ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2027-2028 թթ․ Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու մասին հայտարարությունը Մոսկվային նյարդայնացնելու փոխարեն անհանգստացրել է հենց Բրյուսելին։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ Եվրոպան Հայաստանից դեռ չի ստացել իր գլխավոր ակնկալիքը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, և այժմ Երևանի՝ ԵՄ անդամակցության հայտի մասին խոսակցությունը Բրյուսելի առաջ նոր պատասխանատվություն է դնում։ Բադալյանի գնահատմամբ՝ Փաշինյանի այցը Բրյուսել չի տվել նրա ակնկալած արդյունքը, իսկ դրանից հետո ընդդիմության նկատմամբ ուժային գործիքակազմի կիրառումը դրա վկայությունն է։ «Եվրոպական միության համար Հայաստանի այդ ցանկությունը կամ այդ հայտը, եթե պաշտոնապես ձևակերպվի, լինելու է զգալի բեռ և պատասխանատվություն առաջացնող հանգամանք»,— ասում է Բադալյանը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունն արդեն իսկ պատասխանատվություն ունի Հայաստանի հանդեպ, սակայն այդ պատասխանատվությունը չի վերածվել ցանկալի արդյունքի։ Եվրոպայի գլխավոր ակնկալիքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է, իսկ դրա համար անհրաժեշտ է բավարարել Ադրբեջանի առաջադրած պայմանները։
Բադալյանը հիշեցնում է, որ Եվրոպան այդ պայմանագրի ստորագրման վրա է կատարել իր տարածաշրջանային խաղադրույքը՝ Հայաստանի պարտությունից և Արցախի հայաթափումից հետո ձևավորված իրողությունների պայմաններում։ 2024 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել էր Եվրոպական խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելին և շնորհակալություն հայտնել Բրյուսելյան ձևաչափի միջոցով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի օրակարգը ձևավորելու համար։ Բադալյանի խոսքով՝ այդ դրվագը ցույց է տալիս, թե որքան կարևոր էր այդ գործընթացը եվրոպական կողմի համար։
Սակայն պայմանագիրը ստորագրված չէ, հետևաբար Եվրոպան չի ստացել իր ակնկալած արդյունքը։ Եվ այս պայմաններում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրությունը Բրյուսելին ոչ թե ոգևորում է, այլ նոր պարտավորությունների առաջ կանգնեցնում։
Բացի այդ, Եվրոպան շարունակում է կրել ուկրաինական պատերազմի ֆինանսատնտեսական և սոցիալ-հոգեբանական ծանրությունը։ Բադալյանի խոսքով՝ այս իրավիճակում Եվրամիությունը հազիվ թե ցանկանա Կովկասում լրացուցիչ պատասխանատվություն վերցնել, հատկապես երբ դեռ չի ստացել իր գլխավոր ակնկալիքի բավարարումը։
Եվրոպային պետք է, որ Հայաստանը փակի Ռուսաստանի դռները
Բադալյանի գնահատմամբ՝ Բրյուսելի համար այսօր Հայաստանից ավելի կարևոր է ոչ թե եվրոպական դուռը թակելը, այլ Ռուսաստանի հետ կապերը խզելը։
«Եվրոպային գոհացնողը ներկայումս այն է, որ Հայաստանը պարզապես հնարավորինս շատ Ռուսաստանի հետ կապված դռներ շրխկացնի։ Սա է Եվրոպայի համար էականը՝ շրխկացնել Ռուսաստանի հետ կապված դռները և ոչ թե թակել Եվրոպայի դուռը»,— հայտարարում է քաղաքական մեկնաբանը։
Նա այս գործընթացը կապում է նաև ԱՄՆ-ի և Եվրամիության միջև խորացող հակասությունների հետ։ Բադալյանի խոսքով՝ Եվրոպան այլևս չի կարող ապավինել Վաշինգտոնի աշխարհաքաղաքական հովանավորությանը և ստիպված է ինքնուրույն կրել իր նպատակների ու հավակնությունների ամբողջ ծանրությունը։ Թրամփի և եվրոպական վերնախավի հակասություններն իրենց արտացոլումն ունեն նաև Հարավային Կովկասում։
Որպես օրինակ՝ Բադալյանը հիշեցնում է օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի հրապարակած հոդվածը, որում վերջինս հորդորել էր Թրամփին «Թրամփի ուղին» իրականացնել Եվրամիության հետ միասին։ Սակայն Թրամփը չընդունեց այդ հորդորը, և Եվրամիությունը փաստացի դուրս մնաց կովկասյան գործընթացների զգալի մասից։
Այս պայմաններում Բրյուսելի համար առավել կարևոր է ավարտին հասցնել հենց իր ձևաչափով մեկնարկած հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։ Իսկ քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ, Հայաստանի՝ Եվրոպայի դուռը թակելու մտադրությունը չի կարող գոհացնել եվրոպական կողմին։
Բրյուսելում Փաշինյանի առաջարկը հավանության չի արժանացել
Բադալյանը Փաշինյանի այցի արդյունքների մասին դատում է նաև դրանից անմիջապես հետո տեղի ունեցած իրադարձություններով։ Նրա խոսքով՝ Բրյուսելից վերադառնալուց հետո վարչապետը ընդդիմության հետ քաղաքական առաջարկների և քննարկումների միջոցով աշխատելու փոխարեն դիմել է ուժային ու իրավապահ գործիքակազմին։
Մինչ այցը Փաշինյանը հայտարարել էր, որ եթե չկարողանա ընդդիմությանը համոզել սահմանադրության հարցում, հնարավոր է՝ անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Դրանից հետո նա փոխել էր տոնայնությունը՝ հայտարարելով, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, ամենայն հավանականությամբ, չի առաջանա, քանի որ ընդդիմությանը պատրաստվում է այնպիսի առաջարկ ներկայացնել, որից վերջինս չի կարող հրաժարվել։ Խոսքը սահմանադրության նախագծին կողմ քվեարկելու մասին էր։
Բադալյանի գնահատմամբ՝ Փաշինյանն այդ հայտարարությամբ փորձել էր հանգստացնել Եվրամիությանը և այդ առաջարկը քննարկել Բրյուսելում։ Սակայն այցից անմիջապես հետո ընդդիմության դեմ ուժային միջոցների կիրառումը ցույց տվեց, որ այդ մոտեցումը հավանության չի արժանացել։
«Այն, որ Բրյուսելից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ընդդիմության դուռն է գնում ոչ թե առաջարկով, ոչ թե քաղաքական առաջարկով, այլ ուժային իրավապահ գործիքակազմով, վկայում է, որ Բրյուսելում կամ նրա այդ գաղափարը չի արժանացել հավանության, չի արժանացել վստահության, կամ նրանից ակնկալել են հենց հակառակը՝ ավելի կոշտ գործողություններ և ոչ թե քաղաքական քննարկումներ ընդդիմության հետ»,— ասում է Բադալյանը։
Նա այս զարգացումները կապում է նաև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաջողության հետ։ Բադալյանի խոսքով՝ Փաշինյանը, որը մի քանի ամիս առաջ դժգոհում էր դեմոկրատների քաղաքականությունից և ընդգծում Թրամփի հետ առաջընթացը հայ-ադրբեջանական գործընթացում, այժմ փորձում է կրկին շահել դեմոկրատական շրջանակների և Եվրոպայի բարեհաճությունը։
Մեկնաբանի գնահատմամբ՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններն անհանգստացրել էին նաև արևմտամետ և հակառուսական դիրքորոշում ունեցող ուժերին։ Դրանցից մեկի առաջնորդը հայտարարել էր, որ արտահերթ ընտրություններն իմաստ չունեն, եթե դրանց մասնակցելու է խորհրդարանական ընդդիմությունը, և դրա մասնակցությունը չի արգելափակվելու։ Բադալյանի խոսքով՝ սա ոչ միայն տվյալ ուժի, այլև եվրոպական կամ արևմտյան լիբերալ-գլոբալիստական շրջանակների ահազանգն էր։ Այդ շրջանակները խաղադրույք են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վրա և շահագրգռված են, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացներն ընթանան իրենց ակնկալիքներին համապատասխան։
Ադրբեջանը ստացել է իր ուզածը՝ առանց պայմանագիրը ստորագրելու
Բադալյանը կասկածի տակ է դնում նաև այն պնդումը, թե Ադրբեջանը շահագրգռված է խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ ստորագրելու հարցում։ Նրա խոսքով՝ չստորագրված պայմանագիրն Ադրբեջանին տալիս է հնարավորություններ, որոնք պակաս չեն ստորագրման դեպքում ձեռք բերվող հնարավորություններից։
Մեկնաբանը նշում է, որ Բաքուն արդեն ստացել է իր համար նվազագույն անհրաժեշտը՝ պայմանագրի նախաստորագրման դիմաց։ Նա հիշատակում է ճանապարհի անխոչընդոտ օգտագործման հարցում Հայաստանի միակողմանի զիջումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարումը և Հայաստանի իշխանությունների լոյալությունը Ադրբեջանի՝ Անկախության հռչակագրին վերաբերող պահանջի նկատմամբ։
Բադալյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն իրենք են Անկախության հռչակագիրը քաղաքական և իրավաքաղաքական առումով ոչ լեգիտիմ ներկայացնում՝ այդպիսով բավարարելով Ադրբեջանի պահանջը։ «Ադրբեջանը, ցավոք, ստացել է այս ամենը և, ըստ էության, ոչ մի առանձնակի մոտիվացիա չունի օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը»,— ասում է նա։
Նրա գնահատմամբ՝ պայմանագրի չստորագրումը կարող է խնդիր դառնալ Փաշինյանի համար, բայց եթե նա կարողանա այդ գործընթացը պահել կայունության ռեժիմում, այն կարող է վերածվել ներքաղաքական օգտագործման բացառիկ խաղաքարտի։ Վարչապետը կարող է շարունակել ստեղծել խաղաղության գործընթացի առաջընթացի տպավորություն՝ առանց պայմանագիրը ստորագրելու։
Բադալյանի համոզմամբ՝ պայմանագրի ստորագրման վրա իրական խաղադրույք կատարած միակ կենտրոնը Եվրամիությունն է կամ ավելի լայն՝ եվրաատլանտյան լիբերալ-գլոբալիստական թևը։ Գործընթացի որոշ ուղղություններով առաջընթացն արդեն տեղի է ունեցել այլ քաղաքական դերակատարների միջոցով, այդ թվում՝ Թրամփի, սակայն պայմանագրի ստորագրման հարցում առաջընթաց չկա։ Եվ հենց սա է Բրյուսելի հիմնական չլուծված խնդիրը։

