Ռուս սահմանապահների դուրսբերումը Հայաստանից կարող է տևել 2-4 տարի

Ռուս սահմանապահների դուրսբերումը Հայաստանից կարող է տևել 2-4 տարի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հնչեցրած հայտարարությունը ռուս սահմանապահների՝ Հայաստանից ամբողջությամբ դուրսբերման և երկրի սահմանների նկատմամբ հայկական վերահսկողության հաստատման մասին նոր քննարկումների առիթ է դարձել։ Հայտարարության համաձայն՝ գործընթացը նախատեսվում է իրականացնել առնվազն միջնաժամկետ հեռանկարում։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի գնահատմամբ՝ ռուս սահմանապահների դուրսբերման գործընթացի իրական ժամկետները կախված են Հայաստանի՝ սահմանապահ ծառայությունն ինքնուրույն իրականացնելու կարողությունից։

Ներսիսյանի խոսքով՝ ռուս սահմանապահների դուրսբերման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը նախևառաջ կարողանա սեփական սահմանապահ ուժերով լիարժեք վերահսկողություն հաստատել Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին, որտեղ դեռևս ծառայություն են իրականացնում ռուս սահմանապահները։ 

Նրա խոսքով՝ խոսքը բավականին երկար սահմանի մասին է, որի ամբողջական վերահսկողությունը ստանձնելու համար անհրաժեշտ են հազարավոր պատրաստված սահմանապահներ։  Փորձագետը գործընթացի իրատեսական ժամկետ է համարում երկու-չորս տարին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ սահմանային հատվածի հարցը առանձին խնդիր է։

Նա առանձնացրել է Ադրբեջանի հետ սահմանային հատվածը՝ ընդգծելով, որ այնտեղ ռուս սահմանապահների դուրսբերման հարցը հնարավոր կլինի քննարկել սահմանազատման գործընթացի իրականացումից հետո։ Ըստ փորձագետի՝ այդ գործընթացը երկարատև է լինելու, այդ  ուղղությամբ առայժմ առաջընթաց չի նկատվում, բայց նույնիսկ դրական տեղաշարժերի դեպքում սահմանազատումը տարիներ կպահանջի։

Ներսիսյանի գնահատմամբ՝ կարևորն այն է, որ գործընթացն արդեն ընթանում է։ Նա հիշեցրել է, որ ռուս սահմանապահների դուրսբերումը որոշ հատվածներից սկսվել էր ավելի վաղ, և այդ դիրքերում արդեն ծառայություն են իրականացնում հայկական սահմանապահները։

Փորձագետի կարծիքով՝ ռուս սահմանապահների դուրսբերումը կարող է նպաստել Հայաստանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացմանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ գործընթացը կարող է նշանակություն ունենալ Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցում։

Ներսիսյանի գնահատմամբ՝ ռուս սահմանապահների դուրսբերումը կարող է կարևոր նշանակություն ունենալ նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացում։ Թեև այդ հարցը պարտադիր պայման չի եղել, փորձագետի կարծիքով՝ առանց դրա լիարժեք լուծման դժվար կլիներ առաջընթաց ապահովել եվրոպական այդ ուղղությամբ։ 

Նրա խոսքով՝ սահմանային վերահսկողության ստանձնումը կարևոր է նաև Հայաստանի տնտեսական և պետական ինքնուրույնության տեսանկյունից։ Փորձագետը շեշտել է, որ սահմանային անցակետերում հայկական սահմանապահների ներկայությունն արդեն հնարավորություն է տալիս Հայաստանին ինքնուրույն որոշել՝ ինչպես և երբ պետք է երկիր մուտք գործեն տարբեր ապրանքներ։

«Մենք գոնե կարող ենք որոշել՝ ոնց և երբ, ինչ տեսակի, օրինակ, ապրանքներ պետք է մտնեն Հայաստան և չկիսվել այդ տեղեկատվությունով մի ուրիշ պետության հետ։ Դա բավականին կարևոր գործոն է»,- ասել է նա։

Ներսիսյանի գնահատմամբ՝ այս գործընթացի առանցքային նշանակությունն այն է, որ Հայաստանը կարողանա ինքնուրույն վերահսկել իր սահմանները և կայացնել դրանց հետ կապված որոշումները։

«Ամենակարևորը՝ մենք մեր երկրի տերը լինենք»,- եզրափակել է ռազմական փորձագետը։

Scroll to Top