Իրանը Երևանի միջոցով փորձում է համագործակցության նոր հարթություն ձևավորել Եվրամիության հետ հարաբերություններում՝ ոգտվելով որոշ ռազմավարական հարցերում ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առկա հակասություններից։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի արված հայտարարություններում այդ ազդակը բավական հստակ է ու հատկապես ուշագրավ՝ հաշվի առնելով Թեհրանի և եվրոպական երկրների ներկայիս բարդ հարաբերությունները։
Ինչ էր ակնարկում դեսպանը
Բադալյանը հիշեցրեց, որ Իրանի դեսպանն իր խոսքում նշել է, որ Եվրամիության և Իրանի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասով, ունեն զգալի ընդհանրություններ։ Բադալյանի գնահատմամբ՝ սա բավական անսպասելի հայտարարություն է, քանի որ Իրանը կարծես թե մինչ այժմ նման շեշտադրմամբ չի արտահայտվել Եվրամիության մոտեցումների և դերի վերաբերյալ։
«Իրանի դեսպանի արած հայտարարությունն ուշագրավ է՝ նաև հաշվի առնելով այն, որ Իրանը ներկայումս հենց նույն եվրոպական երկրների հետ կամ, համենայն դեպս, դրանցից շատերի հետ գտնվում է բավականին բարդ հարաբերության մեջ»,- նշել է քաղաքական մեկնաբանը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրներից շատերը Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը փակ պահելու համար։ Հորմուզի նեղուցի փակ լինելը, որի գլխավոր արգելափակոցը, բնականաբար, սահմանել է Իրանը, լրջագույն էներգետիկ խնդիրներ է առաջացնում Եվրամիության համար։
Բադալյանի խոսքով՝ դեսպանը ակնարկում կամ հայտարարում է, որ ըմբռնումով են մոտենում այն ռազմավարական խնդրին, որն ունի Երևանը՝ ծով ելք չունենալու պայմաններում գտնել դեպի միջազգային շուկաներ տարբեր կապեր և ուղիներ։ Այստեղ, ըստ քաղաքական մեկնաբանի, բնականաբար, ակնարկվում է նաև Եվրամիության հետ հարաբերությունը։
«Եվ Իրանը առաջարկում է, համենայն դեպս, դեսպանի հայտարարության տողատակում, որպեսզի այդ աշխատանքը դիտարկվի տարբեր ռեգիոններ կապելու, կապուղի լինելու տրամաբանության շրջանակում և ըստ այդմ նաև ապահովվի հայ-իրանական ռազմավարական գործընկերություն և ինստիտուցիոնալ հարաբերության որակական աճ»,- ասել է Բադալյանը։
Թրամփի ուղին՝ Իրանի համար ռազմավարական մարտահրավեր
Դեսպանի հայտարարությունը, Բադալյանի խոսքով, հետաքրքիր է այն մոտեցման համատեքստում, որն Իրանն արտահայտում է Թրամփի ուղու վերաբերյալ։ Թեհրանը միշտ նշում է, որ Իրանի համար անհանդուրժելի է ԱՄՆ ռազմական ներկայությունը։
Բադալյանի գնահատմամբ՝ խոսքը պարզապես բառի իրավաբանական իմաստով ամերիկյան զինուժի կամ անվտանգային պետական որևէ կառույցի ներկայության մասին չէ։«Անկասկած է, որ անվտանգային որևէ այլ կազմակերպություն, որ կձևավորվի Թրամփի ուղու շրջանակում, ենթադրելու է հենց ամերիկյան ռազմական ներկայություն, եթե չասենք՝ ամերիկա-իսրայելական կամ պարզապես իսրայելական ռազմական ներկայություն»,- նշել է նա։
Բադալյանի խոսքով՝ այստեղ հնարավոր է պատկերացնել տարբեր կոնֆիգուրացիաներ, սակայն բոլոր դեպքերում դա ռազմավարական մարտահրավեր է լինելու Իրանին, և այդ մարտահրավերը միշտ արձանագրվում է։ Միևնույն ժամանակ, քաղաքական մեկնաբանի համար հատկանշական է այն, որ այս ֆոնին Իրանը, օգտագործելով երևանյան քննարկման հարթակը, իր դեսպանի մակարդակով բավական ուշագրավ ազդակ է հղում նաև եվրոպական երկրներին, Եվրամիությանը և դրա որոշ անդամներին։ «Եթե ԵՄ-ում, իհարկե, կան այդ ազդակները ընկալելու, ընդունելու, քաղաքական մշակման ենթարկելու պատրաստ էլիտաներ»,- նկատել է Բադալյանը։
Իրանը փորձում է օգտագործել ամերիկա-եվրոպական հակադրությունը
Բադալյանի խոսքով՝ հաշվի առնելով Թրամփի ուղու շրջանակում ամերիկյան ներկայության նկատմամբ Իրանի մոտեցումները՝ դեսպանի ազդակը դեպի Եվրոպա հատկապես հետաքրքիր է, քանի որ Թրամփի ուղու ծրագրի, ինչպես նաև առհասարակ Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների և Միջին միջանցքի հարցում ակնհայտորեն բախվում են ամերիկա-եվրոպական շահերը։
Նրա խոսքով՝ այստեղ դրսևորվում է Թրամփի մրցակցությունը եվրոպական լիբերալ-գլոբալիստական էլիտաներին փոխարինած ներկայիս Եվրամիության կառավարող էլիտաների հետ։ «Եվրոպացիները, ըստ էության, դուրս են մնում Միջին միջանցքի համար պայքարում, առնվազն իրավական տեսանկյունից, որովհետև Միացյալ Նահանգները ամրագրել են իրենց իրավունքը Թրամփի ուղու միջոցով, իսկ Եվրոպան որևէ իրավական ամրագրում այստեղ գործնականում չունի, թեև ունի հռետորաբանության իմաստով կամ որոշակի դեկլարատիվ կառույցների իմաստով բավականին ընդլայնված ներգրավվածություն։ Բայց դա քիչ է։ Գետնի վրա կարևոր է իրավունքը, ինչը Եվրամիությունը այսօր չունի»,- ասել է Բադալյանը։
Այս ֆոնին, Բադալյանի կարծիքով, Իրանը թերևս փորձում է օգտագործել ամերիկա-եվրոպական հակադրությունն ու Միջին միջանցքի համար մրցակցությունը՝ իր կովկասյան քաղաքականության ճկունության որոշակի նոր աստիճան ապահովելու համար։ «Եվ փաստացի առաջարկում է Եվրամիությանը գործակցել Երևանի միջոցով»,- ասել է նա։
Երևանի միջոցով՝ Եվրամիություն, իսկ ավելի լայն իմաստով՝ նաև Ռուսաստան
Թե ինչպիսի վերաբերմունքի կարժանանա այդ առաջարկը եվրոպական էլիտաներում, ըստ Բադալյանի, կախված է նաև այն հանգամանքից, թե այդ էլիտաները որքան լրջորեն կարող են դիտարկել Ռուսաստանի հետ իրենց հարաբերության անհրաժեշտությունը եվրոպական անվտանգության ճարտարապետության համատեքստում։
Նա ընդգծում է, որ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը դիտարկելիս այլևս պետք չէ մոռանալ դրա առանցքային բաղադրիչը՝ ռուս-իրանական մեծ ռազմավարական համապարփակ պայմանագիրը, որը կնքվել է 2025 թվականի հունվարի 17-ին և ուժի մեջ է մտել նույն թվականին՝ վավերացվելով թե՛ Ռուսաստանում, թե՛ Իրանում։
Բադալյանի խոսքով՝ այդ պայմանագիրը զգալիորեն կանխորոշում է նաև Իրանի տարածաշրջանային դերը ոչ միայն կովկասյան, այլև որոշակի իմաստով Մերձավոր Արևելքի և կենտրոնաասիական ուղղությամբ։ Այս տեսանկյունից, նրա գնահատմամբ, Իրանը փորձում է Երևանի միջոցով բավականին բարդ հանգույցի առաջարկ անել Եվրամիությանը։
«Գուցե դիտարկելով նաև այդ կերպ՝ Երևանի միջոցով հարաբերության բերել Եվրամիության հետ, իսկ լայն իմաստով ապահովել իր միջոցով Եվրամիության հնարավոր խոսակցություն Ռուսաստանի հետ՝ տեսնելով, որ առայժմ որևէ այլ խողովակով խոսակցություն չի ստացվում»,- ասել է Բադալյանը։

