Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև ստորագրված փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը Մերձավոր Արևելքում ձևավորվող նոր անվտանգային ճարտարապետության կարևոր բաղադրիչ է և կարող է փոխել տարածաշրջանային երկրների հաշվարկները։ Նման կարծիքի է արաբագետ Հայկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին տարածաշրջանում ձևավորվում են տարբեր համագործակցության առանցքներ, և Մեքքայի համաձայնագիրը պետք է դիտարկել հենց այդ ավելի լայն գործընթացի համատեքստում։
Ձևավորվում են նոր համագործակցության առանցքներ
Քոչարյանը նշել է, որ տարածաշրջանում արդեն կարելի է առանձնացնել մի քանի առանցք։ Դրանցից մեկը այս համաձայնագրի անդամ երկրներն են, մյուսը՝ Հնդկաստան–Էմիրություններ–Իսրայել–Հունաստան–Կիպրոս ուղղությամբ ձևավորվող համագործակցությունը։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի համաձայնագրի ստորագրումից մոտ տասը օր առաջ հայտնի դարձավ նաև, որ այս երկրորդ առանցքի շրջանակում նույնպես որոշակի փաստաթուղթ է ստորագրվել։«Ձևավորվում են այս առանցքները՝ նոր ստեղծված իրավիճակով պայմանավորված», — նշել է արաբագետը։
Քոչարյանի գնահատմամբ՝ այս նոր իրավիճակի կարևոր գործոններից են ԱՄՆ-Իրան չլուծված հակասությունները, ռազմական գործընթացը, որի շուրջ բանակցությունների մասին տեղեկությունները հաճախ իրարամերժ են, ինչպես նաև Իսրայելի գործողությունները տարածաշրջանում։ Այս ամենը, նրա խոսքով, նոր անվտանգային համակարգերի որոնումը դարձրել է ավելի ակտուալ։
Համաձայնագրի հիմնական դրույթը
Քոչարյանի խոսքով՝ Մեքքայի համաձայնագրի ամբողջական տեքստը դեռևս հրապարակված չէ, ուստի դրա բովանդակության մասին առայժմ հնարավոր է խոսել սահմանափակ տեղեկությունների հիման վրա։
Հայտնի է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այն բնութագրել է որպես ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի տրամաբանությանը մոտ մեխանիզմ, այսինքն՝ կողմերից մեկի նկատմամբ հարձակումը կարող է առաջացնել մյուս կողմերի փոխադարձ աջակցության պարտավորություն։
Սակայն այստեղ, ըստ արաբագետի, կարևոր հարց է առաջանում․ նախկինում ևս Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև որոշակի փոխօգնության պայմանավորվածություններ եղել են, սակայն դրանք չեն գործարկվել այն իրավիճակներում, երբ Իրանը հարվածներ է հասցրել կամ հութիները գործողություններ են իրականացրել։
Քոչարյանի խոսքով՝ Իրանի գործողությունների դեպքում կարևոր է հաշվի առնել, որ Թեհրանը հայտարարել է՝ չի թիրախավորում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը հյուրընկալող պետություններին որպես այդպիսին, այլ պայքարում է ամերիկյան ռազմական ենթակառուցվածքի դեմ։
Մյուս կողմից՝ հութիները և տարածաշրջանում գործող այլ խմբավորումներ պետական կառույցներ չեն։ Իսկ նման պաշտպանական պակտը, ըստ էության, նախատեսում է երրորդ պետության կողմից պետության նկատմամբ իրականացված հարձակման դեպքում գործողությունների մեխանիզմ։
Գլխավոր նպատակը՝ Իսրայելի զսպումը
Քոչարյանի գնահատմամբ՝ համաձայնագրի առաջնային նպատակը Իսրայելի դեմ հնարավոր գործողությունների դեպքում գործընկեր երկրների դիրքորոշումների համախմբումն է։
«Այստեղ առաջնային նպատակը այդ պակտի բոլորն էլ հասկանում են, որ Իսրայելն է», — նշել է նա։
Միաժամանակ նա ընդգծել է, որ այս պահին խոսքը ավելի շատ զսպման մեխանիզմի մասին է, և դրա գործարկման համար պետք է մի շարք պայմանների համընկնում։
Եթե տարածաշրջանում Իսրայելի դեմ ուղղված գործողությունների նոր փուլ սկսվի, ըստ Քոչարյանի, հնարավոր է տեսնել պակտի անդամների ավելի ընդգծված կոնսոլիդացիա։ Սակայն ներկայում այդպիսի իրավիճակ չկա։
Նա համաձայնագիրը բնութագրում է որպես զսպող, այլ ոչ թե ագրեսիվ կամ հարձակողական պակտ, որը նոր անվտանգային ճարտարապետության սահմաններն է ձևավորում։
Կարո՞ղ են միանալ նաև այլ երկրներ
Արաբագետի խոսքով՝ ապագայում այլ երկրների միանալու հնարավորությունը կախված կլինի տարածաշրջանային իրավիճակի զարգացումից։
Նա հիշեցրել է, որ այս համագործակցության հիմքերը ձևավորվել են դեռևս վերջին երկու տարիների ընթացքում․ եղել են նախաստորագրված կամ նախատիպային պայմանավորվածություններ, տարբեր դաշինքների ձևավորման գործընթացներ և համատեղ ռազմական վարժանքներ։
Քոչարյանը նշել է, որ այդ գործընթացում նախկինում դիտարկվում էր նաև Եգիպտոսի մասնակցությունը, սակայն ներկայիս համաձայնագրում Եգիպտոսը չկա։
Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունից հետևում է, որ Եգիպտոսը որոշակի տեխնիկական պայմանների դեպքում հետագայում կարող է ներգրավվել։ Սակայն, Քոչարյանի խոսքով, վերջնական գնահատականի համար անհրաժեշտ է ունենալ համաձայնագրի ամբողջական տեքստը։
Ռազմական համագործակցությունից մինչև տնտեսական կապեր
Քոչարյանի գնահատմամբ՝ համաձայնագրի շրջանակում տնտեսական և ռազմական բաղադրիչները դժվար է ամբողջությամբ տարանջատել։
Նա նշել է, որ Թուրքիան, օրինակ, վերջին տարիներին մեծ ծավալով ռազմական արտադրանք է արտահանում, այդ թվում՝ Պակիստան և Սաուդյան Արաբիա։ Հետևաբար ռազմական համագործակցության խորացումը կարող է ենթադրել նաև լրացուցիչ ներդրումներ և տնտեսական համագործակցություն պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Ըստ նրա՝ Սաուդյան կողմը նման ներդրումներով կարող է շահագրգռված լինել, հատկապես եթե զուգահեռաբար ստորագրվել են այլ փաստաթղթեր, որոնց բովանդակությունը դեռևս հրապարակված չէ։
«Սա ձևավորվում է մի նոր դաշտ համագործակցության, որը փոխում է Մերձավոր Արևելքում հաշվարկների հնարավորությունները», — ընդգծել է արաբագետը։

