Նոյեմբերի 3-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել միգրացիոն օրենսդրության խստացմանն ուղղված նոր կարգավորումները, որոնք էապես ընդլայնում են օտարերկրյա քաղաքացիներին վարչական կարգով արտաքսելու հիմքերը։ Եթե նախկինում նման հիմքերի թիվը 22 էր, ապա այժմ այն հասել է 45-ի։ Խստացվել են նաև տուգանքները, իսկ մի շարք խախտումների դեպքում արտաքսումը դարձել է պարտադիր պատժամիջոց։
Միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ նոյեմբերից ուժի մեջ մտած փոփոխությունները Ռուսաստանի կողմից 2025 թվականից իրականացվող միգրացիոն քաղաքականության հետևողական խստացման շարունակությունն են։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը գրեթե ամեն ամիս նոր սահմանափակումներ է մտցնում օտարերկրյա քաղաքացիների՝ իր տարածքում գտնվելու, բնակվելու և աշխատելու կանոններում։
Փոփոխություններով ընդլայնվել են ինչպես Ռուսաստանի տարածքից վարչական վտարման, այնպես էլ վերահսկվող անձանց ռեեստրում ընդգրկվելու հիմքերը։ «Կան բաներ, որոնք նախկինում կարող էին ուղղակի տուգանքով սահմանափակվել, հիմա, բացի տուգանքից, կարող են նաև ավարտվել տարածքից վտարմամբ։ Եվ դա կարող է անել ոստիկանությունը՝ առանց դատարանի որոշման», — նշում է Բեժանյանը։ Նրա խոսքով՝ արտաքսման կարող է հանգեցնել օրինակ Ռուսաստանի սահմանին ռուսաստանցի զինծառայողի օրինական պահանջներին չենթարկվելը։
Բեժանյանը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ նոր սահմանափակումները կարող են գործնականում սահմանափակել օտարերկրյա աշխատողների բողոքի հնարավորությունները։ Օրինակ՝ եթե գործատուն աշխատավարձ չի վճարում, և աշխատողները որոշում են բողոքի ակցիա կազմակերպել, նման գործողությունները կարող են դիտարկվել որպես միգրացիոն օրենսդրության խախտում։ Փորձագետի խոսքով՝ բողոքի ակցիայի բնույթն ու դրա պատճառները հաշվի չառնելու դեպքում այն կարող է իրավական խնդիրներ առաջացնել մասնակիցների համար։
ԵԱՏՄ աշխատանքային արտոնությունը՝ ռիսկի աղբյուր
Անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների կարգավիճակին՝ Բեժանյանը նշում է, որ իրեն պարբերաբար հարցնում են, թե ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ ինչ առավելություններ ունեն հայաստանցիները Ռուսաստանում։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները միության մյուս երկրներում աշխատելու համար աշխատանքի թույլտվություն ստանալու կարիք չունեն։ Բավարար է գործատուի հետ կնքել աշխատանքային կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագիր։ Սա նրանց որոշակի ճկունություն է տալիս. եթե աշխատողի և գործատուի հարաբերությունները չեն ստացվում, կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը, իսկ Հայաստանի քաղաքացին կարող է տեղափոխվել Ռուսաստանի մեկ այլ մարզ և նոր գործատուի հետ նոր պայմանագիր կնքել։ Դրա համար նրան տրվում է 15 օր։
Փորձագետի խոսքով՝ այս հնարավորությունը առավելություն է աշխատանքի թույլտվությամբ աշխատողների համեմատ, քանի որ վերջիններիս թույլտվությունը կապված է կոնկրետ տարածքի և աշխատանքի հետ։ Սակայն Հայաստանի քաղաքացիների դեպքում օրինական գտնվելու իրավունքը մեծապես կախված է հենց աշխատանքային պայմանագրի առկայությունից։
Բեժանյանը նշում է, որ վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ գործատուները միակողմանիորեն դադարեցնում են պայմանագրերը՝ առանց աշխատողներին այդ մասին տեղեկացնելու։ Արդյունքում քաղաքացին կարող է միայն մեկ ամիս անց պարզել, որ հայտնվել է վերահսկվող անձանց ռեեստրում, քանի որ իր անունից այլևս հարկեր չեն վճարվել, իսկ աշխատանքային պայմանագիրն արդեն դադարեցված է եղել։ «Ամբողջ աբսուրդն այն է, որ գործատուին դրա համար տուգանում են, իսկ աշխատողին արտաքսում են։ Այսինքն՝ մեր քաղաքացին կարող է հանգիստ ոստիկանական բաժանմունքից վտարվել, դրա համար դատարանի որոշում պետք չէ», — ընդգծում է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ ստացվում է, որ ԵԱՏՄ շրջանակում աշխատանքի թույլտվություն չունենալու առավելությունը որոշ իրավիճակներում վերածվում է ռիսկի, քանի որ աշխատողը կարող է կորցնել Ռուսաստանում օրինական գտնվելու հիմքը՝ առանց դրա մասին ժամանակին տեղեկանալու։
Տուգանքներն աճել են, խախտումների հետևանքները՝ խստացել
Բեժանյանն անդրադառնում է նաև վարչական տուգանքների բարձրացմանը։ Ռուսաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18-րդ հոդվածը կարգավորում է երկրում գտնվելու և բնակվելու կանոնների խախտումներին առնչվող իրավահարաբերությունները։
Նրա խոսքով՝ մինչև նոյեմբերի 3-ը համապատասխան խախտումների համար նախատեսված տուգանքը 2-5 հազար ռուբլի էր, իսկ նոր կարգավորումներով այն դարձել է 4-7 հազար ռուբլի։ Միաժամանակ ընդլայնվել են այն խախտումների շրջանակը, որոնց համար տուգանքը կարող է ուղեկցվել նաև արտաքսմամբ։
Փորձագետը հիշեցնում է, որ նախկինում ևս Ռուսաստանում անօրինական գտնվելու տևողությունից կախված՝ նախատեսված էին մուտքի արգելքի տարբեր ժամկետներ։ Մասնավորապես, մինչև 90 օր անօրինական գտնվելու դեպքում մուտքի արգելքը կարող էր սահմանվել երեք տարով, 90-180 օրվա դեպքում՝ հինգ տարով, իսկ 180-270 և ավելի օրերի դեպքում՝ տասը տարով։
Բացի այդ, պահպանվում է նաև երեք տարվա ընթացքում երկու և ավելի վարչական իրավախախտում կատարելու դեպքում Ռուսաստանի մուտքի արգելք սահմանելու դրույթը։ Բեժանյանի խոսքով՝ այդ սահմանափակումը նույնպես պետք է լուրջ ուշադրության արժանանա Հայաստանի քաղաքացիների կողմից։
Հայաստանը պետք է ուժեղացնի արտերկրում գտնվող քաղաքացիների պաշտպանությունը
Խոսելով ստեղծված իրավիճակում Հայաստանի անելիքների մասին՝ Բեժանյանը կարևորում է արտերկրում գտնվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության պետական մեխանիզմների ուժեղացումը։ Նրա խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությամբ պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, սակայն գործնականում այդ պաշտպանությունը միշտ չէ, որ պատշաճ մակարդակի վրա է։
Փորձագետի գնահատմամբ՝ հաշվի առնելով, որ Հայաստանից աշխատանքային միգրացիոն հիմնական հոսքերից մեկը շարունակում է ուղղվել դեպի Ռուսաստան, անհրաժեշտ է այդ երկրում ունենալ ներկայացուցիչ, որի անմիջական պատասխանատվությունը կլինի հայ աշխատանքային միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանությունը։
Բեժանյանը չի բացառում, որ նման աշխատանքային կցորդներ կարող են անհրաժեշտ լինել նաև Հայաստանի այլ երկրների դեսպանատներում և հյուպատոսարաններում, եթե այդ ուղղություններով ևս մեծանան աշխատանքային միգրացիոն հոսքերը։ Սակայն, նրա համոզմամբ, առաջնահերթությունը պետք է տրվի այնտեղ, որտեղ Հայաստանի քաղաքացիների ներկայությունն առավել մեծ է։
Նա առաջարկում է օգտվել այլ երկրների փորձից և աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության համար ձևավորել գործուն ինստիտուցիոնալ մեխանիզմ՝ հյուպատոսական ծառայությունների ներկայիս սահմանափակ հնարավորությունները որպես անգործության պատճառ չդիտարկելով։ «Քաղաքացու իրավունքները միայն փաստաթուղթ տրամադրելով չենք պաշտպանում։ Քաղաքացու իրավունքները պետք է պաշտպանել նաև տեղում», — ընդգծում է Բեժանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հյուպատոսարանները չպետք է սահմանափակվեն միայն միգրացիոն և քաղաքացիության հարցերով փաստաթղթային ծառայություններ մատուցելով։ Պետությունը պետք է կարողանա իրական աջակցություն ցուցաբերել արտերկրում հայտնված իր քաղաքացիներին, այդ թվում՝ աշխատանքային հարաբերությունների, գործատուների հետ վեճերի և միգրացիոն օրենսդրության խախտումների հետևանքով առաջացած խնդիրների դեպքում։

