Հայաստանում տվյալների կենտրոնների և արհեստական բանականության ենթակառուցվածքների արագ զարգացումը կարող է էապես մեծացնել երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկը և անհրաժեշտություն առաջացնել վերանայելու գործող էներգետիկ ռազմավարությունը։ Տնտեսական հարցերով փորձագետ Հայկ Գևորգյանի գնահատմամբ՝ արդեն հայտարարված և նախատեսվող նախագծերի մասշտաբը Հայաստանի էներգետիկ համակարգի համար լուրջ փոփոխություններ է ենթադրում։
Գևորգյանի խոսքով՝ տվյալների կենտրոնների արդյունավետությունը գնահատելիս, ի թիվս այլ ցուցանիշների, կարևոր են երկու հիմնական չափորոշիչներ՝ տվյալների մշակման կարողությունը և դրա համար անհրաժեշտ էլեկտրական հզորությունը։«Արդեն գործարկվել է 40 մեգավատ հզորությամբ տվյալների կենտրոն, ինչը հսկայական թիվ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ատոմակայանի հզորությունը մոտ 400 մեգավատ է։ Դրանից առաջ արդեն կար 7 մեգավատ հզորությամբ կենտրոն, իսկ առաջիկայում նախատեսվում է ավելի հզոր կենտրոնների կառուցում»,– նշել է փորձագետը։ Նրա խոսքով՝ հրապարակված ծրագրերի ամբողջական իրագործման դեպքում տվյալների կենտրոնների ընդհանուր հզորությունը կարող է հասնել 300 մեգավատի։ Դա, ըստ Գևորգյանի, համարժեք է գործող ատոմակայանի հզորության մոտ երեք քառորդին։
Էներգետիկ ռազմավարությունը կարող է վերանայման կարիք ունենալ
Այս իրավիճակում, նրա գնահատմամբ, անհրաժեշտություն է առաջանում վերանայել Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը։ «Կարծում եմ՝ անհրաժեշտություն կլինի վերանայել Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը՝ հզորությունների ավելացման ուղղությամբ։ Երբ այդ ռազմավարական ծրագիրը մշակվում էր, տվյալ հզորությունները դեռ հորիզոնում չկային»,– ասել է Գևորգյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը միայն էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության ծավալը չէ։ Հայաստանի էներգետիկ համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը սպառման անհավասար բաշխումն է։ Հայաստանը, ըստ փորձագետի, համեմատաբար փակ էներգետիկ համակարգ ունի և բավարար չափով ինտեգրված չէ հարևան երկրների համակարգերին։ Արդյունքում տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սպառման նվազագույն և առավելագույն մակարդակների միջև մեծ տարբերություն է առաջանում։
Որպես օրինակ՝ Գևորգյանը նշում է մայիս ամիսը, երբ Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը զգալիորեն նվազում է։ Այդ ժամանակ, նրա խոսքով, նույնիսկ անհրաժեշտություն է առաջանում նվազեցնել ատոմակայանի արտադրական հզորությունը, ինչը տեխնիկապես ցանկալի լուծում չէ։ Մյուս կողմից՝ սպառման բարձր պիկերի ժամանակ պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ է գործարկել համեմատաբար ոչ արդյունավետ էլեկտրակայաններ, ինչն էլ բարձրացնում է էլեկտրաէներգիայի ինքնարժեքը։
Այս խնդրի լուծման տարբերակներից մեկը, ըստ Գևորգյանի, արդյունաբերական կուտակիչների՝ էներգիայի պահեստավորման համակարգերի զարգացումն է։«Մի քանի տարի առաջ արդեն խոսվում էր 200 մեգավատ հզորությամբ կուտակիչների մասին, իսկ այժմ քննարկվում է մինչև 1 գիգավատ՝ 1000 մեգավատ հզորության հասնող համակարգերի ստեղծման հնարավորությունը։ Դա կարող է բավական արդյունավետ հարթեցնել սպառման պիկերը»,– նշել է նա։
Հայաստանի էներգահամակարգը պետք է ինտեգրվի հարևան երկրների համակարգերին
Սակայն երկարաժամկետ հեռանկարում, փորձագետի կարծիքով, միայն կուտակիչները բավարար չեն։ Անհրաժեշտ է նաև նոր, ավելի հզոր ատոմակայան և Հայաստանի էներգետիկ համակարգի ավելի խորը ինտեգրում հարևան երկրների համակարգերին։
Խոսքը, մասնավորապես, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ էլեկտրաէներգետիկ կապերի զարգացման մասին է։ Գևորգյանը հիշեցրել է, որ նախկինում Հայաստանից դուրս եկող ամենահզոր էլեկտրահաղորդման ուղղություններից մեկը Թուրքիա–Հայաստան գիծն էր։
Այդ ենթակառուցվածքների վերականգնումն ու արդիականացումը, նրա խոսքով, տեխնիկական մի շարք խնդիրներ ունի, այդ թվում՝ էլեկտրական համակարգերի հաճախականությունների ներդաշնակեցման անհրաժեշտությունը։ Սակայն, ըստ փորձագետի, այդ ներդրումներն այլընտրանք չունեն և երկարաժամկետ հեռանկարում կարող են փոխհատուցվել։
Արհեստական բանականության ենթակառուցվածքները՝ միլիարդավոր դոլարների ներդրում
Միաժամանակ Հայաստանի էներգետիկ համակարգի վրա ձևավորվող նոր պահանջարկը ենթադրում է հսկայական ներդրումներ։ Գևորգյանի գնահատմամբ՝ միայն արհեստական բանականության ենթակառուցվածքների՝ տվյալների կենտրոնների ցանցի ձևավորման համար Հայաստանում խոսքը կարող է լինել 4-5 միլիարդ դոլարի ներդրումների մասին։
Այս համատեքստում նա նաև անդրադարձել է նոր ատոմակայանի նախագծին։ Գևորգյանի խոսքով՝ քննարկվող ծրագրի արժեքը կարող է հասնել 8-9 միլիարդ դոլարի։ Այդ գումարի մի մասը կուղղվի բուն կառուցմանը, իսկ մյուս մասը՝ հետագա սպասարկմանն ու վառելիքի մատակարարմանը։
Այսպիսի ծավալի ներդրումները, ըստ նրա, դժվար թե ամբողջությամբ իրականացվեն Հայաստանի պետական բյուջեի հաշվին։ Կա հավանականություն «կառուցիր, կառավարիր, հանձնիր» սկզբունքով մոդելի կիրառման, երբ մասնավոր ներդրողը կամ կոնսորցիումը ֆինանսավորում է ենթակառուցվածքի կառուցումը, այնուհետև երկար տարիների ընթացքում ստացված եկամուտներով վերադարձնում ներդրված միջոցներն ու ֆինանսավորման արժեքը։
«Հայաստանը ոչ ունի, ոչ էլ իմաստ ունի, որ այդքան գումար սեփական միջոցներով ծախսի ատոմակայանի կառուցման վրա։ Կառուցողները կարող են համաֆինանսավորել են նախագիծը, հետո ստացված շահույթով փակել այդ ծախսերը»,– ասել է Գևորգյանը։ Նա ընդգծել է, որ այս պահին դեռևս հրապարակային հստակություն չկա ատոմակայանի ֆինանսավորման վերջնական մոդելի վերաբերյալ։ Նախ քննարկվում են կայանի տեխնիկական հնարավորությունները, դիզայնը և այլ տեխնիկական հարցեր։
Գևորգյանը կարծում է, որ ինչ էլ որոշվի ամեն դեպքում կարճաժամկետ հեռանկարում նոր ատոմակայանի ֆինանսական բեռը Հայաստանի վրա էականորեն չի ընկնի։ Երկարաժամկետ հեռանկարում, իհարկե, ներդրված միջոցներն ու դրանց դիմաց գոյացող տոկոսները պետք է վերադարձվեն, սակայն դա տեղի կունենա տասնյակ տարիների ընթացքում։ Փորձագետի գնահատմամբ՝ այդ ծախսին պետք է հակադրել այն տնտեսական արդյունքը, որը կարող է ստեղծել նոր էներգետիկ հզորությունը։
«Մի կողմից՝ մենք ծախս ենք վերցնելու մեր ուսերին, մյուս կողմից՝ ահռելի եկամուտներ ենք ստանալու։ Այստեղ համեմատություն չկա։ Եթե պայմանականորեն մեկ կիլովատի համար մենք նրանց վճարելու ենք 10 դրամ՝ տեղադրված հզորության դիմաց, ապա ստանալու ենք 20 դրամի եկամուտ, թեկուզ միայն տվյալների կենտրոնների հաշվին»,– եզրափակել է Գևորգյանը։

