Հետընտրական 4 սցենար․ Իսրայելի ընտրությունները չեն փոխի երկրի արտաքին կուրսը 

Իսրայելում ընտրությունների արդյունքում ո՛չ իշխող ուժը, ո՛չ ընդդիմությունը չեն ստացել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը։ Քնեսեթի 120 մանդատից կառավարություն կազմելու համար անհրաժեշտ է առնվազն 61-ը, սակայն այս պահին այդպիսի մեծամասնություն չունի քաղաքական ուժերից և ոչ մեկը։

Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում հնարավոր է իրադարձությունների զարգացման առնվազն չորս սցենար։

Առաջին սցենար․ Նեթանյահուի և ընդդիմության ազգային համաձայնության կառավարություն

Առաջին տարբերակը Նեթանյահուի և ընդդիմության միջև փոխզիջումային՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորումն է։ Մելքոնյանի կարծիքով՝ այս սցենարի իրականացմանը կարող է նպաստել Դոնալդ Թրամփի միջամտությունը։

Քաղաքագետը դա պայմանավորում է նաև ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերով։ Նրա գնահատմամբ՝ Իրանի շուրջ ռազմական էսկալացիայի հավանականության աճի պայմաններում Վաշինգտոնի համար կարևոր է Իսրայելի լիարժեք ներգրավվածությունը, ինչն իր հերթին պահանջում է երկրում ներքաղաքական կայունություն։

Քաղաքագետը նշել է նաև, որ ԱՄՆ-ում իսրայելամետ լոբբիստների և Թրամփի խորհրդականների մի մասը դժգոհ է Իսրայելի կառավարությունում ծայրահեղ աջ քաղաքական գործիչների ներկայությունից։ Մասնավորապես, խոսքը Իտամար Բեն-Գվիրի և Բեցալել Սմոտրիչի մասին է, որոնք, Մելքոնյանի բնորոշմամբ, արաբների և այլ ժողովուրդների նկատմամբ ռասիստական ու նացիստական հայտարարություններ են արել։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնում գործող իսրայելամետ լոբբիստները համարում են, որ այդ գործիչների ներկայությունը կառավարությունում բարդացնում է իրենց աշխատանքը և վնասում Իսրայելի միջազգային դիրքերին՝ երկիրը դարձնելով քաղաքական առումով «թունավոր»։

Մելքոնյանը հիշեցրել է նաև 2022 թվականի մի դրվագ, երբ Նեթանյահուն ցանկանում էր պաշտպանության նախարարի պաշտոնը վստահել այդ ծայրահեղ աջ ճամբարի ներկայացուցչին։ Ըստ քաղաքագետի՝ այն ժամանակ Սպիտակ տնից զանգահարել էին և զգուշացրել, որ այդպիսի որոշման դեպքում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ռազմական համագործակցությունը կարող է վտանգվել։

Այս նախադեպը, Մելքոնյանի գնահատմամբ, ցույց է տալիս, որ Վաշինգտոնը կարող է ազդեցություն գործադրել Իսրայելի ներքաղաքական պայմանավորվածությունների վրա։

Երկրորդ սցենար․ Նեթանյահուն կարող է կոալիցիա՝ ձևավորել քննարկելով իր հեռանալու տարբերակը

Երկրորդ սցենարի համաձայն՝ Նեթանյահուն կարող է պայմանավորվել ընդդիմադիր մեկ կամ մի քանի կուսակցությունների հետ և նրանց աջակցությամբ ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Այս տարբերակը ենթադրում է, որ գործող վարչապետը կկարողանա անհրաժեշտ թվով ձայներ ստանալ ընդդիմադիր ուժերից՝ Քնեսեթում մեծամասնություն ապահովելու համար։

Միևնույն ժամանակ, Մելքոնյանի խոսքով, ընդդիմության ներսում քննարկվում է նաև իշխող կուսակցության հետ կառավարություն ձևավորելու հնարավորությունը, բայց առանց Նեթանյահուի։ Քաղաքագետի փոխանցմամբ՝ ընդդիմադիրներից շատերը պատրաստ են նման համագործակցության, եթե Նեթանյահուն չլինի նոր կառավարության կազմում։

«Ընդդիմության մեջ շատերը պատրաստ են ձևավորել կառավարություն իշխող կուսակցության հետ, բայց մեկ պայմանով՝ որ այնտեղ չլինի Նեթանյահուն», — նշել է նա։

Մելքոնյանի խոսքով՝ քննարկումների շրջանակում շրջանառվում է նաև հնարավոր պայմանավորվածության տարբերակ, որի համաձայն՝ Նեթանյահուն կարող է ևս երկու տարի մնալ իշխանության ղեկին, որից հետո իշխանությունը փոխանցել մեկ այլ քաղաքական ուժի կամ ներկայացուցչի և հեռանալ քաղաքական կյանքից։ Այդ տարբերակի մաս է նաև Նեթանյահուի դեմ հարուցված քրեական գործերի չեղարկման հարցը։

Այսպիսով, երկրորդ սցենարը ներառում է ոչ միայն Նեթանյահուի և ընդդիմադիր կուսակցությունների միջև կոալիցիոն համաձայնության հնարավորությունը, այլև գործող վարչապետի՝ հետագայում իշխանությունից հեռանալու շուրջ քննարկումները։

Երրորդ սցենար․ ընդդիմության համագործակցությունը արաբների հետ

Մելքոնյանի խոսքով՝ այս ընտրություններում արաբական հատվածը անսպասելիորեն մեծ թվով ձայներ է ստացել, ինչը թույլ չի տալիս ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը հեշտությամբ ձևավորել կառավարություն։

Խոսքը Իսրայելի քաղաքացի արաբների մասին է, որոնք կազմում են երկրի բնակչության մոտ մեկ հինգերորդը։ Քաղաքագետը նշել է, որ որոշ ընտրատեղամասերում նրանց մասնակցությունը հասել է 70-80 տոկոսի, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ գերազանցել 80 տոկոսը։ «Դա ֆենոմենալ ցուցանիշ է։ Նախկինում այդքան չէին գնում քվեարկության, այդպիսի ներգրավվածություն չկար», — ասել է նա։

Մելքոնյանը նաև նշել է, որ Իսրայելում շրջանառվում են տեղեկություններ, թե արաբ ընտրողներին քվեարկության գնալու համար գումար են բաժանել, սակայն ընդգծել է, որ դրանք հաստատված չեն։

Քաղաքագետի գնահատմամբ՝ արաբական կուսակցությունները կարող են վճռորոշ դեր ունենալ ընդդիմության հաղթանակի և կառավարության ձևավորման գործում։ Սակայն այս տարբերակն էլ բարդ է, քանի որ ընդդիմության ներկայացուցիչների և ղեկավարների մի մասը հայտարարում է, որ արաբների հետ որևէ պայմանավորվածություն չի կնքի։

Նեթանյահուի՝ արաբական ուժերի հետ համաձայնության գալը Մելքոնյանը գրեթե բացառված է համարում։ Հետևաբար, եթե արաբական կուսակցությունները մասնակցեն նոր կառավարության ձևավորմանը, դա կարող է տեղի ունենալ ընդդիմության հետ համագործակցության միջոցով։

Չորրորդ սցենար․ արտահերթ ընտրություններ

Եթե քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվի ձևավորել կառավարություն, Իսրայելը կարող է գնալ արտահերթ ընտրությունների։

Մելքոնյանը բացատրել է, որ նախ կառավարություն ձևավորելու հնարավորությունը տրվում է առավելագույն ձայներ ստացած ուժի ներկայացուցչին։ Նրան անհրաժեշտ է հավաքել առնվազն 61 պատգամավորի աջակցությունը։ Եթե դա չի հաջողվում, հնարավորությունը փոխանցվում է հաջորդ ուժի ներկայացուցչին, իսկ գործընթացի ձախողման դեպքում փորձը կարող է տրվել մեկ այլ թեկնածուի։ Եթե այդ ճանապարհով նույնպես չի հաջողվում ապահովել անհրաժեշտ աջակցությունը, նշանակվում են արտահերթ ընտրություններ։

Արտաքին կուրսի փոփոխություն չի լինելու


Նրա խոսքով, Իսրայելի երկարաժամկետ միտումները այդուհանդերձ ցույց են տալիս, որ Իսրայելի ընտրողների մեծամասնությունը քվեարկում է աջակողմյան քաղաքական ճամբարի օգտին։ Հետևաբար, իշխանության և ընդդիմության միջև հիմնական տարբերությունները պայմանավորված են ներքին քաղաքական խնդիրներով, մինչդեռ արտաքին քաղաքականության ընդհանուր ուղղությունը, ամենայն հավանականությամբ, էական փոփոխություններ չի կրի՝ անկախ նրանից, թե ով կգլխավորի կառավարությունը։

Մելքոնյանը, այնուամենայնիվ, չի բացառում արտաքին քաղաքականության որոշ նրբերանգների փոփոխություն՝ կախված իշխանության կազմից։


👉 Տարածաշրջան

Scroll to Top