Հայաստանի ատոմակայանի նշանակությունը պետք է գնահատել ոչ միայն էներգետիկ, այլ նաև ռազմավարական տեսանկյունից

Ատոմակայանի նշանակությունը պետք է գնահատել ոչ միայն էներգետիկ, այլ նաև ռազմավարական տեսանկյունից

Հայաստանում շատ քիչ օբյեկտներ կան, որոնք իսկապես բարձր ռազմավարական նշանակություն ունեն, և այդ համատեքստում Մեծամորի ատոմակայանը առանձնահատուկ կարևորություն ունի։ Այս մասին նշել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Ատոմակայանի շահագործման ժամկետը

Նրա խոսքով՝ մոտ տաս տարի առաջ մասնագետներն ուսումնասիրել են ատոմակայանի վիճակը և գնահատել, որ վթարի հավանականությունը շատ ցածր էր՝ շուրջ 50 հազար դեպքից մեկը։ Միաժամանակ, ըստ նրա, այժմ անհրաժեշտ է նոր գնահատում իրականացնել, քանի որ ատոմակայանը շարունակում է հնանալ։Նա ընդգծել է, որ ժամանակի ընթացքում շինության բետոնն ու մետաղական կառուցվածքները նույնպես ենթարկվում են մաշվածության։

Հայկական ատոմակայանը շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, թեև, ըստ Միքայելյանի, հետագա շահագործման հնարավորությունը պետք է պարբերաբար գնահատվի համապատասխան ուսումնասիրությունների միջոցով։

Նոր ատոմակայանի հարցը

Միքայելյանի խոսքով՝ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտության մասին քննարկումները սկսվել են շուրջ երկու տասնամյակ առաջ։

Նա նշել է, որ ժամանակին քննարկվել են տարբեր տարբերակներ, այդ թվում՝ ֆրանսիական և ռուսական նախագծերը։ Ֆրանսիական առաջարկը, ըստ քաղաքագետի, ավելի թանկ էր, ինչի պատճառով հիմնական քննարկումները շարունակվել են ռուսական տարբերակի շուրջ։

Քաղաքագետի գնահատմամբ՝ նոր ատոմակայանի կառուցման հարցը պետք է դիտարկել ոչ միայն որպես էներգետիկ, այլև որպես երկարաժամկետ ռազմավարական նախագիծ։

Նրա խոսքով՝ եթե նոր ատոմակայանը կառուցվի ռուսական նախագծով և ռուսական ընկերության մասնակցությամբ, Հայաստանի և Ռուսաստանի միջև որոշակի տեխնոլոգիական և այլ կապեր կպահպանվեն։

Մոդուլային ատոմակայանների առաջարկը

Միքայելյանն անդրադարձել է նաև արևմտյան երկրների կողմից Հայաստանում մոդուլային ատոմակայանի կառուցման գաղափարին։

Նրա պնդմամբ՝ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Հայաստանում ռուսական ընկերությունը կառուցի նոր ատոմակայան, և դրա փոխարեն քննարկվում է ամերիկյան մոդուլային ատոմակայանի տարբերակը։

Միաժամանակ քաղաքագետը կասկածի տակ է դրել նման տեխնոլոգիայի՝ կարճաժամկետ հեռանկարում կիրառելի լինելու հնարավորությունը։

«Ամերիկան մոդուլային ատոմակայանի պատրաստի տեխնոլոգիա չունի։ Իրենք մշակում են, աշխատում են և այլն, բայց շատ-շատ հեռու է դա իրականություն դառնալուց»,– ասել է նա։

Միքայելյանի խոսքով՝ խնդիրներ կան նաև տնտեսական և տեխնոլոգիական առումներով։

Նա նշել է, որ ԱՄՆ-ում նոր ատոմակայանների կառուցման ոլորտում երկար ժամանակ մեծ դադար է եղել, ինչի հետևանքով ոլորտի որոշ ընկերությունների փորձառությունը նվազել է։

«Այսինքն՝ մի 20 տարի ոչ մի ատոմակայան չեն կառուցել, և այսպիսով իրենց կարողությունը ատոմակայան Հայաստանում կառուցելու այս պահի դրությամբ ավելի քան հարցական է։ Ոչ միայն թանկ է, այլև տեխնոլոգիական խնդիր ունեն»,– նշել է քաղաքագետը։

Միքայելյանի գնահատմամբ՝ արդյունքում ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկում է հրաժարվել ռուսական տարբերակից՝ դրա փոխարեն ներկայացնելով այլընտրանք, որը, նրա կարծիքով, դեռևս բավարար տեխնոլոգիական և տնտեսական հիմքեր չունի։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի ատոմակայանի նշանակությունը պետք է գնահատել ոչ միայն այն տեսանկյունից, թե որքան էլեկտրաէներգիա է այն արտադրում։

«Ատոմակայանի նշանակությունը նորից պետք է չգնահատենք էներգետիկական տեսանկյունից, այլ պետք է գնահատենք ռազմավարական տեսանկյունից»,– եզրափակել է Միքայելյանը։


👉 Տնտեսություն — Vectors.am

Scroll to Top