Հայաստանի՝ Եվրամիության հետ ինտեգրման գործընթացը կարող է լուրջ մարտահրավերներ առաջացնել երկրի էներգետիկ անվտանգության համար, եթե քաղաքական փոփոխություններին չհաջորդեն անհրաժեշտ ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և ֆինանսական լուծումներ։ Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի գնահատմամբ՝ այս փուլում Հայաստանի համար գլխավոր խնդիրը ոչ այնքան արտաքին քաղաքական ուղղության փոփոխությունն է, որքան այն, թե արդյոք երկիրը ունի այդ փոփոխության հնարավոր տնտեսական և էներգետիկ գինը վճարելու բավարար հնարավորություններ։
Դավթյանի խոսքով՝ քաղաքական դիսկուրսում հաճախ օգտագործվող «դիվերսիֆիկացում» հասկացությունը չի կարող սահմանափակվել մատակարարի փոփոխությամբ։ Դրա համար անհրաժեշտ են այլընտրանքային մատակարարման ուղիներ, համապատասխան ենթակառուցվածքներ, ներդրումներ և երկարաժամկետ ռազմավարություն։
Ադրբեջանական գազը այլընտրանք չի
Հայաստանի հնարավոր այլընտրանքային գազամատակարարումների շարքում վերջին շրջանում քննարկվում է Ադրբեջանից բնական գազի ներկրման հնարավորությունը։ Սակայն Դավթյանի գնահատմամբ՝ այս սցենարը ներկայում ավելի շատ քաղաքական ենթադրություն է, քան պատրաստի տնտեսական ծրագիր։
Խորհրդային տարիներին գործող Իջևան-Ղազախ գազատարը ներկայում չի շահագործվում։ Դրա վերագործարկումը, ըստ փորձագետի, կպահանջի ոչ միայն տեխնիկական վերականգնում, այլև խոշոր ներդրումներ, իրավական կարգավորումներ և քաղաքական համաձայնություններ։
Բացի դրանից, անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի սեփական գազային հնարավորությունները։ Ադրբեջանը վերջին տարիներին ընդլայնում է իր արտահանումները դեպի Եվրոպա, Թուրքիա, Վրաստան և այլ շուկաներ։ Միաժամանակ Ադրբեջանի կողմից առաջիկա տարիների համար գազի արդյունահանման ծավալների նվազում է կանխատեսվում։
Դավթյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ գազի արդյունահանումը 2026 թվականի համար կանխատեսվել էր շուրջ 38 մլրդ խմ, 2027 թվականին՝ 36.7 մլրդ, իսկ 2028 թվականին՝ 34.5 մլրդ խմ։ Այս պայմաններում Ադրբեջանի արտահանման հնարավորությունները անսահմանափակ չեն։
TRIPP-ը չի լուծում Հայաստանի գազամատակարարման խնդիրը
Փորձագետը կասկածի տակ է դնում նաև TRIPP-ի միջոցով Հայաստանի գազամատակարարման հնարավորությունը։
Նրա խոսքով՝ նախագծի ներկայիս ձևաչափում գազատրանսպորտային բաղադրիչ փաստացի չկա։ Իսկ եթե հաշվի առնենք Հայաստանի տարեկան մոտ 2.3 մլրդ խմ գազի սպառումը, ապա երկրի ներքին պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքը պետք է ունենա շատ ավելի մեծ թողունակություն։
Դավթյանի գնահատմամբ՝ միջազգային փորձից ելնելով՝ տարանցվող գազի միայն 10-15 տոկոսը կարող է մնալ տվյալ երկրի համար։ Հետևաբար, Հայաստանի ներկայիս պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ կլիներ շուրջ 20 մլրդ խմ թողունակությամբ գազամուղ։ Ադրբեջանի գազային հնարավորությունների, արտահանման աճող պարտավորությունների և տարածաշրջանային ենթակառուցվածքների սահմանափակումների պայմաններում նման սցենարը փորձագետը համարում է խիստ անիրատեսական։
Իրանական ուղղությունը տեսականորեն առավել տրամաբանական է
Դավթյանի կարծիքով՝ Հայաստանի համար տեսականորեն ամենատրամաբանական այլընտրանքային ուղղությունը շարունակում է մնալ Իրանը։
Իրան-Հայաստան գազամուղի նախագծային թողունակությունը շուրջ 2.3 մլրդ խմ է, սակայն ներկայում դրա միջոցով Հայաստան է ներկրվում տարեկան ընդամենը մոտ 350-400 մլն խմ գազ՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքի շրջանակում։ Սակայն այստեղ ևս առկա է էական սահմանափակում։ Իրան-Հայաստան գազամուղը գտնվում է ռուսական վերահսկողության ներքո և պատկանում է «Գազպրոմին»։
Դավթյանը սա համարում է Հայաստանի էներգետիկ համակարգի վերաբերյալ հանրային քննարկումներում հաճախ անտեսվող կարևոր հանգամանք։ Եթե Իրանը դիտարկվում է որպես այլընտրանքային մատակարար, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ այլընտրանքը ներկայում իրականացվում է ենթակառուցվածքով, որը ռուսական սեփականություն է։
Փորձագետը շեշտում է, որ խնդիրը միայն Իրան-Հայաստան գազամուղը չէ։ Հայաստանի ամբողջ գազատրանսպորտային համակարգը 2013 թվականին կնքված պայմանավորվածություններից հետո գտնվում է «Գազպրոմի» սեփականության ներքո։
Այսինքն՝ նույնիսկ գազի մատակարարումների մասնակի դիվերսիֆիկացման դեպքում ռուսական գործոնը հնարավոր չէ ամբողջությամբ դուրս բերել Հայաստանի էներգետիկ համակարգից։
«Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է դեր ունենալ ոչ միայն բնական գազի մատակարարման, այլև համակարգի տեխնիկական կառավարման, ներդրումային քաղաքականության և սակագնային գործընթացների մեջ։ Ընկերությունը մինչև 2030 թվականը նախատեսում է շուրջ 150.3 մլրդ դրամի՝ մոտ 400 մլն դոլարի ներդրումային ծրագիր։
Դավթյանի գնահատմամբ՝ սա ցույց է տալիս, որ ռուսական ներկայությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում ունի ոչ միայն առևտրային, այլև երկարաժամկետ ենթակառուցվածքային բնույթ։ Հետևաբար, ցանկացած կտրուկ փոփոխություն պահանջում է ամբողջ էներգետիկ ճարտարապետության վերափոխում։
Գազի գնի փոփոխությունը կարող է հարվածել ամբողջ տնտեսությանը
Հայաստանի համար խնդիրը առավել զգայուն է նաև այն պատճառով, որ ռուսական գազը ներկայում մատակարարվում է արտոնյալ գնով։ Դավթյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ գազի գինը կազմում է 177.5 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։
Միաժամանակ եվրոպական շուկաներում գազի գինը զգալիորեն բարձր է։ Հետևաբար, արտոնյալ պայմանների վերանայումը կարող է անմիջապես անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա։
Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 40 տոկոսը ապահովվում է գազով աշխատող ջերմաէլեկտրակայանների միջոցով։ Այդ պատճառով գազի գնի ցանկացած էական փոփոխություն կարող է բարձրացնել էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը, մեծացնել բնակչության և բիզնեսի ծախսերը, ուժեղացնել գնաճային ճնշումները և մեծացնել պետության սոցիալական ծախսերը։
Այսպիսով, գազամատակարարման հարցը, ըստ Դավթյանի, դուրս է գալիս միայն էներգետիկ ոլորտի շրջանակներից և անմիջականորեն առնչվում է երկրի սոցիալ-տնտեսական կայունությանը։
ԵՄ աջակցությունը բավարար չէ համակարգային խնդիրների լուծման համար
Դավթյանը անդրադառնում է նաև Եվրամիության կողմից Հայաստանին հնարավոր էներգետիկ խնդիրների դեպքում աջակցելու պատրաստակամության մասին հայտարարություններին։
Նրա գնահատմամբ՝ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը կարող է որոշակիորեն մեղմել առաջացող խնդիրները, սակայն այն չի կարող փոխարինել համակարգային լուծումներին։ Դրա համար անհրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ, երկարաժամկետ ներդրումներ և էներգետիկ ռազմավարություն։
Փորձագետը, մասնավորապես, հարց է բարձրացնում հեղուկացված բնական գազի հնարավոր ներկրման վերաբերյալ։ Տեսականորեն նման հնարավորություն գոյություն ունի, սակայն դրա համար Հայաստանը պետք է ունենա համապատասխան լոգիստիկ և ռեգազիֆիկացման ենթակառուցվածքներ։ Դրանց ստեղծումը, ըստ Դավթյանի, կպահանջի միլիարդավոր դոլարների ներդրումներ։
Հետևաբար, եվրոպական աջակցությունը և համակարգային էներգետիկ անկախությունը նույն հասկացությունները չեն։
Վերականգնվող էներգետիկան և ԱԷԿ-ը
Դավթյանը նաև զգուշացնում է, որ էներգետիկ դիվերսիֆիկացումը չի կարող հիմնվել միայն վերականգնվող էներգետիկայի զարգացման վրա։
Նրա խոսքով՝ արևային և այլ վերականգնվող էներգիայի կայաններն ունեն տեղակայված հզորության օգտագործման ավելի ցածր գործակից, ինչի պատճառով դրանք չեն կարող ամբողջությամբ փոխարինել կայուն արտադրություն ապահովող ՋԷԿ-երին և ԱԷԿ-ին։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագան։ Փորձագետը կարևոր խնդիր է համարում գործող հայկական ատոմակայանի շահագործումից դուրսբերման հեռանկարը։ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում քննարկվում է ԱԷԿ-ի շահագործումից դուրսբերման ճանապարհային քարտեզը, սակայն, ըստ Դավթյանի, դրա փոխարեն անհրաժեշտ կայուն և համարժեք հզորությունների ստեղծման հարցը դեռ հստակ պատասխան չունի։
Նա որպես օրինակ հիշատակում է Լիտվայի Իգնալինայի ԱԷԿ-ը, որը փակվեց Եվրամիությանն անդամակցելուց հետո։ Դավթյանի գնահատմամբ՝ առանց համարժեք նոր հզորությունների ձևավորման նման քայլը կարող է մեծացնել Հայաստանի կախվածությունը էլեկտրաէներգիայի ներկրումից։
Այս համատեքստում նա կարևորում է նաև տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ նախագծերը, այդ թվում՝ Սևծովյան էլեկտրամալուխին Հայաստանի հնարավոր միացումը։ Սակայն այստեղ ևս առաջանում է նույն խնդիրը՝ առանց բավարար սեփական արտադրող հզորությունների Հայաստանի մասնակցությունը նման համակարգերին սահմանափակ կլինի։
Դիվերսիֆիկացումը չպետք է վերածվի կախվածության ուղղակի փոփոխության
Դավթյանի հիմնական մտահոգությունն այն է, որ Հայաստանի էներգետիկ համակարգում մեկ կախվածությունը կարող է փոխարինվել մեկ այլ կախվածությամբ։
Եվրոպական շուկաների և կարգավորող համակարգերի հետ ինտեգրումը կարող է ներկայացվել որպես դիվերսիֆիկացում, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է գնահատել, թե ինչ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական կախվածություններ կարող են առաջանալ դրա արդյունքում։
«Էներգետիկ համակարգերը չեն փոխվում քաղաքական հայտարարություններով»,– ընդգծում է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը պահանջում է միլիարդավոր դոլարների ներդրումներ, նոր ենթակառուցվածքներ, տեխնոլոգիական լուծումներ և երկարաժամկետ պայմանագրեր։
Այսինքն՝ Հայաստանի համար հարցը պարզապես այն չէ, թե որ ուղղությամբ է շարժվում արտաքին քաղաքականությունը։ Հիմնական հարցն այն է, թե արդյոք երկիրը ունի բավարար տնտեսական, տեխնոլոգիական և ենթակառուցվածքային կարողություններ այդ փոփոխությունն անվտանգ իրականացնելու համար։
Դավթյանի եզրահանգմամբ՝ եվրաինտեգրումն ինքնին էներգետիկ անվտանգության երաշխիք չէ։ Այն կարող է այդպիսի արդյունք տալ միայն այն դեպքում, եթե ուղեկցվի մանրակրկիտ հաշվարկված և ֆինանսապես ապահովված էներգետիկ ռազմավարությամբ։

