Իշխանությունների գործողությունները գնալով ավելի կոշտ բնույթ են ստանալու

Իշխանությունների գործողությունները գնալով ավելի կոշտ բնույթ են ստանալու

Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում՝ Ազգային ժողովում արձանագրված ծեծկռտուքը, բռնաճնշումների շարունակվող շղթայի մաս են, որը սկսվել է դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում և աստիճանաբար ավելի խորանում է։ Այս մասին նշեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։ 

«Իշխանությունների գործողությունները գնալով ավելի կոշտ բնույթ են ստանալու, քանի որ այն խնդիրները, որոնք դրված են իրենց առաջ պահանջում են ոչ պոպուլիստական քայլեր», — ասաց նա։ Հիմնավորելով իշխանության գործելակերպի կոշտացման իր գնահատականը՝ Բաղդասարյանը նշեց, որ արդեն այսօր  վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների գնալ միայն այն դեպքում, երբ համոզված լինի, որ գործող ընդդիմադիր ուժերը չեն հայտնվի խորհրդարանում։

Փաշինյանը, ըստ էության, ուղիղ տեքստով ասել է, որ արտահերթ ընտրությունների կգնա, եթե 100 տոկոսով վստահ լինի, որ այդ քաղաքական ուժերը խորհրդարան չեն անցնելու։ Այս հայտարարությունը պետք է դիտարկել իշխանությունների վերջին գործողությունների համատեքստում, քանի որ այդ ուժերի ղեկավարները, ինչպես ընդգծում է Բաղդասարյանը, ներկայումս կալանքի տակ են. նրանցից մեկը տնային կալանքի տակ է, մյուսները՝ անազատության մեջ։

Բռնաճնշումների դրսևորումներ արձանագրվել են նաև ՏԻՄ ընտրությունների ընթացքում։ Քաղաքագետը հիշեցնում է, որ այս ՏԻՄ ընտրություններին կալանքի սպառնալիքով ստիպում էին առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, իսկ հրաժարվելու դեպքում նրանց ձերբակալում կամ կալանավորում էին։

Այս ամենը, նրա գնահատմամբ, պետք է դիտարկել որպես իշխանությունների ձևավորած գործելակերպ՝ նոր նորմալություն, որը հետագայում ավելի է ամրապնդվելու։ Խոսքը մի իրավիճակի մասին է, երբ իշխանություններին քննադատելու կամ լուրջ հարցեր բարձրացնելու փորձը կարող է արժանանալ ֆիզիկական հաշվեհարդարի։ «Սուս մնացեք, խելոք նստեք տեղներդ, այլապես մենք ձեզ կծեծենք», — այսպես է բնութագրում Բաղդասարյանը ձևավորվող մթնոլորտը։

Խոսնակը չի հավատում, որ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հնարավոր վարույթի շրջանակում իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի։ Նրա համոզմամբ՝ նախկինում տեղի ունեցած նմանատիպ դեպքերը ցույց են տալիս, որ իշխանական վերնախավը ոչ միայն չի պատժում նման վարքագիծ դրսևորողներին, այլև նրանց առաջխաղացման հնարավորություն է տալիս։

Որպես օրինակ՝ նա հիշեցնում է Սասուն Միքայելյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, որից հետո վերջինս կրկին ընդգրկվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում։ Մյուս օրինակը Վահագն Ալեքսանյանն է, որը, թեև նախկինում էլ  ծեծկռտուքի ամենաակտիվ մասնակիցներից էր, այժմ նույնիսկ կարգավիճակի  բարձրացում ունեցավ։

Այս օրինակները, ըստ քաղաքագետի, հստակ ազդակներ են իշխանական վերնախավի կողմից առ այն, որ նման վարքագիծը ոչ թե դատապարտվում է, այլ խրախուսվում։ Որքան ակտիվ է իշխանության ներկայացուցիչը մասնակցում ծեծկռտուքին, որքան բարձր է գոռում և հայհոյում, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դա դրականորեն կգնահատվի Նիկոլ Փաշինյանի կողմից, և նա հաջորդ ընտրական ցուցակում ավելի բարձր տեղ կզբաղեցնի։

Բաղդասարյանի գնահատմամբ՝ այսպիսով իշխանությունը ձևավորում է մի համակարգ, որտեղ քաղաքական հավատարմությունն ու դիրքերի ամրապնդումը կապվում են նաև բռնության դրսևորման և ագրեսիվ վարքագծի հետ։

👉 Քաղաքականություն

Scroll to Top