Հայաստանի ատոմային էներգետիկայի հարցում ընտրություն կատարելու ակտիվացած քննարկումների ֆոնին Հայաստան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը։ Նրա այցը դիտարկվում է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների առաջմղման և տարածաշրջանում Ռուսաստանի հետ աճող մրցակցության համատեքստում։ Արդյո՞ք Վաշինգտոնը փորձում է Երևանին վերադարձնել փոքր մոդուլային ռեակտորների ընտրությանը, թե՞ այցն ուրիշ նպատակներ էր հետապնդում։
Էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում զարգանում է համակարգված և ինստիտուցիոնալ մակարդակով։ Նա առաջարկում է դիտարկել ամերիկյան պաշտոնյայի այցն առաջին հերթին այս համատեքստում։
Մարջանյանի խոսքով՝ հայ-ամերիկյան համագործակցությունը ձևավորվել է դեռևս ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք՝ Ջեյք Սալիվանի և երկու երկրների այն ժամանակվա պաշտոնյաների ջանքերով, իսկ հետագայում խորացել է Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում։
«Առաջինը փաստենք, որ համագործակցությունը զարգանում է ինստիտուցիոնալ հիմունքներով։ Սա շատ դրական հանգամանք է առաջին հերթին Հայաստանի, ինչպես նաև, հնարավոր է, Միացյալ Նահանգների համար», — նշել է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ Ուիլսոնի այցի վերաբերյալ հայկական պաշտոնական հաղորդագրությունները բավականին կցկտուր և բովանդակային առումով սակավ էին։ Այդուհանդերձ, Մարջանյանը ենթադրում է, որ էներգետիկայի, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի ոլորտում քննարկումների առանցքում եղել է այսպես կոչված 123 համաձայնագրի գործընթացի ընթացիկ փուլը։
Փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 123 համաձայնագրի շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են, սակայն փաստաթղթի ստորագրումը դեռ առջևում է։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը համաձայնագիրը պետք է ուղարկի Կոնգրես։
Մարջանյանի ներկայացմամբ՝ նման համաձայնագրերի քննարկման և վավերացման համար ԱՄՆ-ում գործում է պարզեցված ընթացակարգ։ Եթե նախագահը փաստաթուղթն ուղարկելուց հետո 90 օրվա ընթացքում Կոնգրեսը համապատասխան գործողություններ չձեռնարկի, համաձայնագիրն ինքնաբերաբար կհաստատվի։
Այլ ընթացակարգ կգործի, եթե Կոնգրեսը կամ Սենատը դիտողություններ կամ առարկություններ ներկայացնեն։ Այդ դեպքում, փորձագետի խոսքով, համաձայնագրի ընթացքը կախված կլինի Կոնգրեսի և Սենատի անդամների երկու երրորդի դիրքորոշումից։ Փաստաթուղթը կարող է լրամշակվել, իսկ դրա հետագա ճակատագիրը կորոշվի սահմանված ընթացակարգով։
Մարջանյանը նաև նշել է, որ Ուիլսոնի այցին ընդառաջ Հայաստանը նշանակել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարին։ Նրա գնահատմամբ՝ սա ևս վկայում է, որ այդ ուղղությամբ որոշակի գործնական քայլեր են իրականացվում։
Այսպիսով, փորձագետի դիտարկմամբ՝ հայ-ամերիկյան միջուկային համագործակցությունը բանակցային փուլից անցնում է հաջորդ հանգրվանին, որի կարևոր քայլերն են համաձայնագրի ստորագրումն ու դրա քննարկումը ԱՄՆ-ում։

