Հայաստանում անցկացվող վարժական հավաքները չեն ծառայում իրենց հիմնական նպատակի։ Նման կարծիքի է փորձագետ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Նրա խոսքով՝ հավաքներից մարդիկ չեն վերադառնում նոր ռազմական հմտություններով և թարմացված գիտելիքներով, դրանց կազմակերպումը հաճախ վերածվում է բանակում առկա ծառայողական բացերը լրացնելու միջոցի։
25 օր՝ զրոյական արդյունքով
Քերոբյանի խոսքով՝ վարժական հավաքների հիմնական խնդիրն այն է, որ դրանց արդյունքում մասնակիցները չեն ստանում նոր տեխնիկայի հետ աշխատելու և մարտական պայմաններում գործելու համար անհրաժեշտ հմտություններ։
Նրա գնահատմամբ՝ մասնակիցների մեծ մասը 25-օրյա հավաքի ընթացքում ժամանակի զգալի մասն անցկացնում է վրանային ավանում կամ դիրքերում հերթապահություն իրականացնելով, իսկ կրակային պատրաստության համար հատկացվող ժամանակը սահմանափակ է։
«99 տոկոսը այդ 25 օրի մի մասը անցկացնում է վրանային ավանում պարապ ժամանակ անցկացնելով, լավագույն դեպքում մի կես պահունակ փամփուշտ տան կրակելու։ Մնացած 15 օրը անցկացնում է դիրքում», — ասել է նա։
Քերոբյանը նաև խնդիր է տեսնում այն հարցում, որ տարբեր դիրքեր ունեն տարբեր պայմաններ, սակայն վարժական հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառվում է գրեթե նույն մոտեցումը։
Վարժական հավաքները լրացնում են բանակի կադրային բացերը
Փորձագետի խոսքով՝ պահեստազորայիններին դիրքեր բարձրացնելու պատճառներից մեկը գործող բանակում անձնակազմի անբավարարությունն է։
Նա նշել է, որ մշտական ծառայության մեջ գտնվող զինծառայողների թիվը բավարար չէ բոլոր դիրքերը անհրաժեշտ ձևով համալրելու համար։ Արդյունքում վարժական հավաքների մասնակիցները ներգրավվում են դիրքային ծառայության մեջ՝ փոխարենը նոր ռազմական հմտություններ ձեռք բերելու։
Քերոբյանի գնահատմամբ՝ նույն խնդիրն առկա է նաև ժամկետային զինծառայողների ծառայության կազմակերպման մեջ, երբ նրանք հերթափոխով երկար ժամանակ անցկացնում են դիրքերում և զորամասերում։
«Չեն ձևավորվում նոր ռազմական հմտություններ, չեն ձևավորվում մարդկանց մոտ նոր կարողություններ», — նշել է նա։
Զինվորը պետք է անգիր իմանա իր դիրքի ճանապարհը
Քերոբյանը կարևորել է այնպիսի պատրաստության անհրաժեշտությունը, որը զինվորին հնարավորություն կտա գործել նաև այն իրավիճակում, երբ անհրաժեշտ կլինի կազմակերպված նահանջ կամ տեղափոխություն դեպի պաշտպանական հաջորդ գիծ։
Նրա խոսքով՝ զինծառայողը պետք է մանրամասն իմանա իր դիրքի վերջին մի քանի կիլոմետրը, ներառյալ ճանապարհի առանձնահատկությունները։
«Այդ ճանապարհին պետք է լինեն պատրաստված, ասենք, երկրորդ, երրորդ պաշտպանական գծեր։ Զինվորը պետք է կարողանա այդ ճանապարհը անցնել մթին, ցրտին, ցերեկը, ձմեռը», — ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ զինծառայողը պետք է կարողանա ցանկացած պայմաններում կողմնորոշվել տեղանքում և օգտագործել դրա առանձնահատկությունները սեփական պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
Քերոբյանի կարծիքով՝ նման պատրաստությունը կարող է իրականացվել հատուկ նշանակության փոքր ստորաբաժանումներում, սակայն նման համակարգային մոտեցում պետք է կիրառվի ավելի լայն շրջանակում։
Վարժական հավաքները պետք է տարածքային պաշտպանության հիմք դառնան
Քերոբյանի խոսքով՝ վարժական հավաքների գաղափարը ի սկզբանե կապված էր ոչ թե գործող բանակի հերթապահությունը լրացնելու, այլ տարածքային պաշտպանության ուժերի ձևավորելու անհրաժեշտությամբ։
Նրա գնահատմամբ՝ իրականում հավաքների մասնակիցները պետք է ընդգրկվեն տարածքային պաշտպանության կոնկրետ ստորաբաժանումների կազմում և պատրաստվեն իրենց տարածքում պաշտպանական խնդիրներ իրականացնելու համար։
Սակայն, ըստ նրա, ներկայում նրանք շարունակում են գործել հիմնականում գծային պաշտպանության տրամաբանությամբ։ «Այսօր կրկին դեռ մեր բանակը պահում է կիլոմետր, ոչ թե քառակուսի կիլոմետր։ Կիլոմետր երկարություն, ոչ թե քառակուսի կիլոմետր տարածք», — նշել է նա։
Քերոբյանի խոսքով՝ տարածքային պաշտպանության արդյունավետ համակարգի համար անհրաժեշտ է ստեղծել կայուն կազմով ստորաբաժանումներ, որոնք մշտապես համալրվեն անձնակազմով և անհրաժեշտ տեխնիկայով։
Քերոբյանի խոսքով՝ վարժական հավաքների կազմակերպման արդյունավետության խնդիրների մասին կան բազմաթիվ վկայություններ։ Նա ընդգծել է, որ նույնիսկ որոշ դիրքերի կահավորումը և դիրքային ծառայության կազմակերպման ներկայիս պայմանները թույլ չեն տալիս հավաքներն իրականացնել լիարժեք և արդյունավետ։
Ըստ նրա՝ եթե վարժական հավաքները պետք է դառնան Հայաստանի տարածքային պաշտպանության համակարգի հիմքերից մեկը, ապա դրանց նպատակը պետք է փոխվի՝ վերածվելով երկարաժամկետ, համակարգված և մասնագիտացված պատրաստություն։

