«Հայտնի» և «անհայտ» TRIPP-ը․ ի՞նչ զիջեց Երևանը, և ի՞նչ՝ Բաքուն

TRIPP-ը ոչ միայն մեր երկրի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի առաջնային հարցերից է, այլև տարածաշրջանային և, չեմ խուսափի այդ բառից, համաշխարհային քաղաքականության կարևորագույն հարցերից, որն իր վրա է բևեռել աշխարհի հզոր տերությունների ուշադրությունը։ Վկան արդեն միայն անվանումն է, բացի այդ՝ Սահմանադրական դատարանում սկսված գործընթացը և դրան հաջորդող՝ Ազգային ժողովում նախատեսվող ընթացակարգերը։

Այս համատեքստում Հայաստանում քաղաքական, փորձագիտական, լրատվական դաշտերում տեղի ունեցող քննարկումների մի մասը խոր մտահոգություն է առաջացնում մասնագետների, այդ թվում՝ ինձ մոտ։ Առաջնորդվելով մասնագիտական ու քաղաքացիական պատասխանատվությամբ՝ իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ իմ մասնագիտական խոհերն ու կարծիքները կիսել հանրության հետ։

Ուստի առաջարկելու եմ մի քանի թեզիսային հարցեր, որոնք կարևոր են յուրաքանչյուրիս համար՝ TRIPP-ի մասին խոսելիս խորհելու և պատասխանները փնտրելու առումով։ Դրանց մի մասը խիստ տեսանելի և ակնհայտ է։ Սակայն, ցավոք, քաղաքական գործիչների հայտարարություններում և քայլերում դրանք երբեմն ներկայացվում են իրականությունից շատ հեռու, երբեմն՝ սխալ ձևակերպումներով։ Եվ դա վերաբերում է ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր որոշ շրջանակների։

Ուստի գնահատականներս լինելու են ոչ այնքան քաղաքական, քանի որ ես որևէ քաղաքական թիմի մաս չեմ կազմում, որքան մասնագիտական։

Առաջին հարցը, որը նաև իմ ելույթի վերնագիրն է՝ «Հայտնի» և «անհայտ» TRIPP-ը։ Ի՞նչ է հայտնի TRIPP-ի մասին և ի՞նչն է անհայտ։

Մինչև TRIPP անվանումը ստանալը Սյունիքով տարբերվող կարգավիճակ ունեցող ճանապարհի խնդիրը շրջանառվել է այլ անուններով, որոնցից վերջինը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» անվանումն է։

Իսկ թե ինչ է «Զանգեզուրի միջանցքը» և որտեղից է ծագում այդ անվանումը, դրա մասին արդեն քանիցս առիթ ենք ունեցել խոսելու։ Հրատարակել ենք, ինչպես Պարույժյանը նշեց, գիրք, որը թարգմանվել է մի քանի լեզուներով, այդ թվում՝ վերջերս նաև պարսկերեն, և մենք այն հասանելի ենք դարձրել քաղաքական ու գիտական շրջանակներին։

Մեր պատասխանը հստակ է․ «Զանգեզուրի միջանցքը» վատ քողարկված կամ չքողարկված թուրք-ադրբեջանական շուրջ մեկդարյա ծրագրի գերնպատակն է։

Սակայն հիմա հարցնում են՝ դա ոչ թե «Զանգեզուրի միջանցքն» է, այլ մոդայիկ անվանումով TRIPP-ը, և դա ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Ի դեպ, նմանություն ունեն ընդդիմադիր որոշ գործիչներ ևս՝ որոշակի ուժից, որոնք նույնպես պնդում են այդ սխալ թեզը՝ այն հիմնավորելով ինչ-որ մարտավարական կամ հեռուն գնացող քայլերով։

Այս պարագայում տալիս եմ հետևյալ երկու հարցը։

Առաջին՝ կա՞ արդյոք լոգիստիկ տարբերություն կամ մեկ սանտիմետրի շեղում «Զանգեզուրի միջանցք» կոչված ծրագրի և TRIPP-ի միջև։ Ավելի կոնկրետ՝ արդյո՞ք TRIPP-ը չի իրականացվելու բառացիորեն նույն ճանապարհով, ինչ նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» համար, և, ընդ որում, նախատեսվում է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից։

Մեր պատասխանը հստակ է։ Որքան նայում եմ նախատեսված և ընթացող շինարարական աշխատանքներին՝ կապված ճանապարհի և այլ ենթակառուցվածքների հետ, այդտեղ չկա որևէ սանտիմետրի տարբերություն։

Երկրորդ հարցը՝ կա՞ արդյոք կարգավիճակի տարբերություն «միջանցքով» նախատեսվող՝ առանց խոչընդոտ Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի և TRIPP-ով նախատեսվողի միջև՝ տարբեր միջազգային տերմիններ հիշեցնող ձևակերպումների՝ «back office», ինքնիշխանություն և այլ ձևակերպումների պայմաններում։

Հայաստանի իշխանությունների պատասխանատուների պատասխանները նման են խուսափողականի․ շեշտվում և հիշատակվում են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և նման այլ տերմիններ։

Կարծում եմ՝ այս հարցը նույնպես ունի հստակ պատասխան։ Ես ընդգծում եմ, որ սա ոչ սովորական կարգավիճակով ճանապարհ է, որը լիովին բավարարում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին և նպատակներին։

Դրա բացահայտ վկայություններից են այն ոգևորությունը, որ տիրում է այդ երկրների քաղաքական վերնախավում, և երբեմն հնչող ձևակերպումները, որոնք բացահայտում են հարցի վատ քողարկված էությունը։ Դա «Զանգեզուրի միջանցքի» իրենց ակնկալած ռեժիմն է, ուղղակի միջազգային շրջանակներում ստացել է այլ անվանում։

Մի հռետորական հարց էլ․ եթե այս պրոյեկտը այդքան ձեռնտու է Հայաստանին, ապա ինչո՞ւ են այդքան խանդավառված տասնամյակներով և հիմա էլ Հայաստանի հանդեպ ռասիստական ատելություն տածող թուրք և ադրբեջանցի քաղաքական ու պետական գործիչները։

Ուստի սա ծրագիր է ոչ թե ի նպաստ Հայաստանի, այլ ի հաշիվ Հայաստանի։ Սա է բանաձևը։

Այնքան հիմա խոսում են TRIPP-ի մասին, որ հարցի բուն ծագումը, էությունը մոռացվեց։ Սա միգուցե նույնպես քարոզչական մեթոդ է, բայց գիտությունը հենց նրա համար է, որ բոլորին հետ տանի դեպի ճշմարիտ արդյունքները և ցույց տա հարցի նախնական իրավիճակը։

Եվ հիմա մենք պետք է սահմանենք, որ TRIPP-ը ծագել է թուրքական ազգայնական լոգիստիկ ծրագրից և սխալ դիվանագիտության, պարզունակության հետևանքով տեղ է գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություն-փաստաթղթում և դարձել է քաղաքական թակարդ Հայաստանի համար։

Ուստի թակարդը ոչ թե Արցախն էր, որից, իբր, ազատվեց Հայաստանը, այլ «Զանգեզուրի միջանցք»-ը՝ TRIPP-ը, որը հիմա որպես թակարդ ծառայում է Հայաստանի ներկայի ու ապագայի առջև։

Մյուս գլոբալ հարցը Թրամփի և ԱՄՆ-ի ներգրավվածությունն է այս խնդրին։ Իմ կարծիքով՝ այստեղ իրար են շաղկապվել ԱՄՆ-ի պրագմատիկ աշխարհաքաղաքական շահը և, միգուցե, նախագահ Թրամփի անձնական ամբիցիաները։

Սկսենք աշխարհաքաղաքական շահից։

Դեռ Բժեզինսկին շատ հստակ սահմանել է, որ ԱՄՆ-ի գլոբալության հարցում կարևոր, նուրբ ու սկզբունքային գործոն է քաղաքական աշխարհագրությունը և առանձնացնում է համաշխարհային նշանակություն ունեցող ծովային կամ ցամաքային ճանապարհներն ու միջանցքները, օրինակ՝ Սուեզի ջրանցքը և այլն։

Այսինքն՝ աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից կարևոր ճանապարհների՝ ցամաքային ու ծովային, վրա վերահսկողություն ունենալու հարցն է։

Հիմա ո՞րն է մեր տարածաշրջանի Սուեզի ջրանցքը՝ պայմանական ասած։ Իհարկե, պատասխանը հստակ է՝ դա Սյունիքով անցնող ճանապարհն է։

Ուստի Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքների և ռազմական ագրեսիայի պատրաստ լինելու մասին հայտարարությունների ֆոնին ի հայտ է գալիս Թրամփյան փրկօղակը՝ TRIPP-ը։

Հաշվարկը շատ հստակ է․ ԱՄՆ-ն չի թողնում Ադրբեջանին ուղիղ ռազմական ագրեսիա իրականացնել Հայաստանի հանդեպ։

Այստեղ շատ արագ քաղաքական մրցապայքարում անցնելով կամ մեքենաների տերմինոլոգիայով՝ ապացուցված վազք տանելով տարածաշրջանի երկու մյուս խաղացողներին՝ Ռուսաստանին և Իրանին, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվում է հայտնի փաստաթուղթը, և բոլոր կողմերը կարծես գոհ են և շահում են։

Բայց դա անգամ տեսականորեն հնարավոր չէ, քանի որ կողմերի՝ պետությունների իրական շահերը իրականության մեջ հակոտնյա են, որպեսզի հնարավոր լինի երկու կողմի համար գոհացուցիչ լինել։

Հիմա ի՞նչ է ստացվում, ի՞նչ են զիջում և ի՞նչ են շահում կողմերը։ Այսինքն՝ ի՞նչն է այդքան հայտնի՝ TRIPP-ի մասին, չակերտներով։

Առաջինը՝ Ադրբեջանը դե ֆակտո ստանում է «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակին կամ դրան մոտ կարգավիճակով ճանապարհ դեպի Նախիջևան։ Սրա կողմ է նաև Թուրքիան։

Եվ չակերտներով՝ Ադրբեջանը զիջում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը, այն էլ միայն միջազգային խոսույթում։ Իր ներքին խոսույթում շարունակում է կիրառել այդ տերմինը։ Սրա վկայությունը կարող ենք հանդիպել շատ հաճախ, վերջինը՝ երկու օր առաջ, կրկին Հիքմեթ Հաջիևի կողմից։

Ադրբեջանը նաև, չակերտավոր, մեծահոգաբար համաձայնվում է չհարձակվել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, չդիմել ռազմական ագրեսիայի, ինչպես արդեն դիմել է Հայաստանի այլ ինքնիշխան տարածքների հանդեպ, սակայն այս անգամ միջազգային բարձր համաձայնությամբ։

Հայաստանը, չակերտավոր, շահում է կամ փրկում է դեմքը, որ այդ փաստաթղթում չի կիրառվում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Դրան զուգահեռ վտանգվում է Հայաստանի ինքնիշխանության և դրան հոմանիշ բառերի մի ամբողջ խումբ, և որպես բոնուս ստանում է նաև չիպերի արտադրության ու ֆինանսական հոսքերի խոստում։ Կան կոնկրետ քայլեր։

Սակայն զիջում է իր ստրատեգիական տարածքի հանդեպ լիակատար վերահսկողության ինչ-որ չափ, թեկուզ, լավատեսորեն ասենք, փոքր չափ, ինչպես նաև էական իմիջային վնաս է հասցվում Հայաստան պետության հեղինակությանը։

Եվ մոռանում է չակերտների մեջ «զիջելու դիվանագիտություն» կոչված քաղաքական գիծը, բայց հանրությանը ներկայացվում է, որ իշխանությունները ոչինչ չեն զիջել, այլ նույնիսկ շահել են։

Սա, ենթադրում եմ, Ջորջ Օրուելի հստակ բանաձևի արտացոլումն է, որ «պատերազմը խաղաղությունն է»։ Հիմա զիջելը՝ դա ձեռքբերում է։

Եվս մեկ հռետորական հարց։

Եթե սա սովորական կոմունիկացիոն ծրագիր է, ապա ինչո՞ւ է այդքան արտասովոր գործընթացներով լի։ Եթե սովորական ճանապարհ է, ինչո՞ւ է Թրամփը իր անունը դրան շնորհում կամ բաշխում։ Եթե սովորական է, ապա ինչո՞ւ է այդքան անսովոր։

Թրամփը, այս ամենի արդյունքում, լուծում է իր երկրի հարավկովկասյան կարևորագույն ճանապարհի հանդեպ վերահսկողության մասնակցության հարցը՝ պայմանական ասած՝ մուտք դեպի Հարավկովկասյան Սուեզի ջրանցք կամ Հորմուզի ջրանցք։

Կարողանում է իր խոսույթում ավելացնել իբրև խաղաղություն հաստատողի իմիջը։ Խոսվեց, որ արագ լուծել է 30 տարվա հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, սակայն կողմերից մեկի՝ Հայաստանի, բացահայտ ու ցավոտ զիջումների գնով։

Եվ, իհարկե, իր անունով աշխարհում ևս մի տեղանուն է ստեղծում, քանի որ մինչ այդ հարցում կար Թրամփի լիճ, հիմա՝ Թրամփի ճանապարհ և այլն։

Ի դեպ, Թրամփը ինքը կարծես բացահայտում է այս ամենը իր վերջին շրջանի սկանդալային հայտարարություններից մեկում։ Օրեր առաջ Թրամփը, խոսելով Հորմուզի նեղուցի վրա, ի դեպ, ամերիկյան վերահսկողություն հաստատելու մասին, իմ կարծիքով՝ շատ բանալի միտք ասաց։ Ցիտում եմ․ «Հորմուզի նեղուցը անվանափոխում եմ Թրամփի նեղուց»։

Զուգահեռները, կարծում եմ, շատ ակնհայտ են՝ Թրամփի ճանապարհ, TRIPP, Թրամփի նեղուց, Հորմուզի նեղուց։ Եվ սա նաև գնահատական է այն ամենի համար, թե Հորմուզի նեղուցի ու Սյունիքով անցնող ճանապարհի աշխարհաքաղաքական արժեքները որքան նույնական են։

Եվ վերջում՝ պատմական մի զուգահեռի մասին, որը ես նկատել եմ Վաշինգտոնյան փաստաթղթի ստորագրումից և Թրամփի անունով ճանապարհի հրապարակումից հետո։

Հայ ժողովրդի հիշողությունը և ակնկալիքները ԱՄՆ նախագահներից ոչ վաղ անցյալում ունեցել են ավելի լուրջ ծավալներ և կոնկրետ ծրագրեր։

Մոտ 100 տարի առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին, ստորագրվել է Սևրի պայմանագիրը, որը Հայաստանին խոստանում էր հազարավոր կիլոմետրերով հայրենիքի ազատագրված տարածքներ։ Այս գործի գլխին Թրամփի նախորդներից ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն էր, որը իրավարար վճռով գծեց Հայաստանի ընդարձակ քարտեզը, որն այդպես էլ իրականություն չդարձավ։

Ի համեմատություն TRIPP-ի և Թրամփի՝ Վիլսոնը շատ ավելի էր խոստանում հայերին և Հայաստանին, սակայն կրկին հաղթեց նորին մեծություն քաղաքական շահը և հաշվարկը։

Անկեղծ նշեմ, որ իմ խորին համոզմամբ՝ այս ամբողջ գործընթացը չի արվում հանուն հայ ժողովրդի և Հայաստանի, քանի որ քաղաքականության և աշխարհաքաղաքականության մեջ չկան սենտիմենտալ երևույթներ։

TRIPP-ը մի կողմից հստակ աշխարհաքաղաքական շահերի ծնունդ է, մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական դարավոր երազանք՝ ի հաշիվ Հայաստանի։

Այս ամենից Հայաստանը ստանում է հռչակագրային հավաստիացումներ, բայց միևնույն ժամանակ՝ հավանական ռիսկ, որ Հայաստանի տարածքը կարող է վերածվել աշխարհաքաղաքական տարբեր բևեռների շահերի հարթակի։

Որևէ պետության կամ ուժային բևեռի հանդեպ կույր հավատքը անխուսափելիորեն բերելու է անհաջողության։ Եվ իշխանությունները, որոնք խոսում են, որ չի կարելի մեր պետության անվտանգությունը կապել մեկ երկրի քաղաքական շահին, հենց իրենք անում են նույնը։

Սա ցանկալին իրականության տեղ տեսնելու հերթական փորձն է՝ տվյալ պարագայում TRIPP-ի մեջ տեսնել ոչ թե թուրք-ադրբեջանական միջանցք, այլ հայ-ամերիկյան մեգածրագիր՝ առաջնորդվելով «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» ձևակերպմանը նման տրամաբանությամբ։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյան


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top