Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր հանդիպումը Չինաստանում չի վերածվի «Յալթա-2»-ի, քանի որ աշխարհաքաղաքական գործընթացները դեռ չեն հասել այն փուլին, երբ հնարավոր կլինի վերջնականապես ամրագրել ուժերի նոր հարաբերակցությունն ու աշխարհի բաժանման պայմանավորվածությունները։ Այս մասին, մեկնաբանելով մեծ տերությունների հնարավոր համաձայնությունների հեռանկարները, ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այժմ տեղի ունեցող փոփոխություններն ու հակամարտությունները դեռ ընթացքի մեջ են, ուստի վաղ է խոսել նոր աշխարհակարգի վերջնական ձևավորման և դրա շուրջ ձեռք բերվելիք համաձայնությունների մասին։
«Այլևս չի կարելի առաջնորդվել սառը պատերազմի մտածողությամբ։ Երբ փորձում ես 1990-ականներից հետո տեղի ունեցող իրադարձությունները գնահատել այդ մտածողությամբ, աղետների ես հանգեցնում։ Հայաստանի իշխանությունների ողբերգությունը դա է»,– ասել է Սարգսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ միջազգային հարաբերությունները գնահատելիս շատերը տեղի ունեցող փոփոխությունները որակում են որպես գործող միջազգային նորմերի խախտում՝ անտեսելով այն հանգամանքը, որ արդեն նոր իրողություններ են ձևավորվել։ Սարգսյանի գնահատմամբ՝ առավելություն են ստանում նրանք, ովքեր կարողանում են ստեղծել նոր իրողություններ, մինչդեռ նախկին կարգերից կառչողները պարտվում են։
«Հնարավոր չէ այսօրվա իրավիճակը գնահատել այն նորմերով, որոնք ձևավորվել են 40 տարի առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Եթե փորձես այդպես անել, տանուլ կտաս»,– նշել է նա։
Անդրադառնալով պատմական պայմանավորվածությունների օրինակներին՝ Սարգսյանն ընդգծել է, որ դրանք երկարաժամկետ նշանակություն են ստանում այն ժամանակ, երբ ավարտվում են պատերազմներն ու ձևավորվում է ուժերի նոր հավասարակշռություն։ Միայն դրանից հետո է հնարավոր պայմանագրերով ամրագրել ստեղծված իրավիճակը։
«Այդ որոշումները, որոնք հարյուր տարի պահպանվում են, ընդունվել են այն ժամանակ, երբ ամբողջ գործընթացն ու պատերազմներն ավարտվել են, և ուժերի նոր բալանս է ձևավորվել։ Իսկ հիմա փոփոխությունները նոր են սկսվում, նոր են սկսվում կռիվները»,– ասել է քաղաքագետը։
Սարգսյանի խոսքով՝ մեծ տերությունների հնարավոր պայմանավորվածությունները պետք է դիտարկել հենց այս ընթացքի համատեքստում։ Հետևաբար, դեռ վաղ է ենթադրել, թե աշխարհը հասել է նոր իրողությունների վերջնական ամրագրման փուլին, և առաջնորդները կարող են պարզապես համաձայնության գալ ու բաժանել ազդեցության գոտիները։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը համամիտ է, որ այս պահին աշխարհը կանգնած է ոչ թե նոր պայմանավորվածությունների հաստատման, այլ նոր պատերազմների շեմին։
Աշխարհում առաջիկայում հաստատվելու է քաոս և անարխիա։ Ըստ նրա՝ այս ժամանահաշրջանում բոլոր պետությունները կփորձեն ուժի միջոցով իրացնել իրենց շահերը՝ օգտվելով ստեղծված հնարավորություններից։ “Ում սուրը ում վրա պատեց՝ իրացնելու է”, — նշեց նա։
Նման պայմաններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, քանի որ նման փաստաթուղթը կսահմանափակի Բաքվի գործողությունների ազատությունը։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը փորձելու է Հայաստանից կորզել հնարավոր առավելագույնը, իսկ եթե հարմար առիթ ստեղծվի, կարող է փորձել նաև ուժով վերցնել այն, ինչին ձգտում է։ Ղևոնդյանի կանխատեսմամբ՝ Ադրբեջանի հաջորդ թիրախները կարող են լինել Սյունիքը և Սևանը։ Քաղաքագետի խոսքով՝ ադրբեջանական կողմը հստակ գիտի, թե ինչ նպատակներ է հետապնդում։

