ԱՄՆ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները նոր հնարավորություններ են ստեղծում հայկական լոբբիստական կազմակերպությունների համար։ Հայ համայնքի աջակցությունը վայելող թեկնածուների ավելի քան 92%-ը հաղթել է ընտրություններում, իսկ մի շարք ընտրատարածքներում հայ ընտրողների ձայները կարող էին վճռորոշ նշանակություն ունենալ։ Այս մասին նշել է քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին։
Նրա խոսքով՝ հայկական կազմակերպությունները հիմնականում աջակցել են դեմոկրատ թեկնածուներին, որոնք վերջին շրջանում ավելի հաճախ են հանդես եկել հայանպաստ նախաձեռնություններով։ Հայ համայնքի աջակցությունը վայելող 64 թեկնածուներից 50-ը դեմոկրատներ էին։
Հայկական կազմակերպությունների աջակցությունը վայելող Սենատի վեց թեկնածուներն էլ հաղթել են՝ արձանագրելով համոզիչ արդյունքներ։ Առանձնապես կարևոր էր Նյու Հեմփշիրում կայացած ընտրությունը, որտեղ դեմոկրատ Քրիս Պապասը հաղթել է ադրբեջանական լոբբիի ազդեցիկ ներկայացուցիչ Ջոն Սունուին, որը սերտ կապեր է պահպանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Միչիգանում հաղթել է Աբդուլ Էլ-Սայեդը, որը Սենատում կլինի առաջին մահմեդական սենատորը։ Ընտրվելուց հետո, դիմելով հայ ընտրողներին, նա հայտարարել է, որ պաշտպանելու է հայ ժողովրդի արժանապատվությունը, անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը։
Հաջող արդյունքներ են արձանագրվել նաև Ներկայացուցիչների պալատի ընտրություններում։ Կոնգրեսի հայկական խմբի չորս համանախագահները՝ Ֆրենկ Փալոունը, Բրեդ Շերմանը, Դեյվիդ Վալադաոն և Գաս Բիլիրակիսը, վերընտրվել են։ “Հաղթել են նաև մեզ համար այդպիսի կարևոր կոնգրեսականներ, ինչպիսիք են Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Դիտա Դիտուսը և Ռոբ Մենենդեսը՝ Բոբ Մենենդեսի որդին”, — նշել է նա։
Կալիֆոռնիայի 30-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է հայաշատ Գլենդել, Բըրբենք և Հոլիվուդ քաղաքները, հաղթել է հայ համայնքի աջակցությունը վայելող դեմոկրատ Լորա Ֆրիդմանը՝ Գլենդելի նախկին քաղաքապետը։
Երկանյանի գնահատմամբ՝ որոշ ընտրատարածքներում հաղթողների և պարտվողների միջև ձայների տարբերությունը փոքր է եղել հայ ընտրողների թվից։ Սա նշանակում է, որ հայ համայնքը որոշ դեպքերում կարող էր կանխորոշել ընտրությունների արդյունքը՝ իր աջակցությունը ցուցաբերելով այս կամ այն թեկնածուին։
Նահանգային ընտրությունների շրջանակում կարևոր նշանակություն է ունեցել նաև Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրությունը։ Հայ համայնքի աջակցությունը վայելող քաղաքական գործիչ Խավիեր Բեկերը հաղթել է ընտրություններում։ Երկանյանի խոսքով՝ Բեկերը, որպես նախկին կոնգրեսական, հանդես է եկել մի շարք հայանպաստ նախաձեռնություններով, ինչը գնահատվել է համայնքի կողմից։
Ադրբեջանական լոբբիի թեկնածուների արդյունքները
Ընտրություններից առաջ հայկական կազմակերպությունները հրապարակել էին Կապիտոլիումում Ադրբեջանի շահերը պաշտպանող 10 կոնգրեսականների թեկնածուների ցանկը։ Նրանցից միայն հինգն են հաղթել։
Հաղթածների թվում են Ադրբեջանի համար կարևոր համարվող կոնգրեսականներ Հենրի Կուելերը և Աննա Պաուլինա Լունան։ Երկանյանը նշել է, որ Կուելերը, ըստ որոշ տեղեկությունների, Ադրբեջանի վարչակազմից ավելի քան 600 հազար դոլար կաշառք է ստացել։ Լունան էլ ակտիվորեն զբաղվում է ԱՄՆ-ի՝ Ադրբեջանին ռազմական օգնության սահմանափակումներ նախատեսող 907-րդ բանաձևի փոփոխության հարցով և բազմիցս հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական լոբբիի մի շարք ազդեցիկ ներկայացուցիչներ պարտություն են կրել ընտրություններում։
Հայազգի թեկնածուների արդյունքները
Կալիֆոռնիայի 49-րդ ընտրատարածքում հանրապետական Արմեն Քուրդյանը պարտվել է դեմոկրատ Մայքլ Լևինին։ Հայկական կազմակերպությունները նախընտրել էին աջակցել Լևինին՝ հաշվի առնելով նրա հայ համայնքի հետ աշխատանքի փորձը և ընտրություններում հաղթելու ավելի բարձր հավանականությունը։ Չնայած պարտությանը՝ Քուրդյանը ստացել է ձայների ավելի քան 41%-ը։
Կալիֆոռնիայի նահանգային օրենսդիր մարմնի ընտրություններում հաջողություն է գրանցել Ջոն Հարապետյանը, որը վերընտրվել է 41-րդ ընտրատարածքից։ Իսկ Նյու Յորքի 71-րդ ընտրատարածքում հայկական արմատներ ունեցող Ժուլիեն Սեգուրան պարտվել է։
Արտյոմ Երկանյանի գնահատմամբ՝ ընտրությունների արդյունքները վկայում են հայկական համայնքի քաղաքական ազդեցության մասին։ Մի շարք ընտրատարածքներում հայ ընտրողների ձայները կարող են վճռորոշ լինել, ինչն ընդգծում է համայնքի շահերը հաշվի առնելու կարևորությունը։

