Հայաստանում արևային էներգիայի արտադրության աճը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել էներգահամակարգի կայունության համար, եթե չզուգակցվի էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի զարգացմամբ։ Այս մասին հայտարարել է պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով Հայաստանի միասնական էներգահամակարգի կայունությանը։
Նա հիշեցրել է վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանում արևային էներգիայի ոլորտում ստեղծվել է երկու ատոմակայանի չափի հզորություն։ Սակայն, ըստ Ղազինյանի, այդ հզորությունների արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ են կուտակման կայաններ։
«Եթե արևային կայանների այդ երկու ատոմակայանը չունի ակումուլյացիոն համակարգ, այսինքն՝ մենք չենք կարողանում դրանք կուտակել, ապա դա ավելի մեծ վտանգ է դառնում, քան օգուտ»,– ասել է նա։ Պատգամավորի խոսքով՝ երբ էլեկտրաէներգիայի արտադրությունը գերազանցում է պահանջարկը, առանց կուտակման հնարավորության համակարգի կայունությունը կարող է վտանգվել։
Նրա գնահատմամբ՝ ընդհանուր առմամաբ Հայաստանի էներգետիկ համակարգի կայունության ապահովման ուղղությամբ կան նաև մի շարք այլ լուրջ խնդիրներ։
Ղազինյանի խոսքով՝ Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ։ Նրա տեղեկություններով՝ աշխատանքների մոտ 90 տոկոսն է ավարտված, սակայն գծի առանձին հատվածներում դեռ կան հենասյուների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև 220 կՎ տրանսֆորմատորի խնդիր։
Պատգամավորը միաժամանակ ուշադրություն է հրավիրել կառուցվող էլեկտրահաղորդման գծերի անվտանգության խնդրին։ Նրա տեղեկություններով՝ գծերի կառուցումից և մալուխների անցկացումից հետո արձանագրվում են գողության դեպքեր։ «Իմ ինֆորմացիայով՝ տեղի են ունենում գողություններ»,– ասել է նա։ Ղազինյանի խոսքով՝ խնդիրը կանխելու նպատակով կառավարությունը նույնիսկ դիմել էր Հայաստանի էլեկտրական ցանցերին՝ առաջարկելով հնարավորություն ստեղծել 10 կՎ գիծը լարման տակ դնելու համար, որպեսզի գողությունները կանխվեն։
Նրա խոսքով՝ Հայաստան–Իրան էներգետիկ համագործակցության շարունակականության և տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ կապերի ընդլայնման համար կարևոր նշանակություն ունեցող Հայաստան–Վրաստան գծի կառուցումը նույնպես «դոփում է իր տեղում»։ Ըստ նրա՝ այս ուղղությամբ աշխատանքները բավարար տեմպով չեն առաջանում։
Միաժամանակ պատգամավորը հակադարձել է Հայաստանի էներգետիկ կախվածության վերաբերյալ քննարկումներին՝ նշելով, որ նույնիսկ ատոմակայանի աշխատանքի դադարեցման դեպքում Հայաստանը էներգետիկայի ոլորտում համարվում է ինքնաբավ երկիր։
«Անգամ եթե ատոմակայանը կանգնի էլ, Հայաստանի Հանրապետությունը էներգետիկայի մասով համարվում է ինքնաբավ երկիր։ Այս պարագայում քննարկել, թե Ալիևն ինչ է ասել՝ կարծում եմ՝ ճիշտ չէ»,– եզրափակել է պատգամավորը։

