Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոյեմբերի 8-ին Բաքու նախատեսվող այցը վկայում է, որ Անկարայի և Բաքվի հարաբերություններում առաջացած լարվածությունն ավելի խորն է, քան պաշտոնապես ներկայացվում է։ Քաղաքական մեկնաբան Արտյոմ Երնկանյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ միայն դժգոհ է Թուրքիայից, այլև փորձում է սահմանափակել թուրքական ազդեցությունն իր երկրում՝ միաժամանակ տնտեսական լծակներ կիրառելով Անկարայի նկատմամբ։
Երնկանյանի խոսքով՝ Էրդողանը փաստացի ստիպված է արձագանքել Ալիևի դեմարշին։ Ադրբեջանի նախագահը բոյկոտել էր Անկարայում կայացած Թյուրքական պետությունների գագաթնաժողովը, ինչից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ անձամբ կմեկնի Բաքու՝ քննարկելու երկու երկրների հարաբերությունները։
Հարավային Կորեայից Անկարա վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել էր, որ, եթե անսպասելի հանգամանքներ չառաջանան, այցը կկայանա նոյեմբերի 8-ին։ Այդ ամսաթիվը պատահական չէ ընտրված․ Ադրբեջանում այդ օրը նշվում է «հաղթանակի» օր՝ կապված 2020 թվականի արցախյան պատերազմի ավարտի հետ։ Պատասխանելով Ալիևի հետ հարաբերությունների ներկա վիճակի մասին հարցին՝ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը չունի այնպիսի պատնեշներ, որոնք հնարավոր չէ հաղթահարել։ «Այսպիսով, նա անուղղակիորեն հաստատեց, որ այդ եղբայրական հարաբերություններում պատնեշներ կան։ Պարզապես դրանք այնպիսին չեն, որոնք հնարավոր չէ հաղթահարել», — մեկնաբանել է Երնկանյանը։
Քաղաքական մեկնաբանի ուշադրությունը գրավել է նաև Էրդողանի մեկ այլ հայտարարություն․ Թուրքիայի նախագահի հանձնարարությամբ արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը մեկնել էին Բաքու՝ երկու երկրների հարաբերությունները քննարկելու նպատակով։ Երնկանյանի գնահատմամբ՝ սա նշանակում է, որ Անկարայի և Բաքվի միջև ճգնաժամը սկսվել է ոչ թե հոկտեմբերին, ինչպես ենթադրվում էր, այլ առնվազն սեպտեմբերի սկզբին։ Ընդ որում, պատմության մեջ, թերևս, առաջին անգամ էր, որ Թուրքիայի արտգործնախարարը մեկ ամսվա ընթացքում երկու անգամ այցելում էր Բաքու։
Թուրքական ազդեցությունը՝ Ալիևի մտահոգության կենտրոնում
Երնկանյանի համոզմամբ՝ հիջաբի և Իսրայելի նկատմամբ Անկարայի ու Բաքվի տարբեր վերաբերմունքի շուրջ տարաձայնությունները լարվածության իրական պատճառները չեն, այլ ընդամենը պատրվակ։ Դրանցից մեկը, նրա գնահատմամբ, Ադրբեջանում թուրքական ազդեցության ընդլայնումն է։
Քաղաքական մեկնաբանը, վկայակոչելով Ադրբեջանի վարչակազմի հետ սերտորեն համագործակցող «Կովկաս Ինֆո» պարբերականի հրապարակումը, նշում է, որ Ալիևին հատկապես անհանգստացնում է թուրքական հետախուզության կողմից Ադրբեջանում հասարակական, կրոնական, մշակութային և բարեգործական կազմակերպությունների միջոցով ազդեցության ցանցի զարգացումը։
Պարբերականի պնդմամբ՝ այդ կազմակերպությունները ներկայանում են որպես մարդասիրական, մշակութային և բարեգործական կառույցներ, սակայն իրականում սպասարկում են Թուրքիայի պետական շահերը, հետախուզական տեղեկություններ են հավաքագրում և նպաստում թուրքական գործակալական ցանցի ամրապնդմանը։
Հրապարակման մեջ հիշատակվում են, մասնավորապես, Մարդու իրավունքների և մարդասիրական աջակցության հիմնադրամը, Երիտասարդներին աջակցության հիմնադրամը, Իսլամական մարդասիրական հիմնադրամը և Ազիզ Մահմուդ Հուդայի հիմնադրամը։ Ըստ պարբերականի՝ դրանք համակարգվում են մեկ կենտրոնից և ծառայում նույն նպատակին։ Երնկանյանի կարծիքով՝ այդ կառույցների գործունեությունը հավանաբար համակարգվում է Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության՝ TİKA-ի միջոցով։ Նա հիշեցնում է, որ այդ կառույցը կապված է Թուրքիայի հետախուզական համակարգի հետ, իսկ Հաքան Ֆիդանը ժամանակին ղեկավարել է այն։
Մեկնաբանը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Ֆիդանի՝ Բաքու կատարած վերջին այցի ընթացքում հանդիպում էր տեղի ունեցել Երիտասարդներին աջակցության հիմնադրամի ղեկավարների հետ։ Երնկանյանի գնահատմամբ՝ հանդիպման հրապարակային բնույթը կարող էր նաև քաղաքական ուղերձ լինել Ալիևին, որ Անկարան մտադիր չէ թաքցնել Ադրբեջանում իր ազդեցության կառույցների զարգացումը։ Քաղաքական մեկնաբանը հիշատակում է նաև շվեդական Nordic Monitor պարբերականի տեղեկությունը, ըստ որի՝ Ալիևը քննարկել է այդ կազմակերպությունների գործունեությունն արգելելու հնարավորությունը։
Երնկանյանը զուգահեռ է անցկացնում ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունների՝ ռուսական ազդեցության կառույցների նկատմամբ ձեռնարկած քայլերի հետ։ Ադրբեջանում արգելվել էր «Սպուտնիկ» գործակալության գործունեությունը, ինչպես նաև փակվել էին «Մոսկվայի տունը», «Ռուսական տունը» և ռուսական ազդեցության այլ կառույցներ, որոնք Բաքվում ընկալվում էին որպես Կրեմլի փափուկ ուժի գործիքներ։ «Փաստորեն, Ալիևը փորձում է նույնն անել նաև թուրքական փափուկ ուժի գործիքների նկատմամբ։ Մի կողմից՝ նա հաճախ հայտարարում է, որ թուրքերը իր եղբայրներն են, մյուս կողմից՝ դավադրություն է փնտրում անգամ այդ եղբայրների կողմից», — նշել է Երնկանյանը։
Նա հիշեցնում է նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի ձերբակալության դեպքը։ Ալիևը Մեհդիևին մեղադրել էր Կրեմլի պատվերով ապստամբություն նախապատրաստելու փորձի մեջ։ 89-ամյա նախկին պաշտոնյան դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։ Երնկանյանի գնահատմամբ՝ Բաքուն, փաստորեն, Ռուսաստանից հետո փորձում է վերահսկողության տակ վերցնել նաև թուրքական ազդեցության հնարավոր կենտրոնները։ Սակայն այս գործընթացում Ալիևի գործողություններն արդեն նմանվում են դավադիրների և արտաքին ազդեցության գործակալների նկատմամբ հետապնդման մոլուցքի։
Ալիևի տնտեսական լծակները և Թուրքիայի ֆինանսական խոցելիությունը
Երնկանյանը համոզված է, որ Ալիևն ունի Էրդողանի վրա ազդելու լրացուցիչ գործիքներ, որոնք հիմնականում տնտեսական բնույթ են կրում։ Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը համընկել է Թուրքիայի ֆինանսական վիճակի վատթարացման հետ։ Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, հերթական անկումից հետո արձանագրել էր պատմական նվազագույն ցուցանիշը։
Մեկնաբանը հիշեցնում է, որ նախկինում նման իրավիճակներում Թուրքիայի Կենտրոնական բանկը փորձում էր միջամտել՝ արտարժութային ներարկումների միջոցով կայունացնելով ազգային արժույթը։ Սակայն այս անգամ Անկարան, ըստ նրա, չի կարողացել ստանալ այն աջակցությունը, որի վրա նախկինում կարող էր հույս դնել։
Երնկանյանը որպես օրինակ բերում է 2022 թվականը, երբ Թուրքիայի ֆինանսական դժվարությունների պայմաններում օգնության էր հասել Ադրբեջանը։ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամն այդ ժամանակ հայտարարել էր Թուրքիայի Կենտրոնական բանկում մի քանի միլիարդ դոլարի ավանդ տեղադրելու մտադրության մասին, ինչը նպաստել էր լիրայի կայունացմանը։
Այս անգամ, սակայն, Բաքուն, քաղաքական մեկնաբանի գնահատմամբ, մտադիր չէ նման աջակցություն ցուցաբերել։ Ավելին՝ նա կարծում է, որ Ադրբեջանը կարող է տնտեսական միջոցներ փնտրել Թուրքիայի վրա հակառակ ուղղությամբ ազդելու համար։
Այս համատեքստում Երնկանյանը կարևորում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած «Դեյ Ազ» պարբերականի հրապարակումը, որի վերնագիրն ինքնին քաղաքական ուղերձ էր՝ «Ադրբեջանի բյուջեն թուրքական տնտեսության պահուստային հիմնադրամը չէ»։
Մեկնաբանի համոզմամբ՝ Ալիևն օգտագործում է իր տնտեսական հնարավորությունները՝ Էրդողանի հետ բանակցություններից առաջ ավելի շահեկան դիրքեր ապահովելու համար։
Որպես այդ հնարավորությունների օրինակ՝ նա հիշատակում է Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության ներդրումները Թուրքիայում։ SOCAR-ը Թուրքիայի խոշորագույն օտարերկրյա ներդրողն է․ նրա ներդրումները երկրի էներգետիկ, նավթաքիմիական և լոգիստիկ ոլորտներում կազմում են շուրջ 20 միլիարդ դոլար։
Այսպիսով, նրա գնահատմամբ, նոյեմբերի 8-ին Բաքու Էրդողանի այցը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ալիևը փորձում է միաժամանակ սահմանափակել թուրքական քաղաքական և հետախուզական ազդեցությունը Ադրբեջանում և օգտագործել տնտեսական լծակները՝ Անկարայի հետ հարաբերություններում իր դիրքերն ամրապնդելու համար։

