — ասել է նա։
Դրոնների ոլորտում անհավասարակշռությունը նվազել է
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությանը՝ Ներսիսյանը նշել է, որ այն փոխվում է, սակայն տարբեր ուղղություններով՝ տարբեր արագությամբ։ Նրա խոսքով՝ հատկապես դրոնների ոլորտում Հայաստանի դիրքերը զգալիորեն բարելավվել են։ «Եթե խոսենք անօդաչու թռչող սարքերի մասին, իրավիճակն այժմ ավելի լավ է, քան 2020 թվականին։ Տեղական ընկերություններից բավականին մեծ քանակի գնումներ են եղել, և դա ցուցադրվել է։ Որոշ գնումներ արտասահմանից ևս ներկայացվել են», — նշել է նա։
Ըստ վերլուծաբանի՝ հրետանու ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախկին անհավասարակշռությունը նույնպես զգալիորեն նվազել է։ Միևնույն ժամանակ նա կրկին ընդգծեց, որ լուրջ տարբերություն շարունակում է պահպանվել ռազմական ավիացիայի ոլորտում, իսկ հրթիռային համակարգերի ուղղությամբ Հայաստանը դեռևս մեծ աշխատանք ունի իրականացնելու։
Հայաստանը պետք է շեշտը դնի որակի վրա
Ներսիսյանի խոսքով՝ եթե համեմատությունը կատարվում է ոչ թե առանձին զինատեսակների, այլ զինված ուժերի ընդհանուր քանակի տեսանկյունից, ապա Հայաստանի համար խնդիրը շարունակում է ավելի բարդ մնալ։ «Եթե զուտ քանակի մասին խոսենք, Հայաստանը պետք է ավելի շատ շեշտը դնի այն զորքի որակի մաքսիմալ բարձրացման և լավ պատրաստված պահեստազորի ձևավորման վրա», — ասել է նա։
Ռազմական վերլուծաբանը միաժամանակ կարծում է, որ երկարաժամկետ հեռանկարում ռազմական հավասարակշռության փոփոխության համար Հայաստանը կարող է ավելի բարենպաստ դիրքեր ունենալ։ Նրա գնահատմամբ՝ դրա հիմքում կարող է լինել նաև տնտեսական գործոնը։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի տնտեսությունն աճում է, իսկ Ադրբեջանի տնտեսությունը՝ ոչ։ Այդ իմաստով երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է շարժվել դեպի այնպիսի կետ, երբ կարողանանք ասել, որ ուժերը գոնե հավասար են», — նշել է Ներսիսյանը։

