Սահմանադրական նոր նախագիծը կարող է լայն հանրային և քաղաքական աջակցություն ստանալ, եթե դրա հիմքում իսկապես ժողովրդավարական բարեփոխումներն ու պետական ինստիտուտների ամրապնդումն են լինելու։ Սակայն եթե իշխանությունը որոշի նախագիծն ամեն գնով անցկացնել՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջանի պահանջի կատարման և խաղաղության պայմանագրի ստորագրման միակ ճանապարհ, ընդդիմությունը լուրջ փաստարկներ կունենա՝ պնդելու, որ Հայաստանի ներքին գործերին միջամտում է մեկ այլ պետություն։ Այս մասին ասել է քաղաքական մեկնաբան Բորիս Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ սահմանադրության նախագծի բովանդակության մասին դատողություններ անելուց առաջ անհրաժեշտ է սպասել դրա հրապարակմանը։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հասկանալ իշխանության իրական մտադրությունները և գնահատել, թե ինչ արձագանք կլինի ընդդիմության, փորձագիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության և ընդհանրապես հանրության կողմից։
Իշխանության առաջ երկու ճանապարհ կա
Նավասարդյանի գնահատմամբ՝ իշխող քաղաքական ուժն ունի երկու տարբերակ։ Առաջինը այնպիսի սահմանադրական նախագիծ ներկայացնելն է, որը լայն համաձայնություն կստանա առնվազն հասարակության ոչ քաղաքականացված շրջանակներում։ Նման փաստաթուղթը, նրա պատկերացմամբ, պետք է իրական հիմքեր ստեղծի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար, ապահովի պետական ինստիտուտների զարգացումը և պահպանի իշխանությունների տարանջատման սկզբունքը։
«Եթե դա տեղի ունենար, ապա, կարծում եմ, կոնսենսուսն իսկապես կարող էր լայն լինել։ Փորձագիտական շրջանակներից, քաղաքացիական հասարակությունից կլիներ աջակցություն, և ընդդիմության դիմադրությունն ավելի թույլ կլիներ, քան այն դեպքում, երբ հրապարակվելիք նախագծին սկսեն քննադատել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,- նշել է նա։
Նավասարդյանի խոսքով՝ նման նախագծի հրապարակումը իշխանության համար կարող է դառնալ այն ճանապարհը, որի դեպքում ընդդիմությունը զրկված կլինի համոզիչ հակափաստարկներից։ Ընդդիմությունը, անշուշտ, կարող է դիմադրել՝ ելնելով իր քաղաքական լիազորությունից, սակայն այդ դիմադրությունը թույլ կլինի և քաղաքացիների համար՝ ավելի քիչ համոզիչ։
Երկրորդ տարբերակը, ըստ քաղաքական մեկնաբանի, նախագիծն ամեն գնով անցկացնելն է՝ հիմնավորելով, որ դա Ադրբեջանի պահանջն է, և խաղաղության պայմանագրի ստորագրման ու վավերացման միակ ճանապարհը։
Նա զգուշացնում է, որ եթե իշխանությունն ընտրի այդ տարբերակը և նախագիծն ընդունելու համար կիրառի բոլոր հնարավոր միջոցները, ընդդիմությունը լուրջ փաստարկներ կունենա՝ հայտարարելու, որ տեղի է ունենում այլ պետության՝ տվյալ դեպքում Ադրբեջանի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին։
Քվեարկությունը պետք է լինի նախագծի բովանդակության մասին
Քաղաքական մեկնաբանը կարևոր է համարում նաև, թե ինչ հարցի շուրջ է կառուցվելու խորհրդարանական քննարկումն ու քվեարկությունը։ Նրա նախընտրած տարբերակն այն է, որ պատգամավորները քվեարկեն հենց սահմանադրության առաջարկվող տեքստի օգտին կամ դեմ՝ արտահայտելով իրենց վերաբերմունքը դրա բովանդակությանը։
Նավասարդյանի խոսքով՝ 100 տոկոսանոց կոնսենսուս, իհարկե, հնարավոր չէ ակնկալել, սակայն ցանկալի է, որ խորհրդարանի անդամների երկու երրորդը համաձայն լինի ներկայացված նախագծի բովանդակությանը։ Դա, նրա գնահատմամբ, քաղաքական զարգացման համար ավելի կառուցողական հիմքեր կստեղծի։
Մինչդեռ վերջին շրջանում հնչում են մեկնաբանություններ, թե խորհրդարանական քվեարկության իմաստն այն է, որ պատգամավորները որոշեն՝ արդյոք սահմանադրության նախագծի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը հանրաքվեի միջոցով։
Նավասարդյանը նման մոտեցումը համարում է ավելի թույլ գործընթաց՝ սահմանադրությունը բոլորի համար ընդունելի դարձնելու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ նախագիծը, ի վերջո, պետք է գնահատվի քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և տարբեր ոլորտների փորձագետների կողմից։
«Գոնե քաղաքական մակարդակով ընդունելի լինելու առումով ցանկալի կլիներ, որ այն երկու երրորդը կամ ավելին, որոնք քվեարկելու են և ճանապարհ են բացելու դեպի հանրաքվե, համաձայն լինեին այդ տեքստի հետ», — ընդգծել է Նավասարդյանը։

