ՀՀ տնտեսական աճի 60%-ը պայմանավորված է արժույթի արժևորմամբ և գների աճով

Բյուջեի ծախսերի թերակատարումը կազմել է շուրջ 403 մլրդ դրամ

Կառավարությունը 2027 թվականին նախատեսում է վարել ոչ թե չեզոք, այլ չափավոր զսպող հարկաբյուջետային քաղաքականություն։ Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող հարկաբյուջետային քաղաքականությանը։

Նրա խոսքով՝ մասնավորապես, նախատեսվում է բյուջեի պակասուրդը 2026 թվականի համար ակնկալվող ՀՆԱ-ի 4 տոկոսից նվազեցնել մինչև 3.4 տոկոս։ Անանյանի գնահատմամբ՝ նման զսպումը ինքնին սխալ չէ, եթե դրա նպատակը գնաճային ճնշումների մեղմացումն ու պետական պարտքի կայունության պահպանումն է։ Սակայն, նրա կարծիքով, անհրաժեշտ է տարբերակել կանխամտածված հարկաբյուջետային զսպումը հաստատված ծախսային ծրագրերի թերակատարումից։

«Մի բան է գիտակցաբար զսպել պահանջարկը, բոլորովին այլ բան՝ չկարողանալ իրականացնել հաստատված ծախսային ծրագրերը և արդյունքում տնտեսությանը տալ նախատեսվածից պակաս ազդակ»,- նշել է նա։

Բյուջեի ծախսերի շուրջ 403 մլրդ դրամի թերակատարում

Որպես իր գնահատականի հիմնավորում՝ Դավիթ Անանյանը ներկայացրել է 2026 թվականի առաջին ինն ամիսների բյուջետային ցուցանիշները։ Նրա տվյալներով՝ այդ ժամանակահատվածում նախատեսված 474.4 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն արձանագրվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդ։

Այսպիսով, փաստացի ցուցանիշի և նախատեսված պակասուրդի միջև շեղումը կազմել է շուրջ 502 մլրդ դրամ։ Անանյանի հաշվարկով՝ այդ շեղման մոտ 80 տոկոսը պայմանավորված է ծախսերի շուրջ 403 մլրդ դրամ թերակատարմամբ։

Ծախսային հոդվածների կատարողականը նույնպես էականորեն տարբերվել է։ Ընթացիկ ծախսերի կատարողականը կազմել է 92.5 տոկոս, մինչդեռ կապիտալ ծախսերինը՝ ընդամենը 58.9 տոկոս։

Ավելին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 17.5 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը նվազել են 23.8 տոկոսով։

Անանյանի գնահատմամբ՝ այս տվյալները դեռ բավարար չեն ամբողջ տարվա հարկաբյուջետային քաղաքականությունը զսպող որակելու համար, սակայն հստակ ցույց են տալիս, որ տարվա առաջին ինն ամիսներին բյուջեի ազդեցությունը տնտեսության վրա նախատեսվածից զգալիորեն ավելի զսպող է եղել։ Մինչդեռ կառավարության կողմից հայտարարվել էր «թույլ խթանող» հարկաբյուջետային քաղաքականության մասին։

Չիրականացված ներդրումները տարեվերջին ծախսերով փոխհատուցել հնարավոր չէ

ՊԵԿ նախկին նախագահը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ամբողջ տարվա համար հայտարարված թույլ խթանող քաղաքականության ապահովումը մեծապես կախված է լինելու տարեվերջին պետական ծախսերի կտրուկ արագացումից։

Սակայն, նրա խոսքով, տարվա ընթացքում չիրականացված ներդրումները հնարավոր չէ պարզապես փոխհատուցել վերջին ամիսներին գումարներ ծախսելով։ Ներդրումների տնտեսական արդյունքը կախված է ոչ միայն հատկացված ֆինանսական միջոցներից, այլև դրանց իրականացման ժամանակից, որակից և հետևողականությունից։

Անանյանը խնդիրը դիտարկում է նաև պետական կառավարման առաջնահերթությունների տեսանկյունից՝ ընդգծելով ընթացիկ սոցիալական վճարումների և երկարաժամկետ ենթակառուցվածքային ներդրումների միջև տարբերությունը։

«Իշխանության համար սոցիալական վճարումը արագ տեսանելի արդյունք է, իսկ ենթակառուցվածքը պահանջում է տարիների հետևողական աշխատանք»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ հենց այս տարբերությունն է ցույց տալիս, թե արդյոք կառավարությունը կառուցում է պետության ապագան, թե սահմանափակվում այսօրվա քաղաքական ընկալումների կառավարմամբ։

Scroll to Top